Շուրջ մեկ ամիս առաջ AntiFake.am-ն անդրադարձել էր ատելություն, վիրավորանքներ, զրպարտություններ, կեղծիքներ տարածող յութուբյան ալիքներին, որոնք աշխատում են իշխանության օրակարգով, նրանց համար և ատելության քարոզ են իրականացնում, ընդհուպ` ազգամիջյան թշնամանքի հրահրում։
AntiFake.am-ը մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում բացահայտել էր, թե որոնք են նման գործունեություն ծավալող յութուբյան ալիքները, ովքեր են դրանց տերերը, համակարգողները, ինչպես են ֆինանսավորվում և ինչ ուղղություններով են աշխատում։
Այդ հրապարակումն անուշադրության մատնվեց իրավապահ մարմինների, քաղաքական և հասարակական գործիչների կողմից, ինչի արդյունքում այդ ալիքներն այսօր էլ շարունակում են իրենց կործանարար գործունեությունը` օրեցօր ավելի և ավելի մեծ լսարան հավաքելով։
Ատելության գեներացումը, սակայն, յութուբյան ալիքներով չի սահմանափակվում։ Իշխանության հովանավորչությամբ այդ գործունեությունը դրսևորվում է կեղծիքներ տարածող էլեկտրոնային կայքերի, նորանոր յութուբյան ալիքների, ֆեյսբուքյան և մյուս սոցիալական ցանցերում իբրև լրատվություն տարածող էջերի ստեղծմամբ։
Այդպիսի գործունեություն իրականացնող հարթակներից է YerevanPress.com էլեկտրոնային կայքն ու համանուն ֆեյսբուքյան էջը, որն իբրև լրատվություն է մատուցում, սակայն իրականում զբաղված է կեղծիքների տարածմամբ, մարդկանց համբավն արատավորելով և ատելության քարոզով։
Երեկ` մարտի 7-ին, YerevanPress.com ֆեյսբուքյան էջում, որն ունի 21.000-ից ավելի հետևորդ, տեղադրվել է մի տեսանյութ՝ «Շուշան Պետրոսյանը Հայրենիքի համար զոհված տղերքին տղուկ ա ասում, էն մեկն էլ Արցախում զոհված տղերքի ծնողների մասին ասում ա՝ սուտ են ասում, հետո էլ ուզում ա դառնա Արցախի նախագահ» կից գրառմամբ։
Տեսանյութում մոնտաժվել և իրար են միացվել 4 տեսանյութեր. նախ խոսում են 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբրահամյանի ծնողները, ապա շարունակվում են հատվածներ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի 168.am-ի «Ռեվյու» հաղորդմանը տված հարցազրույցից և Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսից։
Շուշան Պետրոսյանը հարցազրույցում խոսում է Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարածված այն տեղեկությունների մասին, թե իբր զինվորները սոված են եղել, և նրանց ուտելիք չի տրամադրվել` նշելով, որ տեղյակ է, թե ինչպես է իրականում տեղի ունեցել այդ ամենը։ Պետրոսյանը մասնավորապես նշել է, որ «հաց բերող» մեքենաների ճանապարհը հակառակորդի կողմից տեսանելի է եղել, այդ պատճառով էլ այդ մեքենաները չեն հասցրել ուտելիք։ Պետրոսյանը նշել է նաև, որ դա տղայի թեմա չէ։
Նշենք, որ այս հատվածը ամբողջական հարցազրույցից վերցված մի փոքր հատված է, որն այնպես է ներկայացվում, թե իբր Շուշան Պետրոսյանը հերոս զինվորներին, որոնք ընկել են պատերազմում, անվանում է «տղուկներ», ինչը իրականությանը չի համապատասխանում և ամբողջական հարցազրույցը տեսնելու դեպքում ակնհայտ է դառնում, որ որևէ զինվորի վիրավորելու միտում Պետրոսյանի կողմից առկա չէ։
Նույն մանիպուլյացիան արվել է Վիտալի Բալասանյանի մամուլի ասուլիսից կտրված հատվածը տեսանյութում տեղադրելով։ Լրագրողի այն հարցին, թե զոհված զինվորների ծնողներն ասում են, որ զինվորները ուտելիք չեն ունեցել և խոտ են կերել, Բալասանյանն արձագանքում է՝ «սուտ է», ապա շարունակում` «ով որ ասում է, խնդրում եմ, մի կրկնեք, ենթադրություններով մի առաջնորդվեք, իրականությանը չի համապատասխանում, տեսեք, լսեք, հետո խոսեք»,- եզրափակում է Բալասանյանը։
Մինչդեռ Բալասանյանի խոսքերն այնպես են ներկայացվում, թե իբր վերջինս զոհված զինվորների ծնողներին անվանում է ստախոս։
Արդյունքում զգայուն թեմայի վրա կառուցված պրիմիտիվ մանիպուլյացիոն տեսանյութը հավաքել է 77.000-ից ավելի դիտում, 1.600-ից ավելի հավանում, 1.300-ից ավելի մեկնաբանություն, 970-ից ավելի կիսում ։
Պետրոսյանի և Բալասյանյանի խոսքերը մանիպուլացված ներկայացնելու արդյունքում ատելությունների, վիրավորանքների, հայհոյանքների, սպառնալիքների տարափ է սկսվել վերջիններիս նկատմամբ։ Կարելի է ասել՝ տեսանյութի հեղինակը հասել է իր նպատակին. այն է՝ ատելության գեներացիա նախկին քաղաքական գործչի, ինչպես նաև ԱՀ նախագահական ընտրություններում հայաստանյան իշխանությունների համար անցանկալի թեկնածուի նկատմամբ։
Նկատենք, որ նմանատիպ ֆեյսբուքյան էջերի և իբրև լրատվական էլեկտրոնային հարթակների գործունեությունը կառուցվում է նման զգայուն թեմաներով ատելություն գեներացնելու վրա, որը գրեթե 100%-ով համընկնում է իշխանությունների օրակարգին, ուստի՝ այս համատեքստում երեսպաշտություն է իշխանության որոշ ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից այլ ուժերի կողմից ատելության մթնոլորտ ստեղծելու մասին խոսելը, իսկ ատելություն գեներացնող նման հարթակների գործունեության և դրանց առաջացրած հետևանքների ամբողջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Ստորև ներկայացնում ենք մի քանի իրական օգտահաշիվներ, որոնք, տրվելով մանիպուլյացիային, վիրավորանքներ, հայհոյանքներ, անեծքներ և սպառնալիքներ են գրել Շուշան Պետրոսյանի և Վիտալի Բալասանյանի հասցեին։ Առկա են նաև մեծ թվով կեղծ օգտահաշիվների գրառումներ, որոնք նույնպես հայհոյանքներ և սպառնալիքներ են գրել մեկնաբանություններում, որոնցից մի քանիսը նույնպես ցուցադրված են ստորև։
Իրական օգտահաշիվներ
Կեղծ օգտահաշիվներ