Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներն ու ստերը Գերմանիայում փորձագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ. ՄԱՍ 1

article-image

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում հանդիպում էր ունեցել ԳԴՀ գիտական և փորձագիտական շրջանակների հետ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ինչպես նաև պատասխանել է ներկաների հարցերին:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրա բովանդակությունը հանդիսացող ժողովրդավարության, օրենքի իշխանության, մարդու իրավունքների պաշտպանության և դրանից հետո տեղի ունեցող գործընթացների մասին:

Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում ևս զերծ չմնաց ներքաղաքական խնդիրները, այդ թվում նաև` Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իշխանական մանիպուլյացիաները ներկայացնելու գերմանական փորձագիտական հանրությանը:

Հետաքրքիր է, որ հանդիպման ընթացքում գերմանացի փորձագետները ընդգծում էին Սահմանադրության, օրենքների համապատասխանության անհրաժեշտությունը և առաջարկում իրենց օգնությունը բարեփոխումների հարցում: Հանդիպման մասնակիցներից Վիզը իր ելույթում նշեց, որ կա «խնդիրը, որ Սահմանադրական դատարանը օկուպացիայի է ենթարկվել հոկտեմբեր ամսին», ինչպես նաև մեջբերել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հատված:

Վարչապետը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես ասաց. «Ես ուզում եմ խոստովանել, որ Սահմանադրական դատարանի օկուպացիա Հայաստանում իրոք տեղի է ունեցել, բայց դա տեղի է ունեցել ոչ թե հոկտեմբերին, այլ 2018 թվականի մարտին»: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված և այլ ընթացակարգերի, իր բնորոշմամբ, խախտումների և ապօրինությունների մասին`խախտելով դեռևս քննության գործընթացում ներգրավված անձանց անմեղության կանխավարկածը:

Վարչապետի այս հայտարարություններին անդրադարձավ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որը նշում էր, թե ինչ սուտ դատողություններ է հնչեցրել Նիկոլ Փաշինյանը իր ելույթում:

Բաբայանը մասնավորապես նշել է. «Վարչապետ Փաշինյանն այս անգամ էլ Գերմանիայում խախտեց իմ անմեղության կանխավարկածը՝ ինձ վերաբերվող քրեական գործից ներկայացնելով ակնհայտ #ՍՈՒՏ տեղեկություններ:

Այսպես, վարչապետ Փաշինյանն իր գերմանական հարցուպատասխանում որպես հաստատված փաստ ներկայացնում է ակնհայտ սուտ տեղեկություններ.

#ՍՈՒՏ 1․ Փաշինյանը հայտնում է, թե իբր Գագիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը գրել է մարտի 5-ին։
Այնինչ` քրեական գործի նյութերով հաստատվել է, որ հրաժարականի դիմումը ստորագրել է մարտի 1-ին:

#ՍՈՒՏ 2․ Իբր Գագիկ Հարությունյանի հրաժարականն արձանագրվել է ավելի շուտ, մարտի 2-ին։ Սա, իբր, արվել է այն բանի համար, իբր՝ եթե այն արձանագրվեր մարտի 5-ին, ապա հնարավոր չէր լինի գործող Սահմանադրությամբ ընտրել ՍԴ նախագահ, որը կպաշտոնավարեր 18 տարի ժամկետով։
Այնինչ՝ քրեական գործի նյութերով հաստատվել է, որ գործընթացն ԱԺ-ում իրականացվել է հենց գործող Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան, այն է՝ ամբողջ գործընթացները կազմակերպվել են այնպես, որն, իբր, գործող օրենդրության շրջանցելով արվել։
Ուստի՝ «մարտի 2 - մարտի 5» համառորեն առաջ տարվող տեսությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև անտրամաբանական է ու հակաբանական։

#ՍՈՒՏ 3․ Սահմանադրական դատարանի օկուպացիա ասելով հենց սա նկատի ունեմ։
Այնինչ՝ երկու օր առաջ գլխավոր դատախազությունը վերադադրձնելով քրեական գործը քննիչին ևս մեկ անգամ հաստատել է, որ օկուպացիա (իշխանության յուրացում) տեղի չի ունեցել։

#ՍՈՒՏ 4․ Իբր Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել ինչ-որ սխեմայում դեր ունենալու համար...
Այնինչ` քրեական գործով ապացուցված է, որ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվել է միայն մեկ պատճառով` հավակնել է ԲԴԽ նախագահի պաշտոնին, որը կազմավորվում էր հենց այդ ժամանակ։

Այսպիսով, արդեն անհանդուրժելի են դառնում գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից տարածվող #ՍՏԵՐԸ, որոնք արդեն նա հասցրել է Գերմանիա։ Դրանք պետք է հերքվեն հենց անձամբ Փաշինյանի կողմից, որի առնչությամբ պլանավորում եմ սկսել իրավական գործընթաց»:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ դատախազությունը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործի մեղադրական եզրակացությունը չհաստատելուց հետո արդեն այս տարի փետրվարին գործը հսկող դատախազը երկրորդ անգամ չի հաստատել մեղադրական եզրակացությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը եւ նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նա, կրկնելով իր հայտնի «Ղարաբաղի հարցի լուծման որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար» թեզը, նշեց, որ Հայաստանում ինքը արժանացել է բավականին լայն քննադատության:

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերի շրջանակը բավական լայն էր. միգրացիա, Ամուլսար, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Գարեգին Նժդեհ, արտաքին քաղաքականություն և այլն:

Նիկոլ Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2018 թվականից ի վեր Եվրամիությունում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից շատ (մոտ 60%-ով), և որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքի և ելքի էական դինամիկա ունենք` դրական առումով, մասնավորապես` 2019 թվականին Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը 10.000-ով ավելի է ՀՀ տարածքից դուրս եկած քաղաքացիներից: «Հետևաբար» անշարժ գույքի վարձակալության գները բարձրանում են և այլն: «Ես չեմ ուզում ասել, որ Հայաստանի Հանրապետությունից դադարել է, բայց արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից դադարում է: Թվերը դա են ցույց տալիս»:

Փաստենք, որ համաձայն «Հետքի» ուսումնասիրության` «2019 թվականին միգրացիայի մնացորդը բացասական թվով 16,000 է, որը նախորդ վեց տարիների համեմատ ամենացածր ցուցանիշն է: Սակայն սա բարձր է 2012 թվականի ցուցանիշից, երբ գրանցվել էր բացասական 9,400, որը անկախությունից ի վեր` նախորդող 28 տարիների ընթացքում միգրացիայի մնացորդի ամենացածր ցուցանիշն է»:

Ինչպես նաև պետք է նշել, որ 2018 թ. ԱՄՆ խաղարկային վիզաների կամ «Գրին քարտի» խաղարկությանը Հայաստանից դիմել է 110,725 քաղաքացի, որը 14,336-ով ավելի է 2017 թ. և 38,871-ով՝ 2016 թ.-ի համանման դիմումներից:

Անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվության հանգամանքին` Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «շահագրգիռ եմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանին անվերականգնելի բնապահպանական վնասներ չի պատճառի, շահագրգիռ չեմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանում բնապահպանական աղետների կհանգեցնի: Ոչ միայն շահագրգիռ չեմ, այլև նման պարագայում չեմ կարող թույլ տալ ուղղակի այդ հանքի շահագործումը: Այլ բան, որ մենք, ցավոք սրտի, որոշակի իրավիճակների պատճառով, այդ թվում` հանրային որոշակի անվստահության պատճառով չենք կարողանում բավարար տեմպերով այս հարցերի պատասխանը ստանալու առումով»:

Հետաքրքիր է, որ դեռևս 2019 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներից մեկում Ջերմուկ քաղաքի բնակիչներին կոչ էր արել ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները: Նա նշել էր, որ որևէ իրավական հիմք չկա հանքի շահագործումը արգելելու համար: Փաշինյանը ընդգծել էր նաև երկրի տնտեսական անվտանգության հարցը: «Թե մենք ասում ենք, որ ուղղակի Ամուլսարի հանքը չենք թույլ տալիս, որ շահագործվի, շատ պարզ հարց է ծագում. ինչո՞ւ, բնապահպանական մտավախություններից ելնելո՞վ՝ այո, իհարկե բնապահպանական մտավախություններից ելնելով: Այստեղ ծագում է հաջորդ հարցը՝ եթե այդպես է, ինչո՞ւ եք թույլ տալիս օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը շահագործվի, Թեղուտի հանքը շահագործվի»,- մանրամասնել էր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք նաև, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Եզրակացությունը օգոստոսի սկզբին ուղարկվել էր համապատասխան մարմիններին: Փորձագետները եկել էին դրական եզրակացության:

Օլիգարխների և նրանց ունեցած ազդեցության վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ «իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա»:

Պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը: Բերենք մեկ օրինակ. ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը 2019 թվականին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հայտարարագրել է 2.263.000 դրամ արժեքով բաժնետոմսեր: Որպես դրամական միջոց` Տիգրան Կարապետյանը հայտարարագրել է 103 միլիոն դրամ և 230.000 դոլար: Հետաքրքիր է, թե հավելյալ ինչ կետեր են անհրաժեշտ տվյալ դեպքում Տիգրան Կարապետյանին մեծահարուստ անվանելու համար:

Ի դեպ, կարող ենք նշել, որ Կառավարությունում ևս մեծահարուստներ կան, օրինակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին է պատկանում «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով: Մյուս նախարարի` Արսեն Թորոսյանի կինը ղեկավարում է «ՄԻԲՍ»-ը մասնավոր կլինիկա է, որ մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը մինչև նախարար դառնալը գլխավորում էր Արսեն Թորոսյանը։  

Ինչպես և կարող ենք ևս մեկ անգամ փաստել, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացնող, շատ հաճախ սուտ և սխալ հայտարարություններ է անում` ըստ էության, խուսափելով հստակ պատասխաններից և նախկինում իր իսկ կողմից արված հայտարարություններից:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն