ՀՀ վարչապետի աշխատակազմն աղավաղված է ներկայացնում Անգելա Մերկելի ելույթը

article-image

Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից և բանակցություններից հետո կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում ունեցավ ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ և պատասխանեց բազմաթիվ հարցերի: Թե ինչպիսի պատասխաններ և հայտարարություններ հնչեցին Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին միջոցառման ընթացքում, կանդրադառնանք ավելի ուշ:

Մինչ այդ, կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում երկու պետությունների ղեկավարները պաշտոնական բանակցություններից առաջ զանգվածային լրատվական միջոցների համար հանդես եկան հայտարարություններով, որոնք այնուհետև տեղ գտան ինչպես ՀՀ վարչապետի, այնպես էլ Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքէջերում:

Սակայն հետաքրքիր է այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղ գտած մամլո հաղորդագրության մեջ աղավաղվել է Անգելա Մերկելի ելույթը: Մասնավորապես, ելույթի գրավոր հայերեն թարգմանված տեքստից բացակայում է  Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ հատվածը, որտեղ կանցլեր Անգելա Մերկելը խոսում էր Հայաստանի իրավական համակարգի բարեփոխումների մասին՝ շեշտելով Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը այդ գործընթացում:

Զարմանալիորեն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև կառավարության յութուբյան ալիքում տեղ գտած տեսանյութերում համաժամանակյա թարգմանիչը ևս խուսափում է հնչեցնել Վենետիկի հանձնաժողովի անունը՝ ակնհայտորեն խեղաթյուրելով Գերմանիայի կանցլերի ելույթի կարևոր շեշտադրումները:

Խեղաթյուրումը առկա է նաև պաշտոնական հաղորդագրության անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն բաժիններում:

Մամլո հաղորդագրության «հայկական խմբագրված» տարբերակը արտատպվել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքում: Գերմանիայի կանցլերի կարևոր շեշտադրումները տեղ չեն գտել նաև Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի 1lurer.am կայքի անդրադարձներում (1, 2):  

Պետությունների ղեկավարների ելույթների ամբողջական տեսանյութը կարող ենք գտնել նաև Գերմանիայի կանցլերի պաշտոնական կայքէջում: Համապատասխան հատվածը կարող եք լսել 0:40-րդ րոպեից:

Պետք է նշել, որ այս խեղաթյուրման մասին առաջիններից մեկը բարձրաձայնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք թե՞ անտաղանդ վախկոտներ:

Ուրեմն այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ:

Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց թարգմանության:

Ու պարզվում է ի՞նչ:

Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ:

Այդ հատվածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:

Դիտեք տեսագրությունը և համոզվեք՝ 00:45-00:50»:

Հետաքրքիր է, որ պաշտոնական ելույթների և հայտարարությունների խեղաթյուրման այս դեպքը առաջինը չէ: Դեռևս 2019 թվականի դեկտեմբերին ՀՀ արտգործնախարարությունը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ ավելացրել էր մեծ կարևորություն ներկայացնող նախադասություններ և արտահայտություններ, որոնք, սակայն, չէին հնչել նախարարի բնօրինակ անգլերեն ելույթում:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն