Fact Check: Հանրաքվե 2020. Նիկոլ Փաշինյանը նախընտրական խոստումներ է տվել քարոզչության ընթացքում. Լոռու մարզ

article-image

Նիկոլ Փաշինյանը, պաշտոնապես արձակուրդի մեկնելով, ամբողջովին լծվել է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչությանը:

Մինչև այդ Հայաստանի վարչապետը մարտի 7-ին այցելել էր Լոռու մարզ: Գյուլագարակից Դենդրոպարկ տանող նորոգված ճանապարհի վրա քայլող Նիկոլ Փաշինյանը առիթն օգտագործեց և անուղղակիորեն գովազդեց վերանորոգված ճանապարհը` ներկայացնելով այն որպես ձեռքբերում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ վերջին անգամ խորհրդային տարիներին է ճանապարհը սարքվել, իսկ նախորդ տարի հիմնանորոգվել է: Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց. ներքին տուրիզմի 43% աճ ենք գրանցել, այնուհետև հաջորդ «լայվում» ճշտեց. սխալվել է. տոկոսը կազմում է`41.4%:

«Ցանիր քո ծառը, աճեցրու, տնկիր եւ նվիրիր այն՝ քո հարազատին, քո նախնիներին, քո հայրենիքին» լոզունգով 10 միլիոն ծառ տնկելու ֆլեշմոբով հանդես եկած վարչապետը այնուհետև ուղևորվեց Գյուլագարակ գյուղ, որտեղ կարճ հանդիպում ունեցավ բնակիչների հետ: Բնակիչների կողմից իրենց խնդիրների ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանն անցավ նախընտրական քարոզչությանը:

Լսելով բնակիչների խնդիրները` Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ քարոզչության ընթացքում որևէ խոստում տալու իրավունք չունի, սակայն միանգամից անցավ հանրաքվեի «Այո» կողմի քարոզչությանը` նախարարին հանձնարարելով զբաղվել բնակիչների բարձրացրած հարցերով, ինչն էլ հենց անուղղակիորեն նախընտրական խոստման վերածվեց: Վարչապետին ուղեկցող պաշտոնյաներն էլ արձագանքեցին. «Կզբաղվենք, պարո’ն վարչապետ»: Նիկոլ Փաշինյանի օգնականը նաև հավաքում էր բնակիչների կողմից Նիկոլ Փաշինյանին փոխանցվող նամակները և խնդրագրերը:

Մի գյուղացու էլ, ի պատասխան վերջինիս խնդրին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ոտդ, ձեռդ տեղը տղա ես: Աշխատի, եկամուտ ունեցի, գնա տունդ սարքի: Վարչապե՞տն ա քո տունը սարքելու: Արժանապատվության հարց ա: Առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի` իմ տան հարցը լուծի՞: Էդ սովորությունը պետք ա թարգել: Գնա, աշխատի, քո ընտանիքի հարցը լուծի»:

Շարունակելով ճանապարհը և պաշտոնապես քարոզչություն իրականացնելով, որը օրենքով արգելված է վարչապետի պաշտոնում գտնվող անձին` Նիկոլ Փաշինյանը բուկլետներ բաժանեց նաև Ստեփանավանում:

Ստեփանավանում հավաքվածներին դիմելով` Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Այո» քվեարկել հանրաքվեի ընթացքում` հայտարարելով. «Բոլոր այն հանցագործները, որ երկար տարիներ Հայաստանը թալանել են, կանգնեն պատասխանատվության առաջ: Այսօր Սահմանադրական դատարանում այն վիճակն ա, որ նրանց բոլորին հույս ա տալիս, որ նրանք կարան պլստան: Ոչ մեկը չի պլստալու, և ոչ մի գողացված կոպեկ չեն մարսելու: Հատ-հատ, կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու: Ոչ մեկ չի խուսափելու պատասխանատվությունից»:

Զարմանալի է, թե Սահմանադրական դատարանի դատավորների կատարած ինչ թալանի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ փաստացի ոչ մի քրեական գործ չի հարուցվել Սահմանադրական դատարանի ոչ մի դատավորի ներգրավվածությամբ:

Մարտի 7-ը համարելով Նիկոլ Փաշինյանի ներգրավվածությամբ Հանրաքվեի «Այո» կողմի քարոզչության սկիզբ` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը չարաշահում է իր լիազորությունները և նախընտրական քարոզչություն է իրականացնում, քարոզչության որոշակի դրվագներում խոստումներ է տալիս` այս կամ այն խնդիրը հանձնարարելով իրեն ուղեկցող ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանին և իր օգնականներին, և անհիմն մեղադրում է իշխանության երեք անկախ ճյուղերից դատական համակարգի ներկայացուցիչներին:

Նիկոլ Փաշինյանը այսօրվանից պաշտոնապես գտնվում է արձակուրդում` շարունակելով փաստացիորեն օգտվել պետական միջոցներից` ստեղծելով նախընտրական քարոզչության անհավասար պայմաններ:

Նիկոլ Փաշինյանի և «Այո» քարոզչական կողմի` այսօրվանից մեկնարկող մեծամասշտաբ քարոզչությանը մեր անդրադարձը` հաջորդիվ:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն