ԱԽ քարտուղարը խոստովանում է իշխանության ծրագրերի մասին. Արա Այվազյանը հրաժարական է տվել ականապատված տարածքների քարտեզները չտալու պատճառով

article-image

Այսօր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցած հաջողությանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում ռազմագերիների վերադարձին և Ակնայի ականապատ տարածքների քարտեզների` Ադրբեջանին հանձնելուն:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նախ խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին` ևս մեկ անգամ նշելով իր քաղաքական առաջնորդի խոսքերը «ՔՊ»-ին ընտրող հասարակության, և «էլիտայի» մասին վերաբերյալ:

Սակայն Գրիգորյանի հարցազրույցի ուշագրավ հատվածները ՀՀ անվտանգության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և Ակնայի ականապատ տարածքների քարտեզների մասին էին:

ԱԽՔ-ը մեղադրում է ընդդիմադիրներին այն բանում, որ վերջիններս ցանկանում էին նոր անվտանգային սպառնալիքներ ստեղծել, մարդկանց շրջանում վախի մթնոլորտի միջոցով ընտրություններում հաջողության հասնել: Առնվազն զարմանալի է երկրի անվտանգության հիմնական պատասխանատուներից մեկի կողմից նման միտք լսել, քանի որ անվտանգային հիմնական և մինչև օրս չլուծված խնդիրներն առաջացել են հենց իրենց իշխանությունների օրոք, որոնց մասին էլ բարձրաձայնում և ահազանգում են ընդդիմադիր գործիչները: Ուստի, Արմեն Գրիգորյանը ընդդիմադիր գործիչներին մեղադրում է այն բանում, ինչ արել է վերջինիս քաղաքական թիմը:

Անդրադառնալով անվտանգային հարցերի լուծմանն ուղղված խնդիրներին` Արմեն Գրիգորյանը մատնացույց է անում նաև արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանին: «Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ այդ հարցը լուծվեց: Եվ պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները մենք չունենք: Եվ երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու…Մենք կառուցողական ցանկացած քայլի պատրաստ ենք կառուցողական քայլ կատարել: Դա կառուցողական քայլ է եղել հումանիտար ոլորտում Ադրբեջանի կառուցողական քայլին»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի հայտարարությունից կարելի է մի քանի եզրակացություն անել.

-  Նախկին ԱԳՆ Արա Այվազյանը դեմ է եղել Ադրբեջանին ականապատ քարտեզների հանձնմանը:

-  Արա Այվազյանը դեմ է եղել հայ ռազմագերիների և քարտեզների փոխանակմանը:

- Այվազյանի հրաժարականից հետո ԱԳՆ-ն դուրս է մնացել բանակցություններից, իշխանությունները մեկուսացրել են դիվանագիտական կառույցը հիմնական խնդրից և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ:

-  Կարելի է ենթադրել, որ իշխանությունները Ադրբեջանի հետ նոր համաձայնություն ունեն, կամ Ադրբեջանը այլևս փակ է համարում 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլյացիոն հայտարարությունը, գործում են նոր պայմանավորվածություններ, որոնց հիման վրա էլ տեղի են ունենում կամ ունենալու նման փոխանակություններ: Այս խնդիրն էական է նրանով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռազմագերիների խնդիրը և վերադարձը լուծվում էր առանց փոխանակման առարկայի կամ նախապայմանի, սակայն այս դեպքում փաստացի գործում են փաշինյանական բանավոր պայմանավորվածությունների սկզբունքները: Հատկանշական է նաև այն փաստը, որ նման պայմանավորվածությունները ԱԽՔ-ը կառուցողական քայլ է համարում:

Արա Այվազյանը արդեն իսկ պատասխանել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին` դրանք որակելով որպես զրպարտություն, և իրավացիորեն նշելով, որ հրաժարականից մեկ շաբաթ առաջ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը արդյունավետ և դրական էր գնահատել արտաքին գործերի նախարարության աշխատանքը:

Կարելի է սպասել, որ ընտրություններում կապիտուլյացիան և շարունակական զիջողական քաղաքականությունը լեգիտիմացնելով` իշխանությունները շարունակում են Հայաստանի անվտանգային համակարգի վերացումը, երկրի հեղինակության զրոյացումն ու պետական ինստիտուտների կազմաքանդումը:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն