Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հնչեցրած ստերն ու մանիպուլյացիաները

article-image

Փետրվարի 20-ին  Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի  հաղորդման հյուրն էր Նիկոլ Փաշինյանը: Հարցազրույցը բավականին հագեցած էր և իր մեջ ընդգրկում էր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրադարաձությունները, ԼՂ հիմնախնդիրը, Արցախում անցկացվելիք համապետական ընտրությունները, ինչպես նաև  «տնտեսական հեղափոխութունը»: Ստորև կանդրադառնանք հարցազրույցի ընթացքում Սահմանադրական դատարանի և Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց պնդումներին:

Վարչապետ Փաշինյանն իր հիմնավորումները Սահմանադրական փոփոխությունների և ԼՂ հիմնախնդրի մասով կառուցել է հետևալ թեզերի հիման վրա.

  1. «Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ժողովուրդը պետք է լեգիտիմացնի այն»։
  2. «Մեզ համար կարևոր է իշխանությունների տարանջատման, հակակշիռների և զսպումների սկզբունքը»։
  3. «Դատավորներին հրահանգներ չեն իջեցվում»։
  4. «Հանրությունը շարունակում է դատարանի կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա»։
  5. «Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են միկրոհեղափոխություններ, ապա` մինիհեղափոխություններ, ապա` ճեղքում»

«Սահմանդրությունը լեգիտիմ չէ, ժողովուրդը պետք է լեգիտիմացնի այն»

Նիկոլ Փաշինյանի ամենաակնհայտ սուտը դրսևորվում է այս պնդման մեջ: Փաստացի, վարչապետը ընդունում է, որ Սահմանադրության մեջ ամեն ինչ նորմալ է, և միակ թերությունը Սահմանադրական դատարանի դատավորների մասով ամրագրված անցումային  213-րդ հոդվածն է, ըստ որի` Սահմանադրական դատարանի դատավորները կարող են պաշտոնավարել մինչև 2037 թվականը, որն ի դեպ ինքնանպատակ չէ, ունի իր հստակ օրենսդրական հիմնավորումը և բխում է դատական օրենսգրքով նախատեսված դատավորների անկախության և անփոփոխության երաշխիքներից (տե՛ս՝ Դատական օրենսգրքի  11-րդ գլուխը):

Սակայն դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում պարբերաբար կրկնում էր, որ ՀՀ 2015թ. փոփոխություններով Սահմանադրությունը ամբողջովին «կարվել է Սերժ Սարգսյանի հագով»՝ պնդելով, որ այդ Սահմանադրությամբ Հայաստանում հաստատվում է «սուպերվարչապետական համակարգ», այսինքն՝ վարչապետին տրվում են լիազորությունների լայն սահմաններ:

Այս առչությամբ Նիկոլ Փաշինյանը բացի ստելուց նաև ակնհայտ մանիպուլյացիա է անում՝ պնդելով, որ «օրինական լիազորություններով հնարավոր չէ սուպերվարչապետական լինել»: Այսինքն՝ ըստ Փաշինյանի՝ ներկայիս Սահմանադրությունը ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի պարագայում չարիք է, որը վարչապետին տալիս է անհամաչափ լայն լիազորություններ, իսկ արդեն վարչապետ Փաշինյանի համար Սահմանադրության միայն այն դրույթն է վատը, որը խանգարում է իրեն «տիրանալ» իշխանության կարևորագույն լիազորություններով օժտված ՍԴ-ին, իսկ մնացածը նորմալ է, քանի որ իշխանավորները գործում են օրինական, և դա նույնիսկ «ավելի մեծ հնարավորություն է ընձեռում ժողովրդի իշխանությանը իրագործելու ժողովրդի կամքը»:

«Մեզ համար կարևոր է իշխանությունների տարանջատմանհակակշիռների և զսպումների սկզբունքը»

«Դատավորներին հրահանգներ չեն իջեցվում»

Երկրորդ և երրորդ պնդումները խիստ փոխկապակցված են. երկուսն էլ վերաբերում են իշխանությունների տարանջատման, զսպումների և հակակշիռների սկզբունքներին, այդ իսկ պատճառով դրանք կդիտարկենք մեկ հարթության մեջ:

Վերը նշված պնդումները նույնպես «երկար կյանք չունեն»։ Կան բազմաթիվ օրինակներ, որոնցով ապացուցվում է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, որ իրենց քաղաքական թիմի համար իշխանությունների տարանջատումը, նրանց միջև գործող զսպումների և հակակշիռների մեխանիզմները անքննելի սկզբունքներ են:

Առաջին ցայտուն օրինակը 2019թ. մայիսի 9-ի Նիկոլ Փաշինյանի՝ Երևան քաղաքի բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու կոչն էր ուղված ՀՀ քաղաքացիներին, որի հետևանքով դատավորների նկատմամբ տեղի ունեցած բազմաթիվ ճնշումների արդյունքում գրանցվեցին անգամ բռնության դեպքեր: Բնականաբար, այդ բոլոր առիթներով դատախազությունը և այլ իրավասու մարմինները քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումներ կայացրեցին:

Երկրորդ օրինակը բոլորին քաջ հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցն է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ, որի ընթացքում լսվում է, թե նախկին ԱԱԾ պետը ինչպես է «զեկուցում» Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանի և այլոց գործերով դատավորներին՝ իր կողմից հնչեցրած հրահանգների մասին:

Բնականաբար, սրանք միակ դեպքերը չեն երկրի գործադիր իշխանության ղեկավարի՝ Փաշինյանի կողմից դատական իշխանության վրա ճշում գործադրելու և դրանով իսկ իշխանության ճյուղերի հավասարակշռությունը խախտելու:

Նիկոլ Փաշինյանը 2019թ.-ի հունիսի 5-ին հայտարարել է. «Էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞», իսկ նույն թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարել է. «կան պատերի տակ վնգստացող դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է»: Բնականաբար այս արտահայտություններն ուղղված են այն դատավորների հասցեին, որոնք չեն նույնացրել իրենց որոշումները վարչապետի կարծիքների հետ և որոշումներ կայացնելիս առաջնորդվել են ՀՀ օրենսդրությամբ՝ հիմնվելով բացառապես սեփական խղճի և համոզմունքների  վրա:

«Հանրությունը շարունակում է դատարանի կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա»

Խոսելով այն մասին, որ ժողովուրդը շարունակում է դատարանների կայացրած որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա` վարչապետ Փաշինյանը կրկին մանիպուլացնում է, քանի որ մի դեպքում հայտարարում է, որ չկա մի դատավոր, որ իր ասածը չանի, հետո հանրությունը տեսնում է, որ դրանք լոկ խոսքեր չեն, և իսկապես Փաշինյանը անուղղակի կերպով հրահանգներ է իջեցնում դատավորներին, հետո բողոքում, որ ժողովուրդը դատավորների կայացրած որոշումների պատասխանատվությունը կառավարության վրա է դնում և դրանում մեղադրում դատավորներին: Իսկ մյուս կողմից փաստացի ստացվում է այնպես, որ վարչապետի կողմից «նախկին իշխանությունների շահերին ծառայող» հռչակված դատավորների որոշումների համար ժողովուրդը մեղադրում է իրենց՝ կառավարությանը: Եթե այդպես է, ուրեմն ՍԴ դատավորներին սահմանադրական փոփոխությունների միջոցով փոխելուց հետո պետք է այդ զգացումը ժողովրդի մոտ էլ ավելի ամրապնդվի, քանի որ եթե ներկայիս ՍԴ դատավորները այս կամ այլ կերպով ասոցացվում են նախկին իշխանություների հետ, ապա նոր ՍԴ կազմը պետք է լիովին համահունչ լինի կառավարությանը, ինչպես, օրինակ, պարբերաբար քաղաքական հայտարարություններով հանդես եկող Վահե Գրիգորյանը։

«Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են միկրոհեղափոխություններ, ապա` մինիհեղափոխություններ, ապա` ճեղքում»

Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին` Փաշինյանը ներկայացրել է Մյունխենյան սկզբունքները, որոնց մասին նա շարադրել էր իր ֆեյսբուքյան էջում Մյունխենում Ալիևի հետ կայացած հանդիպումից հետո: Այս առնչությամբ համապարփակ վերլուծություն ենք ներկայացրել AntiFake.am-ի մեկ այլ հոդվածում:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը