Նախկին փաստաբան, իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ոչ մասնագիտական և սխալ պնդումները ՍԴ շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

article-image

Փետրվարի 11-ին armdaily.am-ի հյուրն էր իշխանական պատգամավոր, իրավաբան, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հարցազրույցի թեման էր ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունները, մասնավորապես` ապրիլի 5-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Իշխանական պատգամավորը, ով աչքի է ընկնում իր ոչ այդքան պրոֆեսիոնալ մասնագիտական գիտելիքներով, հարցազրույցի ժամանակ հնչեցրել է այնպիսի տեսակետներ, որոնք մտահոգիչ են` հաշվի առնելով այն, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ է նաև Բաղդասարյանը: Պատգամավորը նույնիսկ տարրական տեղեկություններ չունի սահմանադրական փոփոխություների վերաբերյալ սահմանադրական նորմերից, օրենքներից, միջազգային կառույցների իրավասություններից:

Իր հարցազրույցի մեջ Նիկոլայ Բաղդասարյանը չգիտի, կամ որ ավելի վատ է, ստում է Սահմանադրության և այլ իրավական ակտերի այն դրույթների վերաբերյալ, որոնցում նշված են սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: Մասնավորապես՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշում է, որ այն նորմը, որով սահմանվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը սահմանադրական դատարան ուղարկելու պարտադիր պահանջը, հակասում է Սահմանադրության 2-րդ հոդվածին «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»):

Այս պնդմանը որպես հիմնավորում` Բաղդասարյանը բերում է հետևյալ դիտարկումը. «Այսինքն, եթե մենք հարցը փոխենք հանրաքվեի միջոցով, իսկ Սահմանադրական դատարանը պետք է վետո դնի, ապա հոդվածը դառնում է անիմաստ»: Իշխանական պատգամավորը սրանով փաստացի պնդում է, որ ցանկացած փոփոխություն` առանց իրավական նորմերի պահմանման, հնարավոր է իրագործել` հղում անելով Սահմանադրության 2-րդ հոդվածին: Այս եզրակացությունը հաստատում է նաև Բաղդասարյանի այն հայտարարությունը, որտեղ նա ընդունում է իրենց խմբակցության կողմից արված ընթացակարգային խախտումները, սակայն պնդում է, որ դրանք չեն կարող որևէ բացասական հետևանքներ առաջացնել: Հետևելով Նիկոլայ Բաղդասարյանի տրամաբանությանը՝ կարող ենք հետևություն անել, որ.

  1. Սահմանադրության 2-րդ հոդվածին հղում անելով` կարելի է անել ցանկացած, այդ թվում` հակաիրավական և հակասահմանադրական գործողություն, և չի կարող լինել որևէ մարմին, որը կարող է սահմանափակել այդ իրավունքը,
  2. Կարելի է խախտել այն ընթացակարգային իրավանորմերը, որոնց խախտումները, ըստ իր կարծիքի, որևէ հետևանք չեն կարող առաջացնել:

Փաստացի իրավաբանական կրթություն ունեցող պատգամավորի հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ ամեն ինչ արդարացված է, եթե դա ցանկանում է ժողովուրդը, և վաղը, եթե ժողովուրդը որոշի իրեն կախաղան բարձրացնել, իսկ տվյալ որոշումը հակասի Սահմանադրության այլ իրավանորմերին, կամ ՀՀ Քրեական օրենսգքրին, ապա կստացվի, որ այդ բոլորը հակասահմանադրական նորմեր են և չեն բխում ժողովրդի կամքից:

Նիկոլայ Բաղդասարյանն այնքան մակերեսորեն է ուսումնասիրել ՀՀ մայր օրենքը, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ Սահմանադրության` 2005թ. փոփոխությունների տարբերակը սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու պարտականություն օրենսդիրի համար չի սահմանել։ Այս կապակացությամբ նա ասել է. «Բա որ ՍԴ դիմելը պարտադիր է, 2015-ի փոփոխությունների ժամանակ ինչու՞ չեք դիմել»:

Այս հարցի պատասխանը, մասնավորապես տալիս է Սահմանադրության` 2005թ. փոփոխություններով տարբերակի 8-րդ գլուխը (Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն), որտեղ, ինչպես նշեցինք, Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարան ուղարկելու պահանջ նախատեսված չէ` ի տարբերություն Սահմանադրության 2015թ. փոփոխություններով տարբերակի։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին աշխատանքից փաստացի հեռացնելու անօրինական պրոցեսը միջազգային ատյաններում իրավական ընթացակարգով բողոքարկելուն՝ Նիկոլայ Բաղդասարյանը նշել է. «Եվրոպական դատարանը այն մարմինը չէ, որտեղ կարող է քննարկվել այս հարցը»:

Սա ասում է փաստաբանի արտոնագիր ունեցող անձը, ով պետք է որ իմանար, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոքներ քննելու ինչ շրջանակներ է ներառում մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Մասնավորապես, ՍԴ անդամները և նախագահը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում և դրան կից արձանագրություններում ամրագրված մի շարք իրավունքների խախտման հիմքով հենց այս դեպքերի շրջանակներում կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Փաստացի, Նիկոլայ Բաղդասարյանի հարցազրույցը ապացույցն է այն բանի, որ պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող Սահմանադրության փոփոխության հարցով զբաղված են մարդիկ, որոնք, ունենալով իրավաբանական կրթութուն, չեն տիրապետում նույնիսկ տարրական իրավական գիտելիքների և առաջնորդվում են  բացառապես` «նպատակը արդարացնում է միջոցները» հակաիրավական սկզբունքով:
 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն