Այսօր Արցախի Հանրապետությունում նշում են Արցախի վերածննդի օրը:
32 տարի առաջ այս օրը` 1988թ. փետրվարի 20-ին, ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց, որում ընդունվեց որոշում դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։
Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Նրանք դուրս եկան սրահից` միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցների, ովքեր ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության և ազատության առաջին րոպեներն ու ժամերը:
Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը: Հենց այդ օրվանից էլ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի ԽՍՀ կազմից, և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը և վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով:
Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը: Այդ օրը դարձավ հայ ժողովրդի սխրանքի, վճռականության, տոկունության և մեր համազգային միասնականության խորհրդանիշը:
Հիմնական աղբյուրը` Արցախի Հանրապետության ԱԳՆ կայք: