ԶԼՄ ներկայացուցիչները և փորձագետները քննարկել են մամուլի հետհեղափոխական մարտահրավերները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Այսօր տեղի ունեցավ «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանի ժուռնալիստների միության կողմից։ Քննարկման հիմնական բանախոսներն էին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, քաղաքագետ Արմեն Մինասյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը և լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը։

Բանախոսները հանդես են եկել մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումների և մամուլի ազատության դեմ կատարվող սահմանափումների մասին ելույթներով։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, անդրադառնալով վարչապետի կողմից մամուլի ազատության վերաբերյալ տրվող հավաստիացումներին, նշել է, որ «միայն լրատվամիջոցի ղեկավարը կարող է խոսել, թե որքանով է մամուլն այսօր ազատ»` միաժամանակ հավելելով` «մենք ունենք ինֆորմացիա հայթայթելու շատ ավելի ծանր իրավիճակ, քան մինչև 2018 թվականն էր, որովհետև որքան էլ մեր երիտասարդ իշխանությունները դեմոկրատիայի լոզունգներով եկել են իշխանության, իրենք թափանցիկությանը այդքան էլ կողմ չեն ու հնարավոր բոլոր մեթոդները կիրառում են, որպեսզի խոչընդոտեն մեր աշխատանքը, հիմա տեղեկատվություն ստանալը բարդացել է»։

«Ժողովուրդ» թերթի խմբագիր Քնար Մանուկյանը անդրադարձավ թերթի նկատմամբ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից իրականացված ճնշումներին, ինչի նպատակն է եղել պարզելու թերթի աղբյուրը։

«Որքան էլ իրավապահ մարմիններին դուր չգա, մենք շարունակելու ենք մեր մասնագիտական գործունեությունը։ Պարզապես մեր գործը թողած՝ ամեն անգամ գնում ենք ասելու, որ աղբյուր չենք բացահայտելու»,- ասաց Մանուկյանը։

 «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն էլ, անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործերին, ասաց․

«Ինձանից նույնպես աղբյուր էին պահանջում։ Եվ այդ աղբյուրի չբացահայտման հետևանքը եղավ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելը և ինձ մեղադրյալ ներգրավվելն այդ գործում»։ 

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, խոսելով հեղափոխությունից հետո լրատվական դաշտում տեղի ունեցած փոփոխություններին, նկատեց, որ «այլևս լրագրողը չէ, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չէ, որ լուր է արտադրում, մենք պարզապես սպառողներն ենք այն վիրտուալ «ուղիղ եթեր» իրականության, որը հրամցնում է մեզ երկրի վարչապետը, տարբեր պաշտոնյաներ, կառավարությունը։ Մենք ուղղակի դարձել ենք այդ ամենը նորից վերադարձնողը հասարակությանը և անիմաստ միջնորդ օղակն ենք դարձել այդ ամենում»։

Այնուհետև «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, անդրադառնալով «5-րդ ալիքի» նկատմամբ իրականացվող տեղեկատվական արշավին, ասաց․ «Մենք ունենք սքրինշոթեր, պահում ենք դրանք: Մեզ ասում են՝ «գիտեք, մենք շատ ենք ուզում ձեզ մոտ գալ, բայց մեր գլխին պատմություն կդառնա», «դուք, քանի որ ցույց եք տվել «Մարտի 1»-ի մասին ֆիլմ, մենք չենք կարող ձեզ մոտ գալ», «թող մի քիչ ժամանակ անցնի, հասկանանք՝ ինչ կլինի, հետո կորոշենք, շատ ենք ուզում գալ»: Այսինքն՝ մարդիկ ուզում են մեզ մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան: Բանավեճերի պետք է չմասնակցեն, հարցազրույցների պետք է չմասնակցեն: Սա այսօր ազատ խոսքի, մամուլի ազատության մասին բարձրաձայնող իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է: Այստեղ միանշանակ է, որ այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից, իրական խոսքից և իրենց համար շատ ավելի հեշտ է ստեղծել ֆեյքերի խմբավորումներ, որոնք կհարձակվեն տվյալ լրատվամիջոցի կամ լրագրողի վրա, նրա հասցեին ինչ-որ կուզենան, կասեն, քան իրենք գան և ներկայանան բանավեճի»:

«Եթե դատարանները պետք է այսքան բիրտ ձևով կախվածություն ունենան իշխանությունից, իսկ հանրաքվեն միայն դրա համար է, ուրեմն շատ չարագուշակ օրեր են սպասվում Հայաստանին»,-ասաց հրապարակախոս Վահան Իշխանյանը։

Քննարկման ընթացքում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ «այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չեն բխում իրավունքից, այլ առաջ են տանում որոշակի քաղաքական խմբերի շահեր, այս օրենքները ևս իրենց հետագա վիճարկման հնարավորությունն ունեն թե՛ ՍԴ-ում, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի և Սուրեն Պապիկյանի դատապարտված լինելու շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց․ «Եթե նախարարն ունի դատվածություն, դրա վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը պետք է դիտարկել հանրային գերակա իրավունքի պաշտպանության համատեքստում»։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը, անդրադառնալով խոսքի ազատությանը և ոլորտում առկա խնդիրներին, նշեց․ «Միևնույն ժամանակ, ունենք որոշակի իրավիճակ, որն արժեքային դաշտում է, հատկապես` սոցիալական գործողությունների ձևով, երբ կազմվում են անցանկալի լրատվամիջոցների ցանկեր, անցանկալի փորձագետների ցուցակներ: Սա միայն Հայաստանում չէ»։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը քննարկման ընթացքում նշեց․ «Վախենում եմ՝ կանգնենք մի փաստի առջև, որ այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, ընդամենը թիթեռնիկներ թվան, որովհետև տեսնում ենք, որ հստակ մշակված քաղաքականություն կա լրատվամիջոցները վարկաբեկելու, լռեցնելու և նրանց դեմն առնելու, լիարժեք վերահսկողություն սահմանելու տեսանկյունից»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն