Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտավոր է քննել Փաշինյանի վարքագիծը. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի օգտին կայացված վճիռը

article-image

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Առաքելյանի, մասնակցությամբ դատավորներ Կ. Մաթևոսյանի և Ա. Բաբայանի, մայիսի 26-ին որոշել է մերժել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի օգտին ՀՀ վարչական դատարանի 24.08.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ։

Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտավոր է վարույթ ընդունել Նիկոլ Փաշինյանի վարքագիծը քննության առարկա դարձնելու մասին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումը։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 29-ին դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ:

Խախտման դեպքը վերաբերվում էր 2019թ. հուլիսի 17-ին «Ազատություն» լրատվականի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում՝ դատական իշխանությանը վերաբերող լրագրողի հարցի պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի թույլ տված հետևյալ արտահայտությանը. «այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։ Սա «տիրոջ ստրուկ» դատական համակարգ է։ Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը և դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում ենք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր և քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 05.12.2019թ. թիվ 01/2019 որոշմամբ կազմակերպության դիմումը թողնվել էր առանց քննության: Այս որոշումը Հանձնաժողովի գործունեության ընթացքում ընդունված առաջին որոշումն էր։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն 2020թ. հունվարի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 29.11.2019թ. դիմումով մատնանշված դեպքի առթիվ վարույթ հարուցելու և համապատասխան եզրակացություն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Օգոստոսի 24-ին Վարչական դատարանը վճիռ էր կայացրել, որով բավարարել էր կազմակերպության հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով հանձնաժողովի 05.12.2019թ. թիվ 01/2019 որոշումը՝ պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նշված վճռի դեմ՝ պահանջելով բեկանել այն։ Սակայն Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ վարչական դատարանը գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման է եկել և վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու համար։

Ուստի՝ Վերաքննիչ դատարանը մերժել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բողոքը և անփոփոխ թողել Վարչական դատարանի վճիռը։ Մեկամսյա ժամկետում չբողոքարկվելու դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ կմտնի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստիպված կլինի վարույթ ընդունել Փաշինյանի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի դիմումը։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն