Հերթական քարոզչական աղմուկը. Աշոտ Սարգսյանի տեսանյութի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում իրավախախտման համար վարչական արձանագրություն չի կազմվել

article-image

2019 թվականի ամենաքննարկված և խնդրահարույց թեմաներից մեկը Երևանի աղբահանության խնդիրն էր։ Շուրջ 4-5 ամիս Երևանի բոլոր վարչական շրջանները լեփ-լեցուն էին աղբով, ինչը օրեր, երբեմն շաբաթներ շարունակ չէր հավաքվում՝ առաջացնելով հակահիգիենիկ և հակասանիտարական վիճակ։ Խնդիրն առավել ակնհայտ ու տհաճ դարձավ ամռան տաք ամիսներին, երբ շոգի պատճառով, բացի էսթետիկ խնդրից, աղբի հոտը հասնում էր բնակելի տներ։ Ահա այս պայմաններում մարդիկ պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում իրենց բնակելի շենքերից, աշխատավայրերից՝ բողոքելով աղբի առկայությունից և մեղադրելով Երևանի քաղաքապետարանին խնդրին պատշաճ լուծում չտալու համար։ Քաղաքապետարանը, իհարկե, գտնում էր իր արդարացումները՝ ինքն էլ իր հերթին մեղադրելով «Սանիթեք» ընկերությանը, իսկ երբեմն նաև` բնակիչներին։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեսանյութ հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում` «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել!!!» կից գրառմամբ՝ մեղադրանքներ հնչեցնելով աղբը թափելու միջոցով «սաբոտաժ անելու» և «դիտավորություն» դրսևորելու մեջ։

 

Աշոտ Սարգսյանի կողմից հրապարակված տեսանյութում, որն արվել էր Արշակունյաց պողոտայում՝ դեպի «Ձյունիկ» սառնարան տանող ճանապարհին, և որում Սարգսյանը նկարագրում էր խոշոր բեռնատաով աղբը միտումնավոր փողոցում նետելը, ասվում է. «Էս ֆուռով բերել են «սիրուն» սաղ ստեղ դատարկել են: Խնդրեմ, առավոտը ֆոտոները լցնելու էին ինտերնետ ու գոռային, աղբը, աղբը… Այ սրա համար ա սաղ արվել: Մի ֆուռ աղբ բերել են, այ սենց էլ սենսացիոն ֆոտոներ են հայտնվում ինտերներում հետո, էս օրը պիտի գար, որ ապացուցվեր»:

Տեսանյութը մեծ տարածում ունեցավ և բազմաթիվ քննարկումների ու ենթադրությունների առարկա դարձավ։ Աշոտ Սարգսյանի թիրախային լսարանը, հասկանալով Սարգսյանի հայտարարությունների ենթատեքստը, սկսեց «նախկիններին» մեղադրել «ժողովրդի ընտրած քաղաքապետին» «սաբոտաժ» անելու մեջ։ Բարձրացված աղմուկին տրամաբանորեն պետք է հաջորդեր Երևանի քաղաքապետարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված իրավախախտման համար վարչական արձանագրության կազմումը և իրավախախտում կատարած անձին պատասխանատվության ենթարկումը սաբոտաժ անելու և դիտավորյալ աղբը չնախատեսված վայրում թափելու համար։  

Ուստի AntiFake.am-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր Աշոտ Սարգսյանի մատնանշած դիտավորյալ իրավախախտում կատարած անձին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ 

AntiFake.am-ը Երևանի քաղաքապետարանից հարցմամբ խնդրել էր տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանում նշված իրավախախտման առթիվ վարույթ հարուցվել է, թե ոչ, և եթե այո՛, ապա՝ ով է իրավախախտում կատարողը, և ի՞նչ փուլում է գտնվում գործի վարույթը:

Հարցման պատասխան նամակում նշված էր, որ Երևանի քաղաքապետարանում վարչական արձանագրություն չի կազմվել, քանի որ աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքը օպերատիվորեն հայտնաբերելուց հետո բեռնատար մեքենայի վարորդը պարտավորվել է սեփական ուժերով իր կողմից թափված աղբը տեղափոխել աղբավայր և տարածքը բերել նախկին տեսքի, ինչը և արել է:

AntiFake.am-ը ևս մեկ հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, ճշտելու, թե՝

  1. Ո՞վ է բեռնատար մեքենայի վարորդը, ով նշված օրը աղբ է թափել նշված վայրում` այդ թվում նաև խնդրելով տրամադրել բեռնատար մեքենայի վարորդի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, մասնագիտությունը և աշխատանքի վայրը,
  2. Արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկել պարզելու համար, որ իրավախախտում կատարած անձը (ինչպես Սարգսյանն է նշել. «հատուկ ա աղբ թափել») դիտավորություն է դրսևորել նշված արարքը կատարելիս: Եթե այո, ապա ինչու՞ չի կազմվել արձանագրություն, եթե ոչ, ապա ինչու՞ քայլեր չեն ձեռնարկվել բացահայտելու անձի դիտավորությունը և նման քայլ կատարելու մոտիվացիան:
  3. Արդյո՞ք քայլեր ձեռնարկվել են բացահայտելու համար, որ նշված անձը, ինչպես Աշոտ Սարգսյանն է նշել, «սաբոտաժ» է  իրականացրել նման քայլով: Եթե այո, ապա ինչպես է դա բացահայտվել, եթե ոչ, ապա ինչու՞ քայլեր չեն ձեռնարկվել «սաբոտաժի» մոտիվացիան բացահայտելու համար:

Այս հարցման պատասխան նամակում էլ գրված էր, որ ելնելով տարածքը սեփական միջոցներով նախկին տեսքի բերելու հանգամանքից` քաղաքապետարանը վարչարարություն չի իրականացրել, հետևաբար նաև անձի վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, և այդ հանգամանքը հաշվի առնելով նաև` այլ գործողություններ չեն իրականացվել:

Ստացվում է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի՝ միտումնավոր աղբ թափելու, աղբը լուսանկարելու և համացանցում, մամուլում տեղադրելու և սաբոտաժ կազմակերպելու մասին հայտարարությունները բացահայտելու ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը քայլեր չի էլ ձեռնարկել, ուստի կարող ենք եզրակացնել, որ սա Երևանի քաղաքապետարանի իշխանող խմբակցության ներկայացուցչի ջանքն էր հիմնավորելու իրենց իսկ կողմից առաջ քաշված քարոզչական այն թեզը, համաձայն որի` բնակիչներն ու ինչ-որ «սև ուժեր» սաբոտաժ են իրականացնում՝ Երևանի փողոցներում աղբ թափելու միջոցով, իբրև թե ցույց տալու համար, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ չի կազմակերպում աղբահավաքությունը։ 

Ուստի՝ Սարգսյանի անհիմն և մանիպուլյատիվ հայտարարություններն ու «սևերին» մատնացույց անելու տողատակերը հերթական քարոզչական աղմուկն էր՝ սեփական անգործությունը հիմնավորելու համար:

Ինչ վերաբերվում է Սարգսյանի կողմից «սաբոտաժ» տերմինի օգտագործմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ համացանցում և մամուլում նկարներ տեղադրելու և քաղաքապետարանի վատ աշխատանքը ցուցադրելու համար նման և ավելի մեծ ծավալների հասնող աղբը որևէ տեղ թափելը սաբոտաժ կդիտարկվեր միայն և միայն այն պարագայում, եթե աղբը թափողները հանդիսանային «Սանիթեքի» և/կամ, օրինակ, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները, այսինքն` աղբահանության հիմնական պատասխանատուները, քանի որ սաբոտաժը աշխատանքային պարտականությունների դիտավորյալ չկատարումը կամ անփույթ կատարումն է, ուստի կատարվածը «սևերի»՝ աղբահանության հետ առնչություն չունեցողների վրա բարդելը մանիպուլյացիա է:

Հետևաբար՝ միտումնավոր աղբ թափելու, աղբը լուսանկարելու և համացանցում, մամուլում տեղադրելու և սաբոտաժ կազմակերպելու մասին հայտարարություններն ընդամենը Սարգսյանի կողմից կազմակերպված քարոզչական աղմուկ էր։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն