
Համացանցում և տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որը մեկնաբանվում է որպես Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից հայ սահմանապահների վրա հարձակման դեպք, որում թշնամին Հայատանի տարածքում նսեմացնում ու հարվածում է հայ զինծառայողներին:
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պաշտպանության նախարարության անունից հայտարարություն է տարածել՝ գրելով. «Տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ. ՀՀ ՊՆ»։
Իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ գրել է. «Ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ. ՊՆ»։
Իմքայլական մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ գրել է. «ՊՆ-ն պարզաբանեց, որ սոցկայքերում տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։ Թե երբ եւ որտեղ է դեպքը տեղի ունեցել կհայտնի ուսումնասիրությունից հետո»։
ԱԺ փոխխոսնակի և իմքայլական պատգամավորների կողմից տարածվող նման բովանդակությամբ հայտարարություն, սակայն, պաշտպանության նախարարությունը չի տարածել։ Գերատեսչության պաշտոնական կայքում որևէ հայտարարություն առկա չէ։ ՊՆ-ն զրույց ունեցել է վարչապետին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ, սակայն զրույցում ոչ թե հերքել է տեսանյութի իսկությունը, այլ նշել, որ այն «ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով»։.
Հատվածը, որը մեջբերել են Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը և Արթուր Հովհաննիսյանը, ոչ թե ՊՆ պաշտոնական պարզաբանումն է, այլ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի եզարահանգումը։ Մեկ այլ հարց է, թե ինչպես է քաղաքացիների հարկերից սնվող կառույցը նման եզրահանգման եկել այն պարագայում, երբ ՊՆ-ն իրենց հայտնել է, որ դեռևս ուսումնասիրում են տեսանյութը։
Հաշվի առնելով, որ իշխանական պաշտոնյաները առանց իրար հերթ տալու ու առանց ՊՆ-ի պաշտոնական հայտարարությանը սպասելու հերքում են տեսանյութը, որը ՊՆ-ն դեռ ուսումնասիրում է, ինչպես նաև հանգամանքը, որ ՊՆ-ի անունից վարչապետին կից կառույցի պատրաստած մանիպուլյատիվ, իբր տեսանյութը հերքող հրապարակումը արագորեն տարածում են իշխանական շահերը սպասարկող ԶԼՄ-ների, ֆեյքերի ֆաբրիկաների և բազմաթիվ կեղծ օգտահաշիվների ու էջերի կողմից՝ կարելի է եզրակացնել, որ իշխանությունն իսկապես թաքցնելու բան ունի, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարության 3 տարվա ընթացքը, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում որդեգրած տեղեկատվական քաղաքականությունը ցույց է տվել, որ այն տեղեկությունները, որոնք իշխանությունը մեծ ջանասիրությամբ ու ողջ ռեսուրսի գործադրմամբ հերքում է, կարճ ժամանակ անց պարզվում է, որ իրականություն են։
Աղբյուր՝ AntiFake.am