Քաղաքական համակարգը «հետհեղափոխական» Հայաստանում

article-image

Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունից» հետո իշխանության կողմից փորձ է արվում ներկայացնել երկիրը որպես ժողովրդավար պետություն, որի շրջանակներում, սակայն, պարբերաբար տեղի են ունենում ժողովրդավարական վարչակարգին հակասող ներքաղաքական գործընթացներ։ Հաշվի առնելով, այն որ պետության արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է` անհրաժեշտ է դառնում հասկանալ «հետհեղափոխական» Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը, որը նախ և առաջ բացատրվում է քաղաքական համակարգի միջոցով։

Քաղաքական համակարգը ինստիտուտների, շահերի խմբերի (ինչպիսիք են քաղաքական կուսակցությունները), այդ ինստիտուտների ու նրանց գործառույթները կարգավորող քաղաքական նորմերի և կանոնների (ինչպիսին է Սահմանադրությունը) միջև փոխհարաբերությունների համակարգն է։  Քաղաքական համակարգի գործառույթներից է քաղաքական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ սոցիալական, տնտեսական և մշակութային համակարգերի տարրերի համապատասխանեցումն ու փոփոխումը։ Քաղաքական համակարգի առավել ամբողջական սահմանման համար անհրաժեշտ է առանձին դիտարկել քաղաքական համակարգի բաղադրիչները։ Որպես կանոն, առանձնացվում են քաղաքական համակարգի հետևյալ տարրերը՝ քաղաքական ինստիտուտներ, քաղաքական հարաբերություններ, քաղաքական նորմեր, քաղաքական գիտակցություն և քաղաքական մշակույթ։ 

Քաղաքական ինստիտուտները կառավարական ինստիտուտներն են, որոնք մշակում և կիրառում են օրենքները: Քաղաքական ինստիտուտ են համարվում կուսակցությունները, դատարանները և այլն։ Քաղաքական ինստիտուտների հետ համատեղ հաճախ դիտարկվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ պատասխանատվությունը և հաշվետվողականությունը: «Հետհեղափոխական» Հայաստանում քաղաքական ինստիտուտները ավելի շատ տեղավորվում են թերի ժողովրդավարության համատեքստում, որը ուղեկցվում է օխլոկրատիկ դրսևորումներով, քան ուղղված են հաստատելու բուն ժողովրդավարական վարչակարգ։ Այսպես, ժողովրդավարական վարչակարգերում կարևոր քաղաքական ինստիտուտ է հանդիսանում առողջ ընդդիմությունը, որը ներկայիս խորհրդարանում լոյալ ընդդիմության դեր է կատարում՝ դրանով իսկ մանիպուլացման ու անպատասխանատվության մեծ լծակներ տրամադրելով իշխանական ուժին։ Ինչ վերաբերում է դատարաններին, ապա Սահմանադրական դատարանը, որը պետական իշխանության դատական ճյուղին պատկանող սահմանադրական վերահսկողության մարմին է և ժողովրդավար վարչակարգում առանցքային դեր է կատարում, ապահովելով մարդու իրավունքներն ու ազատությունները, «հետհեղափոխական» Հայաստանում թիրախավորվել է, և փորձ է արվում անձնավորման և անհեթեթ փաստերի հետևանքով արժեզրկել այն։

Քաղաքական հարաբերությունները առաջանում են քաղաքական գործընթացում սուբյեկտների և մասնակիցների փոխգործակցության արդյունքում՝ քաղաքական ուժի ձեռք բերման և կիրառման շրջանակներում: Քաղաքական հարաբերությունների սուբյեկտներն են առանձին անհատները, հասարակական և քաղաքական խմբերը, կազմակերպությունները և շարժումները, հասարակական և քաղաքական ինստիտուտները, պետությունը: Քաղաքական հարաբերությունների դաշտ մտնող ցանկացած անձ կամայականորեն կրում է իր գործունեության և գիտակցության մեջ մասնավոր և ընդհանուր, անձնական և հասարակական կամ խմբային շահերի փոխկապակցվածությունը և միմյանցից չտարանջատումը: «Հետհեղափոխական» Հայաստանում անձնական և հասարակական շահը ոչ միայն ոչ միշտ է դիտարկվում փոխկախվածության և չտարանջատման համատեքստում, այլև անձնականը, որպես կանոն, գերակա դիրք է ստանձնում հասարակական կամ խմբային շահերի նկատմամբ, թեև ներկայացվում է որպես այդպիսին։ Նմանատիպ օրինակ է ԶԼՄ-ների և իշխանությունների միջև եղած քաղաքական հարաբերությունները։ Ինչպես երևում է քաղաքական գործընթացներից, այն ԶԼՄ-ները, որոնք անմիջականորեն աջակցություն են ստանում իշխանությունից կամ պարզապես աջակցում են իշխանություններին, ներկայացվում են դրական լույսի ներքո՝ անկախ այդ ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերի ոչ համապարփակ լուսաբանումից։ Միևնույն ժամանակ, այն ԶԼՄ-ները, որոնք այս կամ այն ձևով արձանագրում են իշխանության կողմից արված սխալները կամ թերացումները, արժանանում են քաղաքական հետապնդման։ Նմանատիպ զարգացումները վկայում են բազմակարծության, խոսքի և մամուլի ազատության սահմանափակման մասին, ինչը միանշանակ հեռու է ժողովրդավար Հայաստան կերտելու նպատակից, որը, կարծես թե ընկած էր «սիրո և համերաշխության հեղափոխության» գաղափարի հիմքում։ 

Քաղաքական նորմերը կառավարում են հարաբերությունները ինստիտուտների ներսում և ինստիտուտի ու հասարակության միջև: Նրանք կառավարում են քաղաքական համակարգի տարբեր տարրերի միջև փոխհարաբերությունները, ամրագրում պետության և հասարակության կարևորագույն բնութագրերը, ամրագրում, երաշխավորում և ապահովում քաղաքացու կարգավիճակը, կարգավորում հարաբերությունները իշխանության ճյուղերի ու կառավարման միջև և այլն: Քաղաքական նորմերը որոշում են տարբեր պետական մարմինների աշխատանքի եղանակը և ոճը, ամրապնդում են մասնակիցների համապատասխան դերերը քաղաքական փոխազդեցության մեջ: Օրինակ` անձը, ով ստանձնում է պատգամավորի պարտականությունները, պարտավոր է գործել համաձայն այն նորմերի, որոնք բնութագրում են պառլամենտարիզմի ինստիտուտը, այն է՝ հրապարակավ արտահայտել իր կարծիքը, մասնակցել օրենսդրական գործունեությանը, հաշվետու լինել ընտրողների առջև և այլն: «Հետհեղափոխական» Հայաստանում պետական մարմինների աշխատանքի եղանակը և ոճը սահմանող քաղաքական նորմերը տեղավորվում են քաղաքական հաճախորդության կամ կլիենտելիզմի շրջանակներում: Քաղաքական հաճախորդությունը, որի հիմքում ընկած են հովանավոր (կուսակցություն) և հաճախորդի  (ընտրազանգված) հարաբերությունները, ենթադրում է հաճախորդի կողմից քաղաքական կամ ֆինանսական աջակցության տրամադրումը (ձայների միջոցով) հովանավորին, փոխարենը հովանավորի կողմից հատուկ արտոնության կամ նպաստի ձեռք բերմանը։ Թեև «հետհեղափոխական» Հայաստանը զերծ չէր քաղաքական հաճախորդության դրսևորումից կուսակցություն-ընտրազանգված հարաբերություններում, այնուամենայնիվ, այդ երևույթը տեղափոխվել է նաև պետական համակարգի կառույցներում աշխատողներ – իշխող կուսակցության վերնախավ մակարդակ։ Սրա մասին են վկայում նախորդ տարվա ընթացքում տրամադրված պարգևավճարները Կառավարության, Ազգային ժողովի և պետական կառույցների աշխատողներին, որոնք միջոց են հանդիսանում հավատարմության և ի օգուտ իշխող կուսակցությանը «ձայների» տրամադրման համար։

Քաղաքական գիտակցությունը սահմանվում է որպես մտավոր երևույթների մի ամբողջություն, որում արտահայտվում է քաղաքականության ընկալումը քաղաքական գործընթացի անհատ սուբյեկտի կողմից: Քաղաքական գիտակցությունը, արժեքների, վերաբերմունքի և այլնի հետ մեկտեղ, ներառում է դրանց զարգացման հոգեբանական մեխանիզմը, այն է սեփական դիրքորշման որոնումը: Քաղաքական գիտակցությունը սերտորեն կապված է քաղաքական վարքի հետ, նրա նախապատրաստական փուլն է, ինչը հետագայում հնարավոր է դարձնում քաղաքական փոխգործակցությունը քաղաքական գործընթացների սուբյեկտների միջև: Քաղաքական գիտակցությունը կարելի է բնութագրել որպես «ներքին» քաղաքական վարք, որը ազդում է մարդու «արտաքին» վարքագծի, այն է՝ նրա ակտիվության և գործունեության վրա: Այն հնարավորություն է տալիս գնահատել սեփական հնարավորությունները և ազդել քաղաքական համակարգի վրա՝ իրենց շահերի և ակնկալիքների իրագործման նպատակով։ Քանի որ քաղաքական գիտակցությունը և քաղաքական հարաբերությունները փոխկապակցված են, քաղաքական հարաբերություններում թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը կարող է շփոթեցնող ազդեցություն ունենալ քաղաքական գիտակցության ձևավորման վրա, որը իր հերթին հանգեցնում է հեշտ մանիպուլացվելուն, մոբիլիզացմանը և այլն։ «Հետհեղափոխական» Հայաստանում թեև մի կողմից հասարակությունը հավատալով իր կարողություններին կարողացավ ապահովել իշխանափոխություն, մյուս կողմից կառավարական համակարգում առկա անթափանցիկությունն ու անհաշվետվողականությունը կամ իրականության միակողմանի ներկայացնումը, ԶԼՄ-ների հանդեպ հնարավոր վերահսկողության միջոցով, ապակողմնորոշիչ դերակատարություն է ունենում քաղաքական գիտակցության ձևավորման վրա հասարակության որոշ հատվածի մոտ։

Քաղաքական մշակույթը տվյալ քաղաքական համակարգում մասնակիցների անհատական դիրքորոշումների և կողմնորոշումների համադրությունն է, որն ընկած է քաղաքական գործողությունների հիմքում։ Այն նաև քաղաքական սուբյեկտների քաղաքական փորձի, գիտելիքների, կարծրատիպերի, վարքի ձևերի և գործելաոճի համակարգ է: Վերոնշյալ տարրերը ազդեցություն են ունենում քաղաքացիների քաղաքական գիտակցության վրա՝ ձևավորելով նրանց քաղաքական կողմնորոշումները և վերաբերմունքը, ազդեցություն ունենալով քաղաքական վարքագծի վրա։ Իշխանությունների կողմից լիազորությունների չարաշահումը ու քաղաքացիների քաղաքական շահերի արհամարհումը և քաղաքացիների կողմից նման վարքագծի անպատժելիության ընդունումը, նախ և առաջ վկայում է քաղաքական մշակույթի ցածր մակարդակի մասին, հակառակ պարագայում քաղաքացիների հետևողականությունը իշխանությունների գործողությունների` Սահմանադրության դրույթներին համապատասխանելիությանը կնպաստեր օրենքի գերակայության հաստատմանը պետությունում։

Կարող ենք ասել, որ թեև «հետհեղափոխական» Հայաստանում փորձ է արվում ներկայացնել Հայաստանը բացառապես ժողովրդավար պետության կարգավիճակով, այնուամենայնիվ, քաղաքական համակարգում տեղի ունեցող գործողությունները ավելի հակված են տեղավորվելու թերի ժողովրդավարական վարչակարգի շրջանակներում։ Ավելին, քաղաքական համակարգի տարրերի խոցելիությունը (քաղաքական գիտակցության, քաղաքական մշակույթի և այլն ցածր մակարդակը) վկայում է «հետհեղափոխական» Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական համակարգի բարելավման ձախողման մասին։ Նման իրավիճակը թեև կարող է «ձեռնտու» լինել իշխանական շահերի առաջ մղման համար, մանիպուլացնելով ու ապակողմնորոշելով հասարակության որոշ հատվածին, այնուամենայնիվ, ընտրությունների ժամանակ իշխանության վերարտադրման գործընթացում կարող է նաև խոչընդոտ հանդիսանալ՝ հասարակության քաղաքականապես ակտիվ և հետևողական հատվածի գործողությունների միջոցով։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն