Ինքնասպանությունների կանխարգելման խնդրի շուրջ․ «Ռազմինֆոյի» վերլուծությունը

article-image

«Razm.info»-ն գրում է․

«Վերջին շրջանում հերթական անգամ հանրային քննարկման առարկա է դարձել բանակում ոչ մարտական կորուստների թեման և մասնավորապես՝ ինքնասպանությունների խնդիրը։

Մեր հասարակությունն առհասարակ բավականին ցավոտ է վերաբերվում բանակի հետ առնչվող բացասական երևույթներին։ Սա մի կողմից ցույց է տալիս, որ մեր համար շատ կարևոր է բանակը, մյուս կողմից տեղ է թողնում նաև շահարկումների համար։ Գրեթե յուրաքանչյուր նման դեպքում, դեռևս չունենալով բավարար տեղեկություն, տարբեր անհատներ ու շրջանակներ սկսվում են շահարկել բանակում այս կամ այն «բարքերի», ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերը։ Անմիջապես նշանակվում են մեղավորներ, ի դեմս անմիջական հրամանատարների կամ ընդհանրապես սպաների և բանակի բարձրագույն հրամանատարության։

Մինչդեռ իրականում ինքնասպանությունների պատճառները կարող են լինել ամենաբազմազան, այդ թվում, այո՝ ոչ կանոնադրային հարաբերություններ, բայց ոչ միայն։ Ըստ այդմ մեղավորներն էլ, եթե այդպիսիք կան, կարող են լինել տարբեր մարդիկ ու ամենևին պարտադիր չէ, որ դրանք միշտ լինեն հրամանատարները։ Ասվածից չի բխում, թե հրամանատարները կամ սպաները պատասխանատություն չունեն, սակայն պիտի կարողանանք տարբերել քրեաիրավական պատասխանատվությունը պատասխանատվության այլ տեսակներից՝ աշխատանքային, մարդկային, բարոյական և այլն։ Նույնը վերաբերվում է նաև բանակի բարձրագույն հրամանատարության պատասխանատվությանը։ Այս մասին դեռ կխոսենք ստորև։

Ինչ մնում է բանակում ինքնասպանություններին ու դրանց հանրային արձագանքին, ապա համեմատության համար զուգահեռներ անցկացնենք քաղաքացիական կյանքում ինքնասպանությունների հետ։ 2019թ․ Հայաստանում գրանցվել է 153 ինքնասպանություն, որոնցից 10-ը բանակում։ Սակայն քաղաքացիական կյանքում այդ 143 ինքնասպանությունն աննկատ է անցել, ոչ ոք կանխավ մեղավորներ չի նշանակել։ Էլ ավելի շատ են ինքնասպանության փորձերը 460 դեպք 2019թ.-ին։ Պատկերավոր ասած՝ Հայաստանում միջինը յուրաքանչյուր 2–3 օրը մեկ տեղի է ունենում 1 ինքնասպանություն։

Համանման պատկեր է նաև նախորդ տարիներին.

  Ինքնասպանություն որից բանակում
2012 214 10
2013 203 6
2014 168 3
2015 208 7
2016 195 13
2017 157 10
2018 179 11
2019 153 10

Իրականում ինքնասպանությունների այսպիսի ուղիղ համեմատությունը քաղաքացիական և զինվորական կյանքում այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ կան էական տարբերություններ։ Անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սեռատարիքային կազմը, ինքնասպանության եղանակը, բանակում քաղաքացիական կյանքից մեկուսացումը, բանակում մարտական սթրեսը ու բազմաթիվ այլ հանգամանքներ։ Մեզ հայտնի չէ Հայաստանում ինքնասպանությունների խնդրի նմանատիպ համապարփակ և բազմակողմանի հետազոտություն ու եթե այդպիսին իսկապես չկա, ապա սրա համար պատասխանատու է նաև բանակի բարձրագույն ղեկավարությունն ու սա լրջագույն բացթողում է, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այս հարցում ինտուիտիվ, ակնհայտ թվացող, պարզ որոշումներն իրականում կարող են ոչ միայն սխալ և անարդյունավետ լինել, այլ նույնիսկ վտանգավոր։

Այս հարցում օգտակար կարող է լինել աշխարհի առաջադեմ բանակների փորձի ուսումնասիրությունը և մեր համար կիրառելի փորձի ընդօրինակումը։ Այսպես օրինակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում կա «Ինքնասպանությունների կանխարգելման վարչություն» (Defense Suicide Prevention Office), որի կազմում գործում է «Ինքնասպանությունների կանխարգելման և ռիսկի նվազեցման կոմիտե» (Suicide Prevention and Risk Reduction Committee ” SPRRC)։ Այդ վարչությունը, համագործակցելով պետական և գիտական ինստիտուտների հետ, մանրակրկիտ ուսումնասիրում է ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի բոլոր դեպքերը, մշակում է ինքնասպանության հակված զինծառայողներին հայտնաբերելու և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու մեթոդներ ու մեխանիզմներ՝ հաշվի առնելով առավել տարածված պատճառները, հանդես գալիս ամենամյա ամփոփիչ զեկույցներով, ինչպես նաև մասնակցում ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարության մշակման աշխատանքներին։

Ինքնասպանությունների կանխարգելման հատուկ ծրագիր է գործում նաև Իսրայելի բանակում՝ «IDF Suicide Prevention Program»։ Իսկ օրինակ Մեծ Բրիտանիան զինված ուժերում ինքնասպանություների կանխարգելման համար համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, համատեղ հրապարակվում են ուսուցանող ուղեցույցներ, թե ինչպես հայտնաբերել ինքնասպանության հակված մարդուն, ինչպես օգնել և այլն։ Իր հատուկ՝ առանձին ծրագիրն ունի նաև Բրիտանիայի առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, մեր երկրին անհրաժեշտ է բանակում ինքնասպանությունները կանխելուն ուղղված միջոցառումների առանձին ծրագիր։ Ու ընդհանուր դեպքում՝ ոչ միայն ինքնասպանությունները, նաև սպանությունները ու մի շարք այլ անցանկալի երևույթները բանակում կարող են ավելի արդյունավետ կանխվել, եթե ուսումնասիրվի այլ երկրների փորձն ու գոյություն ունեցող մեթոդները ներդրվեն մեր մոտ։ Եվ, իհարկե, անհրաժեշտ է վերջ տալ թեման շահարկելուն ու օդից մեղավորներ նշանակելուն»։

 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը