
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը շարունակում է իր հարցազրույցներում մանիպուլյացիաների և հերյուրանքների շարքը: Բաղդասարյանը, ի հակադրություն իր պաշտոնի և դրանից բխող էթիկական պահանջների, շարունակում է նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ վիրավորական արտահայտությունները:
Երեկ` մայիսի 23-ին, հրապարակվել է պատգամավորի հարցազրույցը` «Araratnews.am» լրատվականի հետ: Հարցազրույցի ընթացքում Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է արդեն 12 օր ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժմանը, հայկական իշխանությունների պատասխան գործողություններին, ինչպես նաև գերիների վերադարձին:
Նախ Արցախի անվտանգային համակարգը պատերազմով մսխած, այնուհետև քայլ առ քայլ ՀՀ սահմաններից հակառակորդին ներս թողնող քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը փորձում է ամեն կերպ զուգահեռներ և համընկնումներ գտնել ընդդիմադիր գործիչների հայտարարությունների և գործողությունների ու ադրբեջանցիների գործողությունների միջև:
Պետք է նշել, որ Բաղդասարյանի նշած ընդդիմադիր գործիչների համար, որոնց թվում նորելուկ քաղաքական գործիչը հիշատակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նվազագույնը անզեն աչքով են երևում անվտանգային այն հսկայական խնդիրները, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանը: Եվ միայն Նիկոլ Փաշինյանի թիմն է, որ չի նկատում անվտանգային խնդիրները:
Ավելին, Նազելի Բաղդասարյանը չի համարում, որ «Հայաստանը անվտանգային այնպիսի խնդիրներ ունի, որ որոշակի շրջանակներ կարող են շահարկել»: Հետաքրքիր է, Բաղդասարյանի համար այն խնդիրները, որոնց առաջ կանգնած են սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները, և այն, որ հակառակաորդը կարող է անխոչընդոտ մտնել ՀՀ ինքնիշխան տարածք և մնալ ու շատանալ արդեն 12 օր, չեն կարող համարվել որպես «շահարկվող» անվտանգային խնդիրներ:
Պատգամավորը, որը երջանիկ դեմքով հաստատում է այն, որ ընդգրկվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, հաստատում է իր քաղաքական առաջնորդի այն «տեսակետը», որ «Հայաստանում ադրբեջանական անկլավներ կան»` անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման` ներկայումս տարվող գաղտնի գործընթացներին:
Արդեն նկատելի է, որ իշխանությունների առավել ակտիվ ու անձնուրաց ներկայացուցիչները սկսում են շրջանառության մեջ դնել սպասվող տարածքային նոր զիջումներն «արդարացնելու» նոր թեզեր: Օրինակ` «արդեն 30 տարի Վրաստանի հետ տարվող աշխատանքները` սահմանազատման վերաբերյալ», «Հայաստանում էլ կան ադրբեջանական անկլավներ, ինչպես հայկական անկլավներ կան Ադրբեջանում, ի դեմս` Արծվաշենի» և այլն:
Այս թեզերը առաջ են տանում իշխանականները` լրագրողների հետ իրենց շփումներում` հասարակության լայն զանգվածներին համոզելու համար:
Իսկ Նազելի Բաղդասարյանը շարունակում է ամպագոռգոռ հայտարարություններ անել Ադրբեջանում պահվող ռազմագերին և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այն կեղծ ու ստահոդ հայտարարություններից հետո, որն անում էր Նազելի Բաղդասարյանն ու ոգևորում հանրությանը, պատգամավորը դեռևս շարունակում է թեմայի վերաբերյալ «լուրջ» հայտարարություններ անել օդում համոզմունք հայտնել, որ «բոլոր գերիները միանշանակ վերադառնալու են»: Պատերազմի ավարտից անցել է արդեն յոթ ամիս, սակայն իշխանությունները այդպես էլ չեն կարողանում վերադարձնել հայ գերիներին: Ուստի, Նազելի Բաղդասարյանի նման հայտարարությունները դասվում են կեղծ երեսպաշտության ու պոպուլիզմի շարքին:
Աղբյուր՝ AntiFake.am