«Հ1»-ը շարունակում է իշխանությունների հակահայկական քարոզչությունը. ռեպորտաժ` «անկլավների» մասին

article-image

2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով հայտարարեց հաստատված զինադադարի մասին: Պարզ դարձավ, որ հանձնվում է ոչ միայն Շուշին, այլ պատերազմի ողջ ընթացքում անառիկ մնացած Արցախի Հանրապետության Քարվաճառը, Քաշաթաղը:

Կապիտուլյացիային հետևեց պետական քարոզչական միջոցներով Արցախի տարածքների հանձնումը մանիպուլացնելու աշխատանքները: Այս քարոզչությունը հիմնականում իրականացվում էր հանրային հեռուստաընկերությամբ, տարբեր քարոզչական ալիքներով և ֆեյք օգտահաշիվներով:

Վերջին ամիսներին պետական ռեսուրսը ակտիվորեն օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական պարտվողական քաղաքականության ու քաղաքացիների շրջանում դրա «անհրաժեշտության» հիմնավորման նպատակով: Այս հարցում առաջամարտիկը Հանրային հեռուստաընկերությունն է:

Երբեմնի հայանպաստ հայկական քարոզչական հսկաները` Հանրային հեռուստաընկերությունն ու «Արմենպրես» լրատվական գործակալությունը այսօր Նիկոլ Փաշինյանի ձեռքին դարձել են իշխանության պահպանման քարոզչական հիմնական գործիքներից մեկը:

Դրա վերջին ապացույցներից մեկն էլ երեկ հրապարակված ռեպորտաժն էր, որտեղ «Արմենպրեսի» ու Հ1-ի լրագրող Նորայր Շողիկյանը խոսում էր, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» մասին:

Ռեպորտաժը վերնագրված է` «Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը»: 

 

Հանրության շրջանում մեծ դժգությունների տեղիք տված ռեպորտաժում պատմվում է Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մասին: Ռեպորտաժը սկսվում է նրանից, որ լրագրողը նշում է. «ադրբեջանական անկլավներ էլ կա Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերում, սակայն Խորհրդային միության` 1928թ. քարտեզում պատկերն այլ է», այնուհետև շարունակում` «Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Տավուշում գտնվող անկլավները մնացել են հայկական վերահսկողության տակ, Արծվաշենն էլ` Ադրբեջանի»:

Ռեպորտաժի հեղինակը որոշել է մեկնաբանություններ վերցնել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի` հայտնի «Ֆեյքերի» ՊՈԱԿ-ի փորձագետներից, որոնցից շատերը հայտնի իշխանական պրոպագանդայի առաջամարտիկներից են:

Նրանցից մեկը` Մովսես Հարությունյանը, նշում է, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված «աշխատանքային» փաստաթուղթը «ՀՀ պետական սահմանի փոփոխություն, ՀՀ կողմից տարածքներ զիջում, անկլավների փոխանակում չի ենթադրվում»:  Հնարավոր չէ պարզել, թե ինչ հիմքով է «քաղաքագետը» որոշում, որ դա չի կարող ենթադրել տարածքների հանձնում, եթե բանակցությունների մասին ոչ մի բան հայտնի չէ, իսկ իշխանական շրջանակները համառորեն լռում են դրա մասին:

Իշխանական քաղաքագետները խոսում են միայն, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հանձնման մասին և ամեն հնարավոր ձևով լուսաբանում ու հիմնավորում դրանց` իբր «ադրբեջանական» լինելու փաստը, սակայն մոռացության է տրվում այն փաստը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունից հետո Արցախի շրջանների հանձնման հետևանքով խախտվել է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որը սահմանակցում էր Հայաստանի Հանրապետությանը: Ուստի առանց Արցախի կարգավիճակի վերջնական լուծման անհնար է որևէ իրական սահմանագծում կամ սահմանազատում իրականացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Ավելին, արդեն 19 օր է, ինչ ադրբեջանակն զինված ուժերը փաստացի ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և հրաժարվում են դուրս գալ, ավելին, գերեվարել են ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող և իրենց առաջադրանքը կատարող 6 հայ զինծառայողի, ինչպես նաև բախումներ և սադրանքներ են հրահրում զինված ուժերի ու տեղի բնակչության դեմ: Իսկ պետական պատասխանատու գերատեսչությունները ոչինչ չանելու հետ մեկտեղ դիմում են ՀԱՊԿ-ին` խորհրդատվությունների համար, և մեղադրում վերջիններիս անգործության մեջ ու հակառուսականություն պրոպագանդում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սահմանամերձ բնակավայրերի գլխին իջած Դամոկլյան սրին մոտենում է նաև մարդու կենսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Խստորեն դատապարտելով ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, ՄԻՊ Արման Թաթոյանը փաստում է, որ «այն հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն քարտեզներում լինել-չլինելու լույսի ներքո»: ՄԻՊ-ը Հանրային հեռուստաընկերությունից պահանջում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով:

Խոսելով պետական պրոպագանդայից` անհրաժեշտ է նշել, որ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի ողջ տարածքում ամենամեծ սփռվածություն ունեցող հեռուստաալիքն է, ուստի շատ կարևոր է, թե երկրում տեղի ունեցող իրադարձությունները ինչպես են լուսաբանվում և մատուցվում հանրությանը, մասնավորապես` սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին: Նման կարգի քարոզչությամբ թուլանում է ՀՀ պետական սահմանը պահող մեր հայրենակիցների զգոնությունը, առաջ են գալիս վտանգավոր մտքեր, և հող է նախապատրաստվում զիջողական քաղաքականության շարունակության համար: Այդպես էլ, օգտագործվում է Հ1-ը` բնակիչներին հենց այս քաղաքականության «ճշմարտացիության» մեջ համոզելու համար:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն