Ալեն Սիմոնյանը ստում է՝ հայտարարելով, որ ԿԸՀ-ն զրոյական նշանակություն ունի ընտրական գործընթացում

article-image

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում մարտի 6-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն քննադատական հարցին, որ Հայաստանում ընտրությունները, այդ թվում նաև` Սահմանադրական փոփոխությունների մոտալուտ հանրաքվեն անցկացվելու են Տիգրան Մուկուչյանի գլխավորած այն նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը կազմակերպել է նախորդ «կեղծված» ընտրությունները, ասել է, որ Տիգրան Մուկուչյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում զրոյական դերակատարություն ունեն՝ հավելելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն գումարում է ընտրատեղամասերի ձայների թիվը և որոշում է մանդատների թիվը: Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը, լինելով օրենսդիր մարմնի փոխնախագահ, ունենալով բարձրագույն իրավաբանակն կրթություն, չի տիրապետում Հայասատանի Հանրապետության Սահմանադրությանը և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքին և դրանով հանդերձ` նախատինքի խոսքեր է շռայլում` նշելով որ հարց տվողի պնդումները իրավաբանորեն սխալ են:

Այսպիսով, ըստ ՀՀ Սահմանադրության հոդված 194-ի 1-ին մասի՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Այս ձևակերպման վերջին հատվածից էլ միայն պարզ երևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները և գործառույթները լոկ քվեներ հաշվելով և մանդատների թվաքանակ որոշելուվ չեն սահմանափակվում, սակայն հստակեցում մտցնելու համար հարկ ենք համարում նշել, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով Կենտրոնական ընտրական հանձանժողովին վերապահված են 25-ից ավելի գործառույթներ և լիազորություններ, որոնցից կնշենք թերևս մի քանիսը.

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.

2) ընդունում է իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը.

3) կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը.

4) վերահսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.

5) սահմանում է քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.

6) սահմանում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.

7) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում.

8) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները, բացառությամբ Գյումրու և Վանաձորի ավագանու անդամներ ընտրվելու, համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների.

9) լսում է ընտրական հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.

10) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.

11) գրանցում է Ազգային ժողովի ընտրված պատգամավորներին, Երևանի ավագանու ընտրված անդամներին, տալիս է համապատասխան վկայական.

12) նշանակում է Երևանի ավագանու նոր ընտրություններ.

13) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ, օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է ընտրական գործընթացների հետ կապված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պարզաբանումներ այն դեպքերում, երբ համապատասխան գործառույթը վերապահված չէ պատասխանատու այլ մարմինների, ինչպես նաև ընտրական գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենսգրքին չհակասող որոշումներ.

14) մշակում և հրապարակում է ուսումնական նյութեր՝ ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետների, թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների և ընտրողների համար.

15) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.

Այսպիսով, կարող ենք պնդել, որ Ալեն Սիմոնյանը ստում է` հայտարարելով որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրոյական նշանակություն ունի ընտրական գործընթացում, և որ դրա դերակատարությունը զուտ սահմանափակվում է ձայներ հաշվելով և մանդատների քանակ որոշելով:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն