Նիկոլ Փաշինյանի՝ Հիսուսի հետ համեմատվելու նախապատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

2018թ. մայիսին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը երբեմն կատակով, երբեմն լրջորեն իրեն հաճախ համեմատում է պատմական տարբեր կերպարների հետ: Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի պատմական կերպարը, որի հետ նա սիրում է համեմատվել, Հիսուս Քրիստոսն է, որի հետ համեմատությունները գերակշռող մաս են կազմում Փաշինյանի «համեմատականների շարքում»:

Մասնավորապես, նման դրվագ կարող ենք հիշել Փաշինյանի 2019թ. փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Դսեղ կատարած այցից և ելույթից, որի ընթացքում Փաշինյանն ասել է. «Ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույծին ասել է` վեր կաց և քայլիր...և ես, այսօր ինձ իրավունք եմ վերապահում` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ... ասել հայ ժողովրդին` վե՛ր կաց և քայլի՛ր, դու անդամալույծ չես»:

Հաջորդ նմանատիպ դրվագը եղել է 2019թ. նոյեմբերին, երբ Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայտարարեց, որ ինքը, ինչպես Հիսուս Քրիստոսը, սեր է քարոզում. «Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»: Այս հայտարարությունից օրեր անց էլ` ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված իր ելույթի ժամանակ, Փաշինյանը հայտարարեց. «Մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի` իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով»:

Վերջին նմանատիպ դրվագին էլ մենք ականատես եղանք այն ժամանակ, երբ օրեր առաջ Փաշինյանը, խոսելով իր կադրային քաղաքականությունից, իրեն համեմատեց Հիսուսի հետ՝ ասելով. «Երբ որ խոսում էի դավաճանության մասին և դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են և, հնարավոր է, էլի լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես` իրավապահ համակարգում, ըստ էության` դա էլ խոստովանություն է, սխալի խոստովանություն է և սխալը ընդունելու, բայց հետո, որ մեկ-մեկ այդ թեմայով մտածում, տանջվում եմ, ինձ էլի օգնության է գալիս Սուրբ գիրքը, Ավետարանը, որ ասում է, եթե դու ի վիճակի չես էնպիսի կադրային քաղաքականություն վարել, որ դավաճանություն չլինի, դու որքանով ես ի վիճակի ղեկավարել երկիրը, ղեկավարել կառավարությունը: Ու Սուրբ գիրքը ինչով ա գալիս օգնության... նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ, պարզվեց, կան, էնպես որ, եթե նույնիսկ Հիսուս Քրիստոսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, թե որևէ վարչապետ կամ, օրինակ, ես կարող եմ էդպիսի քաղաքականություն վարել»:

Փաշինյանի նախկին հարցազրույցների ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ Փաշինյանի այս մտքերը ունեն իրենց նախապատմությունը, և նմանատիպ մտքեր նա արտահայտել է դեռևս ընդդիմադիր պատգամավոր լինելու տարիներին: Մասնավորապես` 2018թ. մարտին «Կեսգիշերն անց» հաղորդման շրջանակներում Փաշինյանն ասել է. «Հիսուս Քրիստոսի կերպարը շատ խորը տպավորություն թողեց իմ վրա...Հիսուս Քրիստոսը մարդկության պատմության ամենահզոր կերպարն է»:

Եվ միգուցե Քրիստոսի՝ մարդկության պատմության ամենահզոր կերպարը լինելու հանգամանքն էլ Փաշինյանին դրդում է անընդհատ համեմատականներ անցկացնել իր և Քրիստոսի միջև, և միգուցե իր «հզորությունը» ցուցադրելու ցանկությունն էլ Փաշինյանին «ստիպում» է խոսել «սպառնալիքի, օրինակ` պատերին ծեփելու ու ասֆալտին փռելու, թաթիկներ կտրելու լեզվով»:

Տեսանյութը՝ ստորև։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն