Fact Check: Հանրաքվե 2020. խախտումներ, մանիպուլյացիա և պոպուլիզմ. Սյունիքի մարզ

article-image

2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո» կողմի ակտիվ քարոզչությունը սկսվել է Հայաստանի Սյունիքի մարզից: Հանդիպումներ տեղի ունեցան Ագարակ համայնքում, Մեղրի, Քաջարան քաղաքներում:

Մամուլում շատ քննարկվեց այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում, մարտի 10-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղ էր մեկնել ուղղաթիռով՝ իրավամբ, նման միջոցների օգտագործմամբ հանրաքվեի քարոզչական կողմերի համար անհավասար պայմաններ ստեղծելով: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը հարկ եղած պարագայում կարող է օգտվել, ինչպես և նախատեսված է, վարչապետի համար նախատեսված ավտոմեքենայից: Սակայն այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր մեկնել ուղղաթիռով:

Նիկոլ Փաշինյանի հետ Սյունիք էին մեկնել նաև նրա տիկինը` Աննա Հակոբյանը, ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ՏԿԵՆ, «Ոչ» քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը (գտնվում է արձակուրդում), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի գիշերը Երևան վայրէջք կատարող օդանավից ուղիղ եթերով հայտնեց, որ մարտի 10-ից անցնում է ակտիվ քարոզչության, և շատ կարևոր և լուրջ խոսակցություն է լինելու հանրության հետ:

Ստորև ամփոփենք մարտի 10-ի քարոզչությունը.

Ինչպես է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր աշխատանքի ժամին զբաղվում է քարոզչությամբ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ուղիղ եթերի ընթացքում ուղղաթիռից ողջունեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը (Տեսանյութում` 0:50 րոպեից): Հարկ է նշել, որ Արայիկ Հարությունյանը, ի տարբերություն Սուրեն Պապիկյանի, չի գտնվում արձակուրդի մեջ, ուստի պաշտոնապես իրավունք չունի աշխատանքային ժամերին քարոզչությամբ զբաղվելու: E-gov.am կայքում չենք կարող գտնել Նիկոլ Փաշինյանի կամ նրան փոխարինող Տիգրան Ավինյանի` Արայիկ Հարությունյանին արձակուրդ տրամադրելու որևէ որոշում:

Հետաքրքիր է, որ Արայիկ Հարությունյանը Ագարակում զբոսնելու ընթացքում չէր նկատում դպրոցահասակ երեխաներին, որոնք պտտվում էին Նիկոլ Փաշինյանի խմբի շուրջ և հավաքված ամբոխի մեջ էին, այնինչ պետք է այդ ժամին դպրոցում լինեին:

Հանրահավաք Մեղրիում

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում հրավիրված հանրահավաքի ընթացքում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում է. «Այլևս ոչ ոք, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի անձ երբևէ եթե անգամ մտքով անցնի, որ կարող է կեղծել ընտրություններ, այն նոր Սահմանադրական դատարանը, որը ձևավորելու ենք մենք հանրաքվեի միջոցով` «այո» ասելով, երբևէ չի սրբագրելու որևէ քաղաքական ուժի, որևէ իշխանության կեղծիք»: Լիլիթ Մակունցը, սակայն, ներկայացնում է «ուրիշի աչքի փուշը»` մոռանալով սեփական գերանի մասին` չներկայացնելով այն երաշխիքները, որոնք կապահովեն, որ ապագայի նոր Սահմանադրական դատարանի կազմը լինի անկողմնակալ` տուրք տալով միայն օրենքին և օրինականությանը: Մակունցը նաև մոռանում է նշել այն փաստը, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը ընտրվել է հենց Ազգային ժողովի իմքայլական մեծամասնության ձայներով, այսօր չի կատարում իր ի պաշտոնե պարտականությունները` այնուհանդերձ օգտվելով ՍԴ դատավորին հատկացվող ծառայություններից և արտոնություններից:

«Քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդը» Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ագարակ համայնքի բնակիչների հետ, նշում է, որ այսօր Հայաստանը պետք է ունենա «սահմանադրական իրականություն և սահմանադրական ինստիտուտներ»: «Այն քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում և Սահմանադրական դատարանը պետք է հեռանա», - հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Այնուամենայնիվ, թեև գալիք ընտրական գործընթացը հանրաքվե է, սակայն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի խոսքերում Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող կոնկրետ դրույթների ներկայացում տեղի չի ունենում, և դարձյալ անդրադարձ է կատարվում նախկին «հանցավոր, կոռուպացված ռեժիմին»:  Մասնավորապես, Մեղրիում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է Սահմանադրական դատարանի դատավորների և ՍԴ նախագահի ընտրության կարգի վերաբերյալ փաստերը և իրավական կարգավորումները: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահ նշանակվելու գործընթացին` նշելով, որ «տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և որպես մեղադրյալ ներգրավված են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»: Փաշինյանը դարձյալ խախտեց վերոնշյալ գործիչների անմեղության կանխավարկածը:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարում է. «Երկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա Հայաստանում արժանապատիվ հպարտ քաղաքացու մի ձայնը որևէ մեկը կեղծի, և էդ կեղծողի ձեռները առավել ևս կկտրեմ»` կրկնելով Ագարակ համայնքում հնչած իր վիրավորական խոսքերը Սահմանադրական դատարանի վերաբերյալ:

Հանրահավաք Կապանում

Կապանի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը ավելի հեռուն գնաց ու հայտարարեց. «Հիմա շատ ավելի մաքուր եմ, քան վարչապետ դառնալուց առաջ… Ծառայությունը նրա համար է, որ մենք մաքրվենք ժողովրդի առաջ, Աստծու առաջ, հայրենիքի առաջ»:

Կապանում անդրադառնալով «Այո» քարոզչական կողմի լոգոյի պատմությանը` Նիկոլ Փաշինյանն այն անվանեց «միստիկական»` զուգահեռներ անցկացնելով 1991 թվականի Անկախության հանրաքվեի և 2020 թվականի ապրիլի 5-ի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի միջև:

«Ցավդ տանեմ, քեզ եմ ծառայում. հանկարծ չկասկածես». «դիմելով» մի երեխայի` ասաց վարչապետը: Հետաքրքիր հակասություն է. նախօրեին Նիկոլ Փաշինյանը գյուղացուն ասում է. «Ոտդ, ձեռդ տեղը տղա ես: Աշխատի, եկամուտ ունեցի, գնա տունդ սարքի: Վարչապե՞տն ա քո տունը սարքելու»: Կախված իրադրությունից` Նիկոլ Փաշինյանը տարբեր վերաբերմունք և պարտավորություններ ունի ՀՀ տարբեր քաղաքացիների նկատմամբ:

Հանրահավաք Տեղում

Օրվա ամփոփումը տեղի ունեցավ Տեղ համայնքում: ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց այն գործողությունները, որոնք արվել են Սյունիքի մարզում:

Տեղ համայնքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հայ ժողովրդի միասնությանը և փոխադարձ հարաբերություններում վիրավորանքի առկայությանը:

«Հայաստանում պետք է լինի առողջ մթնոլորտ», - ասում է Նիկոլ Փաշինյանը, այնուհետև շարունակել. «մենք, այո, կարող ենք համաձայն չլինել, սուր բանավիճել, բայց էդ բանավեճը չպետք է մեր կյանքի ողջ քաղաքական հատվածի վրա ազդեցություն ունենա»: Նիկոլ Փաշինյանի այս հորդորը ընդունելի կլիներ միայն այն դեպքում, երբ հենց ինքը չլիներ քաղաքական դաշտում դեռևս 2018 թվականի իշխանափոխության ընթացքում և դրանից հետո ահռելի տեղ զբաղեցնող ատելության խոսքի, հայհոյանքների, վիրավորանքների հեղինակը և զարգացնողը: Օրինակ, այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմին անվանում էր «Ոչիստներ», Սահմանադրական դատարանի դատավորներին «կնքում» «քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդներ» և այլն:

Ամփոփելով մարտի 10-ի «Այո» քարոզչական կողմի քարոզարշավը Սյունիքի մարզում` արձանագրենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից թույլ տրված օրենքի խախտումը, Նիկոլ Փաշինյանի կողմից վիրավորանքների նոր խմբաքանակը, նրա մանիպուլյացիաներն ու պոպուլիզմի հերթական չափաբաժինը: 

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն