Լիլիթ Մակունցը մանիպուլացնում է միջազգային վիճակագրական զեկույցի տվյալները դատական համակարգի վերաբերյալ

article-image

2020 թվականի փետրվարի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագծի և Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին, լրագրողի այն հարցին, թե «ինչպե՞ս հասկացաք, որ կա քաղաքացիների պահանջը այդ հարցում», պատասխանել է. «… [Թե] Որտեղից ենք մենք այդ եզրակացությունները, եզրահանգումներն անում, օրինակները մի քանիսն են, ես կարող եմ, մասնավորապես, բերել վերջին մի քանի ամսվա ընթացքում, հոկտեմբեր ամսվանից սկսած` մեկը հրապարակվել էր դեկտեմբերին, մյուսը շուտով նաև էլի հանրային կդառնա: Միջազգային երկու կառույցների կարևորագույն հարցումները,… և վերջին հարցման համաձայն` 90.5 տոկոսը Հայաստանի Հանրապետության բնակչության երկու ուղղությամբ մեզանից ակնկալում է շատ կտրուկ և հետևողական փոփոխություններ: Մեկը վերաբերում է կոռուպցիայի հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և մյուսը դատական իշխանության, դատական համակարգում բարեփոխումներ կատարելուն: Այս սա հիմք է տալիս մեզ»:

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին` խնդրելով մասնավորեցնել, թե կոնկրետ որ միջազգային կառույցների և ինչ զեկույցների մասին է խոսքը: Ինչպես նաև խնդրել էինք տրամադրել այդ զեկույցները կամ նրա կողմից նշված տվյալները:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը մեր հարցման պատասխանում նշում է, որ «հարցումներից առաջինը վերաբերում է IRI-ի կողմից իրականացված հարցախույզին, որը հանրային է և հասանելի է բաց աղբյուրներում»:  Ինչ վերաբերում է երկրորդ զեկույցին, Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ «երկրորդ հարցման վերաբերյալ պաշտոնական հրապարկում դեռևս չի եղել այն իրականացրած կազմակերպության կողմից, ուստի չենք կարող տրամադրել այդ տեղեկատվությունը»:

Մանրամասնենք, թե ինչ կառույցների և ինչ հարցումների մասին է խոսքը, և արդյո՞ք Լիլիթ Մակունցի հայտարարությունները ճշմարիտ են:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից հիշատակված միջազգային առաջին կազմակերպությունը IRI-International Republican Institute-ն (Միջազգային հանրապետական ինստիտուտ): AntiFake.amանդրադարձել էր  IRI-ի` ավելի վաղ անցկացրած հարցմանը: Հարցումները անցկացվել էին հայտնի GALLUP կազմակերպության և Baltic Surveys-ի կողմից Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համագործակցությամբ և հովանավորվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

IRI-ի կողմից դեկտեմբերին հրապարակված հարցումների արդյունքները վերաբերվում են 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հարցման հրապարակման ընդհանրական, ներածական բաժնում հեղինակները նշում են, որ «հայ հանրությունը նաև մեծ ուշադրություն է ցուցաբերում դատական բարեփոխումների և անցումային արդարադատության իրականացմանը: Հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ դատական բարեփոխումը պետք է կարևոր առաջնահերթություն լինի, և 60 տոկոսը ցանկանում է տեսնել անցումային արդարադատության համակարգի ստեղծում»:

Իսկ հարցումների վերլուծության մեջ մենք կարող ենք գտնել, որ Հայաստանում դատարանների գործունեության վերաբերյալ հարցվածների 36 տոկոսը ունի դրական վերաբերմունք, 57%-ը` բացասական: Այն հարցին, թե որ կառույցը պետք է անցնի անցումային արդարադատության համակարգով, հարցվածների 18 տոկոսը կարծում է, որ այդ համակարգը դատականն է (ի դեպ, այս հարցման առաջին հորիզոնականում Կառավարությունն է (44%), նրան հաջորդում է Ազգային ժողովը (22%) և Բարձրագույն դատական խորհուրդը, և դատարանները գտնվում են 4-րդ հորիզոնականում):

Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցի նշած 90.5 տոկոսի հանգամանքին, պետք է նշել, որ այս թիվը մեջբերելիս վերջինս հղում է կատարում դեռևս չհրապարակված հարցմանը:

Հարկ ենք համարում նշել, որ պատգամավորի կողմից հիշատակված տոկոսը այնքան էլ հավանական ցուցանիշ չէ, երբ մենք ուսումնասիրում ենք հիշյալ հարցումը:

Մասնավորապես.

Նախ նշենք, որ հարցված քաղաքացիների 40%-ը վստահում է Սահմանադրական դատարանին: Հետաքրքիր է նշել, որ ՍԴ-ին քաղաքացիները ավելի շատ են վստահում, քան, օրինակ, ՀՀ դատախազությանը: Իսկ միակ 90+ տոկոսային վստահությունը քաղաքացիները ունեն միայն ՀՀ բանակի նկատմամբ:

Ավելին, հարցմանը մասնակցած քաղաքացիները, որոնք պետք է նշեին այն քայլերը, որոնք պետք է անի Կառավարությունը առաջիկա վեց ամիսների ընթացքում, ապա այստեղ քաղաքացիների կողմից հիշատակվել է «արդարադատություն հաստատելը» (establish justice), կազմում են ընդամենը 7%, իսկ «Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերացում» բառակապակցությունը այդպես էլ չգտանք:

Հարցվածների ընդհանուր 51 տոկոսը (15%+36%) կարծում է, որ Հայաստանում դատական համակարգը որոշ չափով կամ հաստատապես անկախ է: Ի դեպ, անկախության տոկոսը աճել է 2%-ով` ի համեմատություն 2019թ. մայիսին անցկացված հարցման:

Հարցվածների 51 տոկոսը կարծում է, որ դատական համակարգի կախվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն պաշտպանված չէ արտաքին ազդեցությունից, և ի տարբերություն ներկայիս իշխանությունների պնդումների` միայն 35%-ն է կարծում, որ այն դեռևս գտնվում է նախկին իշխանությունների ազդեցության տակ:

Հայաստանի դատական համակարգի արդյունավետությունը բարձրացել է` ի համեմատություն 2019թ. մայիսի` բացարձակ տոկոսը 7%-ից հասնելով 13%-ի:

Այն հարցին, թե ինչու արդյունավետ չէ դատական համակարգը, հարցվածների մեծամասնությունը  (38%) կարծում է, որ դատական գործընթացները չափազանց երկարատև են: «Զարմանալիորեն», հարցվածների միայն 3%-ն է կարծում, որ արդյունավետության պակասի պատճառը կախվածությունն է, և 3%-ի կարծիքով է, որ դատավորները կոռուպացված են:

Լիլիթ Մակունցի հիշատակ կարևորությանը վերադառնալով` պետք է փաստենք, որ դատական իշխանության բարեփոխումը առաջնահերթություն համարում է հարցվածների ընդամենը 48 տոկոսը:

Հակառակ ներկայիս իշխանությունների պնդումների` Մակունցի կողմից հիշատակված հարցման տվյալներով Հայաստանի հասարակությունը դատական համակարգի հետ կապված որևէ իրավիճակ չի համարել Հայաստանի համար գլխավոր խնդիրներից մեկը:

Հաշվի առնելով` վերը նշված հանգամանքները և այն համադրելով ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի պնդումների հետ, ինչպես նաև նկատի առնելով նաև, որ հղում է կատարվում դեռևս չհրապարակված հարցման և անհայտ կառույցի` հանգում ենք այն եզրակացության, որ ԱԺ պատգամավորը մանիպուլացնում և սխալ է ներկայացնում փաստերը` հօգուտ իր իշխանական թիմի օրակարգի:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը