Երևանի քաղաքապետարանը մեկ տարվա մշակութային միջոցառումների կազմակերպումը վստահել է խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությանը

article-image

Ինչպես տեղեկանում ենք գնումների հաշվետվողականության ARMEPS համակարգից, Երևանի քաղաքապետարանը Նուբարաշեն վարչական շրջանում մեկ տարվա ընթացքում անցկացվելիք տարբեր մշակութային միջոցառումների կազմակերպման համար գնանշման հարցման եղանակով  8.351.000 դրամի պայամանագիր է կնքել Կարապետ Սահակյան Ա/Ձ-ի հետ:

2014թ. ստեղծված Կարապետ Սահակյան Ա/Ձ-ն, որն առաջին անգամ է համագործակցում Երևանի քաղաքապետարանի հետ, ունի ընդամենը 1-3 գրանցված աշխատակից: Այս մասին տեղեկանում ենք վերը նշված Ա/Ձ-ի՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարած գումարի չափից:

Բացի այդ, համաձայն ՀՀ հարկային ծառայության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ Կարապետ Սահակյան Ա/Ձ-ն զբաղվում է բուրավետացրած կամ քաղցրացրած ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, ուստի մշակութային միջոցառումները այս կազմակերպությանը վստահելը խիստ մտահոգիչ է և հատկապես այն պարագայում, երբ այս ընկերությանը խոշոր գումարի դիմաց վստահվել է միանգամից մեկ տարվա մշակութային միջոցառումների կազմակերպում, ինչն իր հերթին ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

Բուրավետացրած կամ քաղցրացրած ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող այս ընկերությանը տրամադրված 8.351.000 դրամը Նուբարաշեն վարչական շրջանում մեկ տարվա մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպման համար բաշխվել է հետևյալ կերպ. 225.000 դրամ հատկացվել է Բանակի օրվա միջոցառման համար, 175.000 դրամ հատկացվել է Տեառնընդառաջի, 319.500 դրամ հատկացվել է Կանանց տոնի՝ մարտի 8-ի, 183.000 դրամ դրամ հատկացվել է Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7, 94.000 դրամ հատկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, 222.000 դրամ հատկացվել է Աշխատավորի օրվա, 467.000 դրամ հատկացվել է Հաղթանակի տոնի, 182.000 դրամ հատկացվել է Վերջին զանգի, 549.000 դրամ հատկացվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա, 2.990.000 դրամ հատկացվել է Նուբարաշենի հիմնադրման օրվա, 229.500 դրամ հատկացվել է Գիտելիքի, գրի և դպրության օրվա, 462.000 դրամ հատկացվել է Անկախության տոնի183.000 դրամ հատկացվել է Ուսուցչի օրվա և Գրադարանավարի օրվա, 2.070.000 դրամ հատկացվել է Ամանորի  միջոցառումների անցկացման համար:

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պայմանագիր է կնքել Կարապետ Սահակյան Ա/Ձ-ի հետ՝ խոշոր գնում կատարելով: Եվ որ ամենաանհասկանալին է, մշակութային տարբեր միջոցառումների՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի, Հաղթանակի տոնի, Մայրության և գեղեցկության տոնի, Ուսուցչի օրվա և Գրադարանավարի օրվա և այլ մշակութային միջոցառումները կազմակերպվելու են բուրավետացրած կամ քաղցրացրած ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն