
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս իր ելույթներում գնալով ուրվագծում է Հայաստանի կողմից նոր զիջումների աշխարհագրությունը. «ադրբեջանական անկլավներ Տավուշում և այլ մասերում», վերջնական սահմանազատում և սահմանագծում, Վրաստանի հետ տարիներ տևող սահմանազատման աշխատանքներ և այլն:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները սկսել են կրկնել նաև իմքայլական և նրանց մերձակա արբանյակները: Այս հարցում ներգրավված են առավել ակտիվ իշխանականները:
Երեկ իմքայլական Նազելի Բաղդասարյանից հետո այսօր նույն թեզերը կրկնեց նաև Նիկոլ Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող, Տավուշի մարզպետի եղբայր, իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը: Վերջինս նշում է, որ իշխանությունները բանակցում են, և սահմանազատումը անհրաժեշտ է` պատճառաբանելով, որ «Տավուշի բնակչին է հենց անհրաժեշտ խաղաղությունը»:
Պատգամավոր Ղալումյանը նշում է, որ սահմանազատման խնդիրը միակողմանի չէ. կա նաև Արծվաշենի խնդիրը, իսկ որպես «ադրբեջանական անկլավներ»` նշում Բարխուդարլու, Սոֆուլու, Ոսկեպար, Խեյրիմլի բնակավայրերը:
Վահե Ղալումյանը ևս մի կետ է բացում սպասվող գաղտնի ստորագրվելիք պայմանագրից` բացելով նաև թշնամուն հանձնվող հերթական տարածքների անունները:
Իշխանական պրոպագանդիստները լծվել են հասարակությանը սեփական ինքնիշխան տարածքից հրաժարվելու մեջ համոզելու գործին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ կստորագրի փաստաթուղթը այնպես, ինչպես ստորագրեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը` Ադրբեջանին հանձնելով Արցախի մոտ 80 տոկոսը:
Աղբյուր՝ AntiFake.am