Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը պարգևատրվել է 1.7 մլն դրամով և 3 օր անց ազատվել աշխատանքից

article-image

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետի՝ 03.03.2020թ. 216-Ա կարգադրությամբ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը (կարգադրության մեջ, որը անհատական իրավական ակտ է, զարմանալիորեն բացակայում է պետի անուն ազգանունը) միանվագ պարգևատրվել է 1.700.000 դրամով:

Կարգադրությունից տեղեկանում ենք, որ միանվագ պարգևատրման նպատակը իրավաբանական վարչության պետի կողմից իր աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու հանգամանքն է:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը կարգադրությունը ստորագրելու պահի դրությամբ՝ մարտի 3-ին, Հարություն Թունյանն էր:

Մարտի 6-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Թունյանն ազատվել է աշխատանքից, որը հաստատվեց Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի կողմից: Նշվում էր, որ Թունյանն ազատման դիմում է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նշենք, որ Թունյանը նշանակվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնում 2019թ. մայիսին:

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանում ահռելի պարգևատրում են նաև հեռացող պաշտոնյաներին: Տրամաբանությունն անհասկանալի է:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին արդեն իսկ պարգևատրվել էին 25.4 միլիոն դրամի չափով, իսկ փետրվարի աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմը պարգևատրվել էր 6.590.000 դրամի չափով։

Այսպիսով՝ այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանում աշխատակիցներին բաժանված պարգևավճարների չափը կազմում է 32.790.000 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 69.000 ԱՄՆ դոլարին:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն