Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մանիպուլյացիաները Մյունխենում

article-image

Փետրվարի 16-ի Փաշինյան-Ալիև Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած պանելային հանդիպումը լայն քննարկումների առիթ հանդիսացավ հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում, ըստ էության, չկար որևէ նորություն, և ինչպես միշտ` լի էր կեղծիքներով և մանիպուլյացիաներով։ Իր խոսքի ընթացքում Ալիևը անդրադարձավ 1805թ․ Քյուրակչայի, 1813թ․ Գյուլիստանի, 1828թ․ Թուրքմենչայի, 1923թ․ Լեռնային Ղարաբաղի բռնակցման, 1980-ականների իրադարձությունների, Խոջալուի դեպքերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերի մասին: Առավել հանգամանալից անդրադառնանք Ալիևի մի քանի փաստարկներին:


Իր ելույթում Ալիևը անդրադարձավ Քյուրակչայի, Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերին

Ադրբեջանի նախագահ Ալիևը, հղում կատարելով Քյուրակչայի, Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերին, «ապացուցում է», որ այդտեղ հայեր չեն ապրել («Ոչինչ չկա հայ բնակչության մասին»): Ալիևը շեշտադրում է Ղարաբաղի խանությունը և դրանում  հայկական բնակչության բացակայությունը, սակայն մինչև այդ իրադարձությունները Ղարաբաղի խանության տարածքում մինչև 18-րդ դարի կեսերը գոյություն ունեցած պարսից իշխանություններից փաստացի անկախ հայկական սղնախների, այնուհետև Խամսայի մելիքությունների վերաբերյալ, որոնց գոյության վառ ապացույցները այսօր էլ առկա են Արցախի տարածքում։ Ինչպես նաև անտեսվում է այն փաստը (որը կարող էր նշել նաև Նիկոլ Փաշինյանը), որ դեռևս 14-րդ դարից  Արցախում գործում էր նաև Գանձասարի հայկական կաթողիկոսությունը, որը հայ ժողովրդին համախմբող ևս մեկ կառույց էր:

Ի դեպ, ինչպես է ստեղծվել Ղարաբաղի խանությունը.

«Վարանդայի մելիք Հովսեփի դեմ ապրստամբեց նրա կրտսեր եղբայր Շահնազարը, որը սպանելով եղբորը՝ տիրացավ մելիքական աթոռին։ Խամսայի մյուս չորս մելիքները միացյալ ուժերով հարձակվեցին ինքնակոչի վրա։ Շահնազարը 1752 թ. զինական օգնություն խնդրեց երկրամասի արևելյան սահմանների մոտ ծվարած քոչվոր թուրք սարըջալու ցեղապետ Փանահից և նրան տրամադրեց հինավուրց Բերդաքար-Շոշ (Շուշի) ամրոցը։ Այսպես, պատմության մեջ առաջին անգամ, Արցախի սրտում բնակություն հաստատեց մի օտար թուրքական ցեղ։ Փանահը 1752-1754 թթ. արագորեն վերակառուցելով Շոշի բերդը՝ ամրացավ այնտեղ։ Շուտով շահը նրան շնորհեց խանական տիտղոս և հայ մելիքներին պարտադրեց ենթարկվել նրա գերիշխանությանը։

Այսպիսով ստեղծվեց Ղարաբաղի խանությունը, որր կատարյալ չարիք դարձավ երկրամասի բնիկ բնակչության՝ հայերի համար և հանդիսացավ Խամսայի թուլացման հիմնական պատճառներից մեկը։ Եղբայրասպան կռիվներից հյուծված ու ջլատված Խամսայի մելիքություններն անկարող եղան դիմագրավել Ղարաբաղի խանի և Պարսկաստանի կառավարության բացահայտ թշնամական գործողություններին, որոնց միասնական ջանքերով հայ մելիքների զինական դաշնակցությունը քայքայվեց»:


Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի` 1921 թվականի հուլիսի 5-ին կայացրած որոշման մասին

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով 1921թ․ հուլիսի 5-ի  Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմանը, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը փոխանցվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին, սակայն այստեղ նույնպես Ալիևը ներկայացնում է այսբերգի միայն վերին` Ադրբեջանի համար ձեռնտու հատվածը: Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո՝ 1920 թվականի նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում, ըստ որի` Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը վերացված են համարվում։ Արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը դառնում են Հայկական ԽՍՀ-ի մաս։ Այդ որոշումը վավերացվեց 1920 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրի կարգավիճակով։ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և հայ-ադրբեջանական համաձայնության հիման վրա՝ 1921 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Հայաստանի անբաժանելի մաս։ 1921 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն Թիֆլիսում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում հաստատվում է Լեռնային Ղարաբաղի` Հայկական ԽՍՀ-ի մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, բոյշևիկյան ղեկավարության թելադրանքով հուլիսի 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշումը:

Այնուհանդերձ պետք է նկատի առնենք ևս մեկ հետաքրքիր պատմական առնչություն. չնայած համընդհանուր կերպով ընդունված այն տարբերակի, համաձայն որի` ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի ընդունած որոշումը ընդունվել է Իոսիֆ Ստալինի գործուն միջամտությամբ` մասնագետները պնդում են, որ Ստալինի ուղղակի միջամտությունը գիտականորեն ապացուցված չէ: «Այն բոլոր փաստաթղթերում, որոնք ես ուսումնասիրել եմ, որևէ ուղիղ վկայություն չկա, որ Ստալինը ասել կամ արել է 1921 թվականի ամռան այդ 12 օրերի ընթացքում, որը կարող է հանգեցնել դրան (որը հանգեցրել է Ղարաբաղի վերաբերյալ այս որոշմանը): Շատերը ենթադրում են. քանի որ Ստալինը հրեշավոր մարդ էր, նման հրեշի համար բնորոշ կլիներ այդպիսի որոշում ընդունելը»: Նման համոզմունք է հայտնել «Հակամարտությունից` ինքնավարություն Կովկասում. Խորհրդային Միությունը և Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Լեռնային Ղարաբաղի կայացումը» աշխատության հեղինակ Արսեն Սափարովը:


Ալիևը Արցախյան շարժումը անվանում է «հայկական ագրեսիա` ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության»

Անդրադառնալով 1980-ականների հայ ժողովրդի ազատագրական պայքարին, Ալիևը  այն ներկայացնում է, որպես հայ ժողովուրդի ագրեսիա, որի պատճառով վտանգվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և որի արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, սակայն ինչ տեղի ունեցել իրականում։ 1985 թվականին ԽՄԿԿ ապրիլյան պլենումի կողմից գորբոչովյան «գլասնոստի» հռչակումից հետո արցախահայությանը հնարավորություն ընձեռվեց ԼՂԻՄ-ը միացնել ՀԽՍՀ-ին։ 1987-1988 թվականներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունն ակտիվ ստորագրահավաք սկսեց՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու վերաբերյալ, որի տակ ստորագրեց ավելի քան 80 հազար մարդ։ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով։ Խնդրին խաղաղ լուծում տալու փոխարեն փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, ըստ որի Արցախյան շարժումը որակվեց «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է ԱդրԽՍՀ-ի և ՀԽՍՀ-ի աշխատավորների շահերին։ Տեսնելով, որ խնդիրը խորհրդային իշխանությունների կողմից լուծում չի ստանում, ժողովուրդն ինքն սկսեց իր պայքարը, ինչին հաջորդեցին ադրբեջանական սադրիչ գործողությունները, որոնց վերջարդյունքը դարձավ 1988 թվականի փետրվարի 27-29-ին տեղի ունեցած Բաքվի և Սումգայիթի ջարդերը։


Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ

Անդրադառնալով Խոջալուի դեպքերին` Ալիևը հայտարարել է, որ «հայերը դաժանաբար 613 ադրբեջանցի են սպանել` պատերազմական հանցագործություն կատարելով»։

Խոջալուի շուրջ տեղեկատվական պատերազմում հարկ է տարբերակել փաստարկված իսկությունը և կեղծիքը:

Ղարաբաղյան պատերազմի ամենահայտնի դրվագներից է Խոջալու բնակավայրի շուրջ ծավալվող իրադարձությունները 1992թ. փետրվարին, երբ խաղաղ բնակիչները գիշերը լքում էին Խոջալուն և շարժվում էին Աղդամ ադրբեջանական քաղաքի ուղղությամբ: Ըստ հայկական կողմի պնդումների` նրանց համար ազատ միջանցք էր բացվել, սակայն ադրբեջանական կողմը հերքում է տվյալ փաստը: Ադրբեջանական աղբյուրների համաձայն` այդ օրերին 613 մարդ է զոհվել: Այս դրվագը տարբերվում է մյուսներից առաջին հերթին նրանով, որ այն տարածքը, որտեղ զոհվեցին Խոջալուի բնակիչները, գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո, և նրանք մահացածներին և տեղանքը անսահմանափակ ու անարգել նկարահանելու հնարավորություն ունեին: Հատկանշական է, որ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաևը հայտնվեց մարդկանց զոհվելու վայրում դեպքից անմիջապես հետո, և հենց նրա տեսանյութերը հիմք հանդիսացան Խոջալուի մասին վավերագրական նյութերի համար:

Անդրադառնալով Խոջալուի շուրջ դեպքերին` Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր մի քանի պարզ հարցեր բարձրացնել, մասնավորապես` եթե հայկական կողմը պատրաստվում էր ոչնչացնել Խոջալուի բնակչությանը, ինչու՞ էր այդ դեպքում մի քանի օր շարունակ բարձրախոսներով զգուշացնում մարդկանց գալիք հարձակման մասին, ինչու՞ են ականատեսները և ուղղակի սեփական տեսակետն արտահայտող մարդիկ զոհվում, ընկնում բանտ, կամ արտաքսվում երկրից, ինչու՞ են որպես «հայկական վայրագությունները» ցուցադրող փաստագրական նյութեր օգտագործվում Կոսովոյի դեպքերի, երկրաշարժերի զոհերի և այլ վայրերի ու իրադարձությունների փախստականների լուսանկարներ ու տեսանյութեր:

Պետք է նշել նաև, որ Ալիևի կողմից հիշատակված «պատերազմական հանցագործության» օրինակ ցույց է տվել հենց ադրբեջանական կողմը Մարաղայում, որովհետև Մարաղայում տեղի ունեցած ոճրագործությունը համարվում է ռազմական հանցագործություն, քանի որ 1992 թվականի ապրիլին ադրբեջանական ռազմական ագրեսիան արդեն իսկ ակտիվ փուլում էր, և այս դեպքում ադրբեջանական զինված ստորաբաժանումները սպանել են խաղաղ և անզեն բնակչությանը, ինչը տեղի ունեցավ նաև Խոջալուում: 


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և դրանց շուրջ Ալիևի մանիպուլյացիաները

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի մասով Ալիևը նույնպես մանիպուլացրել է փաստերը` յուրովի մեկնաբանելով բանաձևերը:

Նախ նշենք, որ խոսքը վերաբերում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած 822, 853, 874, 884 բանաձևերին:

Նախագահ Ալիևը, քննարկման ընթացքում խոսելով բանաձևերի բովանդակության մասին, նշում է. «Հայկական զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս գան զավթված տարածքներից»:

Սակայն Ալիևը ստում է, քանի որ բանաձևերում ներկայացված է «Local Armenian forces» արտահայտությունը: Օրինակ,

ՄԱԿ ԱԽ 1993 թվականի ապրիլի 30-ին ընդունված  N822 բանաձևում  նշվում է. «... Noting with alarm the escalation in armed hostilities, in particular, the latest invasion of the Kelbadjar district of the Republic of Azerbaijan by local Armenian Forces…»` «…Տագնապով նշելով ռազմական գործողությունների թեժացումը, հատկապես Ադրբեջանի Հանրապետության Քելբաջար շրջան հարձակումը տեղական հայկական ուժերի կողմից»:

ՄԱԿ ԱԽ 1993 թվականի հուլիսի 29-ին ընդունված N853 բանաձևում զինված ուժերի «պատկանելիության» մասին հիշատակում չկա:

ՄԱԿ ԱԽ 1993 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունված N874 բանաձևում, ի թիվս վերը նշված բանաձևերում տեղ գտած արտահայտությունների, խոսվում է 822-րդ և 853-րդ բանաձևերի իրագործման ճշգրտված ժամանակացույցի  (“Adjusted Timetable of urgent steps to implement Security Council resolutions 822 (1993) and 853 (1993) ”) մասին:

Ավելին, այս բանաձևով նախատեսվում էր ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի հրատապ գումարում՝ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով: 1992 թ. մայիսին Ադրբեջանը արգելափակել է Մինսկի խորհրդաժողովի գումարումը՝ առաջադրելով ակնհայտորեն անիրագործելի նախապայմաններ։ Չնայած ՄԱԿ-ի ԱԽ կոչերին, հետագայում ադրբեջանական կողմը շարունակել է պահպանել տվյալ դիրքորոշումը, ինչն անհնար դարձրեց Մինսկի խորհրդաժողովի անցկացումը։

ՄԱԿ ԱԽ 1993 թվականի նոյեմբերի 12-ին ընդունված N884 բանաձևում նույնպես չկա Ալիևի նշած արտահայտությունը:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ նախագահ Ալիևը հրապարակավ մեղադրում է Հայաստանին «փախստականների, տեղահանվածների և էթնիկ զռտումներ իրականացնելու մեջ» և շարունակաբար մեջբերում ՄԱԿ ԱԽ բանաձևերը, սակայն հենց Ադրբեջանը չի ենթարկվում բանաձևերի պահանջներին. զինված հակամարտության սկզբից մինչև հիմա ադրբեջանական կողմը խոչընդոտում է փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով մասնագիտացված միջազգային կազմակերպությունների այցերը Արցախ՝ հանրապետությունում բնակվող Ադրբեջանից հայ փախստականներին և ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու համար:

Ադրբեջանի նախագահի հնչեցրած «փաստարկները» կարելի է ճնշել բազմաթիվ հանգամանալից այլ փաստական տվյալներով ևս


Այնուամենայնիվ, ցավոք, քիչ չէին նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանի ներկայիս բանակցողի սխալները և լուրջ բացթողումները:

Այսպես.

1. Փաշինյանը, անդրադառնալով Ալիևի պնդումներին և որակումներին, խոսեց Տիգրան Մեծից, Պոմպեոսից, շեշտադրում անելով այն փաստին, որ այդ ժամանակաշրջանում տարածաշրջանային քարտեզի վրա չկար Ադրբեջան պետություն: Եվ արդյո՞ք պետք էր այդքան հետ գնալ պատմության անիվով, որպեսզի հակադարձել Ալիևի` առանց այդ էլ անհիմն պնդումներին, որոնք առնչվում էին Արցախի« ադրբեջանական» լինելուն` տպավորություն ստեղծելով, որ դա միակ պատմական կետն է, որը մենք առանց վարանելու կարող ենք մեջբերել տվյալ կոնտեքստում: Հաջող օրինակների շարքում կարելի էր նշել մինչև 1921թ. հուլիսի 5-ի անօրիանկան որոշումը և ներկայացնել, որ Ռուսական կայսրության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

2.Խոսելով Խոջալուի իրադարձությունների մասին` Փաշինյանը վկայակոչեց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը «Aргументы  и факты» պարբերականին, չնշելով թե ինչ տրամաբանություն է ընկած Մութալիբովի հարցազրուցի հիմքում, այսինքն չներկայացվեց հայկական զինված ուժերի կողմից մարդասիրական անցում թողնելու, տեղի խաղաղ բակչությանը  և ադրբեջանական զինված խմբավորումների սպասվող հարձակման մասին տեղյակ լինելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ Խոջալուի բնակչության վկայակոչած փաստերի մասին: Իսկ հարցազրույցը իրականում տպվել էր ռուսական մեկ այլ` «Независимой газета»-ին:

Այս կոնտեքստում տեղին կլիներ, եթե Փաշինյանը խոսեր ադրբեջանաական վայրագությունների մասին, մասնավորապես  1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայի կոտորածներից, որի ընթացքում դաժանաբար սպանվեցին ավելի քան 50 քաղաքացիական անձ, 1988թ. փետրվարի 27-ին տեղի ունեցած Սումգայիթի ջարդերից (դաժանաբար սպանված երեք տասնյակ հայ բնակչություն), Բաքվի 1988-1989թթ. ջարդերից, որի ընթացքում և դրա հետևանքով սպանված հայերի թիվը հասնում է առնվազն 500-600-ի:

Անդրադառնալով Ալիևի՝ Խոջալուի իրադաձությունների վերաբերյալ այն դիտարմնաը, որ այն ճանաչել և դատապարտել են ավելի քան 10 երկիր, Փաշինյանը ուղղակի պարտավոր էր հիշատակել, որ Եվրոպական խորհրդարանը երեք անգամ՝ 1988թ. հուլիսի 7-ին, 1990թ. հունվարի 18-ին և 1991թ. մարտի 14-ին, ընդունել է Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող երեք բանաձև: Բանաձևերում կոչ է արվում ԽՍՀՄ իշխանություններին քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապրող հայերի և նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով:

1990թ. հունվարի 18-ի բանաձևում Եվրոպական խորհրդարանը քննադատում է Բաքվում շարունակվող ջարդերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ բռնությունները, Հայաստանի շրջափակումը: Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Բաքվում վերսկսվել են ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունները, ինչի հետևանքով, նախնական հաշվարկներով, իրականացվել են բազմաթիվ հանցագործություններ, որոշ հայեր մահացել են, մասնավորապես, դաժան պայմաններում: Բանաձևում նաև դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս գտնվող հայկական գյուղերի, մասնավորապես, Շահումյանի և Գետաշենի շրջանների վրա հարձակումները: 1990թ. հունվարի 18-ի բանաձևում նաև հղում է կատարվում 1988թ. հուլիսի 7-ին ընդունված «Խորհրդային Հայաստանի վերաբերյալ» բանաձևին, որտեղ դատապարտվում էին Սումգայիթում հայերի դեմ իրականացված ջարդերը և Բաքվում հայերի դեմ բռնությունները:

3. Լրագրողի այն հարցին, թե ինչու կողմերը հակամարտության կարգավորման համար չեն դիմում միջազգային դատարան, Ալիևի պատասխանին հնչած արձագանքը Փաշինյանի կողմից շատ թույլ էր և չէր ներառում մի շարք կարևոր դիտարկումներ: Ալիևը պնդում է, որ ադրբեջանական կողմը հավատարիմ է բանակցային գործընթացին և այն սպառելու դեպքում միայն հնարավոր է դիմել միջազգային դատարան: Բնականաբար, Ալիևի այս պնդմանը որպես ապացույց կարելի էր բերել բազմաթիվ ապացուցված փաստեր, որոնցից, թերևս, ամենակնառուն 2016 թ. Ապրիլյան իրադարձություններն են, որի ընթացքում Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Շատ քիչ խոսվեց նաև Բաքվի կողմից արվող ռազմատենչ հայատարարությունների, ադրբեջանական հայատյաց քաղաքականության մասին: Անհրաժեշտ էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հիշեցնել իր իսկ հայտարարությունը այն մասին, որ իրենց թշնամին ոչ միայն Արցախի, այլ «ամբողջ աշխարհի հայությունն է»: Վերջինիս ցայտուն օրինակներ են հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացման (այս իրադարձությունը, ի դեպ, հիշատակվեց Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում փորձագիտական շրջանակներիհետ հանդիպման ընթացքում), մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում հաճախ հրահրվող և սկանդալային միջադեպերը: Բնականաբար, բանակցային գործընթացին հավատարիմ կողմը չի կարող նման վարքագիծ դրսևորել, և այդ փաստը անհրաժեշտ էր օգտագործել Ալիևի դեմ:

4. Քննարկման մոդերատորի այն հարցին, թե ինչ կարող է անել միջազգային հանրությունը հակամարտության արդար և խաղաղ լուծումը հնարավոր դարձնելու համար, Փաշինյանը պատասխանը ևս գոհացնող չէր և ինչ-որ տեղ նաև խուսափոխական ու չափից դուրս ընդհանրացված, ոչ կոնկրետ  բնույթ էր կրում: Փաշինյանը, ըստ էության, նշում է, որ յուրաքնաչյուր պետություն պետք է գիտակցի իր առջև դրված պատասխանատվությունը տարածաշրջանային, համաշխարհային խաղաղության պահպանման գործընթացքում և պնդում, որ այն, ինչ կարող է անել միջազգային հանարությունը, հստակ աձանագրելն է, որ ԼՂ հիմնախնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում` Արցախի ժողովուրդը կարող է ասել, որ այդ կոնֆլիկտը արդեն լուծված է: Այնուհետև ԼՂ հիմնախնդրի լուծման կոնտեքստում շարունակում է խոսել «մակրո- և միկրոհեղափոխությունների, այնուհետև` ճեղքման» մասին` նշելով որ նա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից միակն է, ով կիրառել է այդ հեղափոխական մոտեցումները` ասելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ի պատասխան` մենք Ալիևից լսեցինք Ադրբեջանի համար ձեռնտու` հակամարտության կարգավորման «փուլային» տարբերակը:

Ամփոփելով Փաշինյան-Ալիև բաց հանդիպումը` կարող ենք եզրակացնել, որ ընդհանուր առմամբ երկու կողմերի ելույթները ոչ այդքան փաստարկված էին և ունեին բազմաթիվ բացեր: Ալիևը ակնհայտորեն ստում էր, խեղաթյուրում էր փաստերը, իսկ վարչապետ Փաշինյանը քիչ տեղեկացված էր, գրեթե անտեղյակ բանակցային գործընթացից և հայկական կողմի զինանոցում առկա հսկայածավալ անժխտելի փաստերից, տեղ-տեղ շեղվում էր բովանդակային դիսկուրսից` այդպիսով թույլ տալով, որպեսզի Ալիևի վկայակոչած փաստերը ավելի արժանահավատ երևան: 

 

Հեղինակներ՝  Վլադիմիր Մկրտչյան

                       Մելինե Հայրապետյան

 


Կարդացեք նաև՝

Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներն ու ստերը Գերմանիայում փորձագիտական շրջանակների հետ հանդիպման ժամանակ. ՄԱՍ 1
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հակասական հայտարարություններ Մնացականյանի և Մամեդյարովի կողմից
ԱԳ նախարարի թերացումները ԼՂ հիմնախնդրի հետ կապված BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ
ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ մտահոգիչ զարգացումներ Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանն ընդառաջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն