Փաշինյանի քարոզարշավի խայտառակ կողմը. այն, ինչ դուրս է մնում ուղիղ եթերներից. փաստեր

article-image

Հունիսի 4-ին վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այցելել է Արարատի մարզի Արտաշատ քաղաք, Մասիս, Մրգավետ, Հովտաշատ, Գեղանիստ բնակավայրեր: Յուրաքանչյուր բնակավայրում Փաշինյանը ելույթ է ունեցել հավաքվածների առաջ ու շարունակել այցը:

AntiFake.am-ը ավելի վաղ նկատել էր, որ Փաշինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետը և ուղեկցող բազմաթիվ պատգամավորներ քարոզչությունն իրականացնում են աշխատանքային ժամին:

Վարչապետի ուղիղ եթերներից կարելի է կարծիք կազմել, որ տեղում ամեն ինչ հարթ է ընթանում, համայնքների բնակիչները նրան ընդունում են, ծափահարում, փառաբանում, իսկ Փաշինյանը ելույթ է ունենում ու հեռանում։ Սա այն ամենն է, ինչը մենք տեսնում են ուղիղ եթերներում։

Այնինչ, գոյություն ունի քարոզարշավ-հանդիպումների մեկ այլ՝ խայտառակ կողմ, որը դուրս է մնում Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերներից։ Եվ այդ ամենն արձանագրելու պատճառով է, որ «Yerevan.Today»-ի և «Tert.am»-ի լրագրողները Արտաշատում բռնության են ենթարկվել։

Այն, ինչ արձանագրել են նշված լրատվականների տեսախցիկները և լրագրողները, նորություն չէ, ոչ էլ՝ զարմանալի։ Իսկ լրագրողների նկատմամբ իշխանական ներկայացուցիչների և ոստիկանության վերաբերմունքը վկայում են այն մասին, որ նրանք իրականում քարոզարշավ-հանդիպումների կազմակերպչական հարցերի ու ընթացքի հետ կապված մտահոգություններ ունեն, որոնք կարող են արձանագրվել նշված լրատվականների կողմից, ինչն էլ ստիպում է իրենց կա՛մ խոչընդոտել լրագրողների աշխատանքը, կա՛մ լավագույն դեպքում՝ չմիջամտել նրանց աշխատանքը խոչընդոտելուն ու բռնություններին։ Հիմնավորումները՝ ստորև.

Լրագրողներին թույլ չի տրվել տարբեր բնակավայրերում մոտենալ քարոզարշավի անցկացման վայրին, հարցեր ուղղել Փաշինյանին: Ավելին, հավաքին մասնակցող ագրեսիվ քաղաքացիները հարվածել են լրագրողներին, քաշքշել և վիրավորել նրանց, իսկ տեղում աշխատող ոստիկանները որևէ գործողություն չեն կատարել: Ոստիկաններն էլ իրենց հերթին խոչընդոտել են լրագրողների տեղաշարժը` առանց պատճառաբանության:

Հանրային բացօթյա վայրում լրագրողներին թույլ չի տրվել լինել այն տարածքներում, ուր ելույթ է ունենում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Տեսանյութում հստակ հնչում է տրված հրահանգի բովանդակությունը. «Ստեղ կանգնեք, ում հետ եք խոսալու, ինչ եք անելու… էն կողմ պետք չի առաջանալ»:

 

 

Ինչպես պարզ է դառնում կադրերից, ոստիկանական շարքերում եղել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ուղղակիորեն հրահանգավորել են ոստիկաններին և աշխատել նրանց հետ: Ե՛վ ոստիկանները, և՛ քաղաքացիական հագուստով անձինք խուսափել են ներկայանալ, հայտնել կոչումն ու անունը, ազգանունը։ Քրեական հեղինակություննե՞ր են նրանք, բարձրաստիճան պաշտոնյանե՞ր, թե՞ ոստիկաններ, հայտնի չէ:

 

 

«Yerevam.Today»-ի լրագրողը նաև արձանագրել է, որ Փաշինյանի հետ մի համայնքից մյուս համայնք մեքենաներով քաղաքացիներ են տեղափոխվում՝ բազմամարդության իմիտացիա ստեղծելու համար։ Փաշինյանի համակիրները հարձակվել են լրագրողների վրա, վիրավորել և հայհոյել են նրանց, հարվածել, խլել լրագրողական վկայականը, իսկ տեղում աշխատող ոստիկաններն ու տարօրինակ քաղաքացիական հագուստով, բայց ծառայողական կեցվածք ունեցող անձինք անգործություն են դրսևորել։

Հանրահավաքին ներկա բազմաթիվ պատգամավորները` Ռուբեն Ռուբինյանը, Ռուստամ Բաքոյանը, Սեդրակ Թևոնյանը, Տաթևիկ Գասպարյանը, Հովիկ Աղազարյանը և ուրիշներ, նույնպես որևէ գործողություն չեն արել` ամբոխից լրագրողներին պաշտպանելու համար:

Տարբեր համայնքներում եղած և լրագրողներին վիրավորող ու նրանց նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացիներից մի քանիսը` ստորև.