Պապիկյանը հակասում է ինքն իրեն իր դատապարտված լինելու՝ ոչ գաղտնի/գաղտնի լինելու վերաբերյալ

article-image

Երեկ` փետրվարի 13-ին,  Hraparak.am-ում մի հոդված էր հրապարակվել «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերնագրով, որտեղ լրատվականն իրավացիորեն հարց է բարձրացնում, թե ինչու Պապիկյանի կյանքի այս դրվագը ներառված չէ նրա պաշտոնական կենսագրության մեջ։

Ի պատասխան՝ նախ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը գրառում է անում՝ պիտակավորելով լրատվականին և Սուրեն Պապիկյանի անունից հայտնելով, որ վերջինս ուղիղ եթերով կխոսի կենսագրական տվյալները թաքցնելուն առնչվող հրապարակման մասին` միևնույն ժամանակ չմոռանալով լրատվականի բացահայտումը որակել որպես հանրաքվեի «Այո» շտաբի դեմ ուղղված քարոզչական քայլ, ապա Սուրեն Պապիկյանը ուղիղ եթերով հաստատում է լրատվականի հրապարակման բոլոր հանգամանքները՝ կրկին չմոռանալով «Հրապարակ»-ի բացահայտումը որակել որպես «Այո»-ի դեմ կատարված քայլ և իր անունը մրոտելու փորձ։

Այս պատմության մեջ, սակայն, հետաքրքիրն այն չէ, թե ինչպես է իշխող ուժի ներկայացուցիչն իր դատապարտված լինելու հանգամանքն օգտագործում իր թիմի թիվ մեկ քաղաքական օրակարգի՝ հանրաքվեի օգտին «ժողովրդի աչքում» դիվիդենտներ հավաքելու համար՝ հրապարակումը «նախկինների» հետ կապելով, այլ այն, թե ինչպես է Պապիկյանն իր հայտարարություններով և իրավապահ մարմիններին ուղղված կոչերով սահմանափակում լրատվամիջոցների ազատությունը։

Նախ Պապիկյանը հայտարարում է. «Սա գաղտնի ինֆորմացիա չի եղել։ Ես ոչինչ չեմ թաքցրել։ Իմ հայրենի Ստեփանավանում, նաև քանի որ ուսանողական շրջան է եղել՝ ուսանողական շրջանակներում, խնդրի մասին իմացել են իմ բոլոր ընկերները, հիմա էլ իմ շատ ընկերներ դրա մասին գիտեն։ Դա ես չեմ համարում սենսացիոն կամ վտանգավոր ինչ-որ բան…

Ես ափսոսում եմ, որ նման բան տեղի է ունեցել, ոչինչ չեմ թաքցրել…»։

Ապա կարճ ժամանակ անց նշում. «Այս հարցը անձնական գաղտնի ինֆորմացիա է, և ոստիկանության հատուկ բաժնում է սա պահպանվում, այսինքն` այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին և նաև տվյալ անձի համաձայնությամբ որևէ մեկին տրամադրելու պայմաններում»։

Եվ ինքն իրեն հակասելուց հետո Պապիկյանը կոչ է անում Ազգային անվտանգության ծառայության պետին և Ոստիկանության պետին պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իր անձնական կյանքի «գաղտնի» ինֆորմացիան դարձել հանրությանը, լրատվականներին հասու ու իր անունը կեղտոտելու կամ մրոտելու առիթ։

Հարց պարոն Պապիկյանին. ինչպես հասկանալ այն հանգամանքը, որ, իր բառերով՝ ոչ գաղտնի ինֆորմացիան հրապարակելու համար, որն ինքը չի թաքցրել և որի մասին իմացել են իր հայրնեի Ստեփանավանում, իր ուսանողական և ընկերական շրջանանկերում, Պապիկյանը որոշում է իրավապահ մարմիններին դիմել «արտահոսքը» բացահայտելու համար։ Ի՞նչ արտահոսքի մասին է խոսքը, եթե այդ տեղեկատվությանը տիրապետել այդչափ լայն շրջանակ։

Եվ մյուսը. ինչպե՞ս է ստացվում, որ Պապիկյանի կողմից հաստատված տեղեկատվությունը, որից ինքը վատ չի զգում, մրոտում է իր անունն ու «Այո»-ի շտաբը։

Այս ամենի պատասխանը բնականաբար այն է, որ սա ոչ այլ ինչ է, քան իշխող ուժի հերթական ոտնձգությունը ազատ մամուլի և խոսքի ազատության նկատմամբ։ Եվ առիթն օգտագործելով` ինչու ոչ, այն նաև քարոզչական նպատակներով օգտագործելը։

Նկատենք, որ իշխող ուժի կողմից մամուլի նկատմամբ ոտնձգությունը, աղբյուր բացահայտելու համար իրավապահ մարմիններին դիմելը սովորական երևույթ է դարձել։ Սա չի խոսում ո՛չ ժողովրդավարական պետության, ո՛չ էլ խոսքի ազատության մասին։

Բոլորովին վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, թեև սխալմամբ, բայց հպարտորեն նշեց, թե Հայաստանը խոսքի ազատության ցուցանիշներով 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ։ Սա ոչ միայն սխալ է, այլ հեռու է իրականություն լինելուց այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանության կողմից մամուլի նկատմամբ ճնշումները օր օրի նորանոր դրսևորումներ են ստանում։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը