Fact Check: Հանրաքվե 2020. պոպուլիզմի գերդոզավորում և մանիպուլյացիա Սյունիքի մարզում. ՄԱՍ 2

article-image

Մինչ կորոնավիրուսով պայմանավորված` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելը և Սևանում «ինքնամեկուսանալը»` Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին իր կուսակիցների և համախոհների հետ քարոզչություն անցկացրեց Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում և Գորայք ու Շինուհայր բնակավայրերում:

Գորիսում ենք

Մինչ հանրահավաքի սկսումը` Նիկոլ Փաշինյանը քայլում էր Գորիսի փողոցներով և «Հպարտ քաղաքացու անձնագիր» բաժանում քաղաքացիներին: Նրան ուղեկցում էր կինը` Աննա Հակոբյանը: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հետ մեկտեղ Աննա Հակոբյանը ևս գտնվում էր կին թիկնապահի պաշտպանության ներքո:

Վարչապետին ուղեկցում էին նաև ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյանը, որը Հանրաքվեի «Այո» քարոզչական շտաբի պետն է, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը, Սասուն Միքայելյանը, Վահագն Թևոսյանը, Տիգրան Կարապետյանը, Արթուր Մանուկյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Կարեն Համբարձումյանը և Արմեն Խաչատրյանը:

Հրավիրված հանրահավաքում ելույթ ուեցան Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը: Ելույթ ունեցավ նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը իր բավական էմոցիոնալ ելույթում համոզմունք հայտնեց, որ «Ոչ»-ի թիկունքում կանգնած են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը ավելի վաղ տարածած հայտարարությամբ հայտնել էր Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմին միանալու մասին:

Գորիսում Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում ընթերցեց «Հանրաքվեի հռչակագրի նախագիծը»: Նախագծում անդրադարձ է կատարվել «ժողովդրի ազատ կամարտահայտման սահմանափակմանը», «բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի հսկայածավալ հարստության կուտակմանը և դրա վերադարձին», «ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովող ընտրական համակարգի` որպես երաշխիք հանդիսանալուն» և այլն: Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված նախագծին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Բանակի սպառազինության և Ապրիլյան պատերազմին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին

Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում հրավիված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի` դատական նիստին նախորդած հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանի այս ելույթը քարոզարշավի ընթացքում թերևս ամենաաղմկահարույց ելույթն էր:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախկին իշխանություններին և շարունակելով «ծեծված» թեման, ասաց. «Բա եթե դուք Արցախ պահող էիք, բա ինչի՞ էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Եթե դուք Արցախ պահող էիք, բա ինչի՞ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը 2018թ. դրությամբ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ [ուներ]»: Շարունակելով վիրավորանքներով լեցուն իր խոսքը` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը և նախկին իշխանությունների որոշ կարկառուն ներկայացուցիչներ, պետք է «իրենց միլիոնավոր դոլարների թալանածը կոպեռ առ կոպեկ» վերադարձնեն: Բանակում սննդի վերաբերյալ մի քանի մանիպուլացնող հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գնվել է 42մլն դոլար արժողությամբ զենք, որը, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, «մետաղի ջարդոն» է և «ոչ մի բանի պիտանի չէ»: «Մենք 80-ականների զենքի ամոթալի էջը փակել ենք», - ասում է Նիկոլ Փաշինյանը` հիշելով, որ 2016 թվականին Արցախում կամավորության ժամանակ իրեն ամրակցված ինքնաձիգը եղել է 1973 թվականի արտադրության: Այս առնչությամբ «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշել էր, որ «ոչ թե զենքի արտադրության թիվն է կարևոր, այլ դրա մաշվածությունը», միաժամանակ նկատելով` « Նիկոլը ոչ թե ապրիլյան պատերազմի ժամանակ էր գնացել, այլ պատերազմից ՀԵՏՈ, մայիսին։

Հիշեցնեմ նաև, որ Նիկոլը գնացել էր ոչ թե առաջնագիծ պահելու, այլ երրորդ, թե չորրորդ գծում խրամատ փորելու։»:

Ելույթ Սիսիանում. «Ոչ»-ին` ոչ, «Այո»-յին` այո

Սիսիանում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Կուրթանի բնակիչ Մեխակ Առաքելյանի հարցին: Հիշեցնենք, որ Փաշինյանը կոշտ խոսակցություն էր ունեցել նրան իր խնդիրներով դիմած գյուղացու հետ:

Վարչապետը ներողություն խնդրեց Մեխակ Առաքելյանից: «Ես ատում եմ Հայաստանի Հանրապետության խեղճությունը: Ես չեմ ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խեղճ լինի»` հիշելով հայ հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքը:

Անցնելով իրենց կատարած աշխատանքներին` Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մինչև 18 տարեկանների ամբողջ բուժսպասարկումը անվճար է», նրա համար, որ «մեր այսօրվա Մեխակները 5 տարի, 10 տարի հետո չասեն` մենք աշխատունակ չենք»:

Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է, քանի որ դեռևս 2019 թվականի սեպտեմբերին խորհրդարանում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր. «եթե 10 տարեկան երեխային հիվանդանոց են տանում ամբուլատոր բուժման համար, դրա համար պետք է վճարել։ Իսկ եթե բուժումը ստացիոնար է, այսինքն մի քանի օրով կամ նույնիսկ մեկ օրով, այդ դեպքում արդեն պետք չէ վճարել»: Եզրակացնում ենք, որ ոչ թե սահմանվել է մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկում, այլ այդ բուժսպասարկման շրջանակները ընդլայնվել են:

Հանդիպում Գորայքում.

Կրթական համակարգը և Ամուլսարի խնդիրը

Գորայք համայնքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով բնակիչների հետ, առավելապես խոսեց կրթական համակարգից և Ամուլսարից:

Դիմելով Գորայքում իր շուրջը խմբված երեխաներին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց կրթության կարևորությունը՝ կոչ անելով երեխաներին լեզուներ սովորել. «Ձեր դասի և ոչ մի վայրկյան անարդյունավետ մի կորցրեք: Պարոն նախարար, էս էրեխեքի ապագայի պատասխանատվությունը մեր ձեռքերում է»:

Պետք է ևս մեկ անգամ շեշտել, որ մինչ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ երեխաների կրթական ապագան իրենց ձեռքում է, վարչապետը մոռանում է, որ արդեն երրորդ օրն է, ինչ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ի պաշտոնե, առանց նախօրորք վերցված արձակուրդի, մասնակցում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-յի քարոզարշավին: Քարոզարշավի ընթացքում բազմիցս ականատես ենք եղել այն դեպքերին, երբ Նիկոլ Փաշինյնի գլխավորությամբ երթերին դպրոցական դասաժամերին միանում էին բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ, և Արայիկ Հարությունյանը որևէ ձևով այս հանգամանքին ուշադրություն չէր դարձնում:

Հարկ ենք համարում նշել, որ մարտի 9-ի դրությամբ e-gov.am կայքում  Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Արայիկ Հարությունյանին մարտի 10-11-ը արձակուրդ տրամադրելու մասին, առկա չի եղել: Որոշումն ի հայտ է եկել մարտի 13-ին՝ Արայիկ Հարությունյանի արձակուրդից հետո:

Ամուլսարի գրեթե հարևանությամբ գտնվող Գորայք համայնքում բնակիչների մեծագույն մտահոգությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն էր: Բնակիչները դեմ էին և իրենց դիրքորոշումը հայտնեցին վարչապետին: Ի պատասխան հնչած մտահոգությունների՝ Նիկոլ Փաշինյանը դարձյալ մանիպուլյացիոն հայտարարություններ արեց: «Շահագրգիռ եմ, որ Ամուլսարն աշխատի, և շահագրգիռ չեմ, որ Ամուլսարը աշխատի: Շահագրգիռ եմ, որովհետև, գիտեմ, որ հանքի շահագործումը տնտեսական օգուտներ կբերի: Շահագրգիռ չեմ, որովհետև մինչև այս պահը մենք չենք ստացել անհերքելի փաստեր, որ հանքի շահագործումը կարողանալու ենք ապահովել և կազմակերպել… Եթե լինեն անհերքելի փաստեր, որ մենք կարողանալու ենք բնապահպանական կառավարելի ռիսկերով շահագործել, ես կողմ կլինեմ»:

Օրվա վերջում էլ վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ այցելեց Ջերմուկի ջրվեժի տեղանք՝ հիանալով ջրվեժի գեղեցկությամբ:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն