Սահմանադրությունը՝ առ ոչինչ կամ «ֆեյք» օրենքի դիկտատուրա

article-image

«Ոչ բոլոր մոխրագույն զանգվածները
առնչություն ունեն բանականության հետ»։

Ստանիսլավ Լեց

Ներհայաստանյան դիսկուրսում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի որոշ հատվածի դրսևորած վարքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Քննարկման առանցքում այն մոտեցումն է, թե ինչպես հասարակության մի հատվածը իր քվեն տվեց կապիտուլացված իշխանություններին: Սակայն այս դիսկուրսում ոչ պակաս կարևոր կոմպոնենտ կամ հարցադրում չկա. ինչպե՞ս են քաղաքացիները իրենց քվեն տվել մի իշխանության, որի օրոք չի գործում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Հայաստանի Հանրապետության սահմանային որոշ հատվածներ, գրեթե երկու ամիս է` ուղղակի օկուպացված են թշնամու կողմից: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ թշնամին կարողացել է մի քանի կիլոմետր խորանալ մեր պետության տարածքում:  Ո՞վ է դրա պատասխանատուն: Սրանք հարցադրումներ են, որոնց մասին կարծես բոլորը մոռացել են:

Տպավորություն է, թե բոլորը կարծես համակերպվել են, որ ՀՀ Սահմանադրությունը այսպես կոպտորեն կարող է խախտվել, և բոլորի համար ընդունելի է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը այս պահին խախտված է: Կարծես հավաքական առումով մենք գտնվում ենք անզգայացման կամ բթացման փուլում՝ գերադասելով ոչինչ չտեսնել: Սովորաբար նման երկրներում, որտեղ Սահմանադրությունը հետևողականորեն վերածվում է թղթի կտորի, իսկ դրա փաստը ընդունվում հասարակության կողմից, իշխանություններին ոչինչ չի խանգարում շարունակել «թաղել» պետության այդ «սրբության սրբոցը»:

Իշխանության կողմից վերջերս հայտարարվեց, որ մանդատ են ստացել, այսպես ասած, «օրենքի  և իրավունքի դիկտատուրա» հաստատելու համար: Ի՞նչ  է նշանակում «օրենքի դիկտատուրա»: Սովորաբար, առաջին հայացքից նման ականջահաճո եզրույթների տակ կառուցվել և կառուցվում են կամ նվազագույնը փորձ է արվում կառուցել խիստ ավտորիտար բնույթի համակարգեր: «Օրենքի դիկտատուրա» էր ԽՍՀՄ-ում, որտեղ օրենքի համաձայն` մարդկանց կարող էին աքսորել Սիբիր կամ դատապարտել գնդակահարության: «Օրենքի դիկտատուրա» էր «Երրորդ Ռեյխում», որտեղ օրենքով հրեաները զրկված էին ամենատարրական քաղաքացիական իրավունքներից: «Օրենքի դիկտատուրա» էր Արգենտինայում, երբ 1970-ականներին Խորխե Վիդելայի գլխավորած ռազմական խունտայի իշխանության ժամանակ քաղաքական հակառակորդներին ինքնաթիռներից նետում էին օվկիանոսը: Բազմաթիվ այսպիսի ռեժիմներ են եղել, որոնցում պոպուլիստական և ականջահաճո եզրույթների տակ իսկական ավտորիտար համակարգեր են կառուցվել:

Իրականում իշխանությունների հայտարարած մտադրությունը ոչ թե քայլ է օրինականության ապահովման համատեքստում, այլ ընդհակառակը՝ օրինականության և իրավունքի շղարշի ներքո համակարգը ավելի ավտորիտար դարձնելու և հակասահմանադրական քայլերը արդարացնելու փորձի, ինչպես նմանատիպ եզրույթներով արդարացվում էր ՀՀ դատարանների շրջափակման հակասահմանադրական քայլը: Իրականում փաշինյանական իշխանությունն այս առումով նույնպես տապալվելու է, քանի որ ավտորիտարիզմ կառուցելու համար նույնպես մտավոր ունակություններ են պետք, որոնցից նրանք օբյեկտիվորեն զուրկ են: Համաձայնեք՝ մի փոքր դժվար է պատկերացնել ֆեյքերի վրա հիմնված իշխանությանը՝ հաջողությամբ ավտորիտարիզմ կառուցելիս: Այնպես որ պետք է սպասել կապիտուլացված իշխանության նախաձեռնած հերթական բեմադրության շռնդալից տապալմանը:

Ցավալիորեն այս տրագիկոմեդիայի ժանրին հատուկ իրողությունները չէին լինի առանց ՀՀ քաղաքացիների գործուն մասնակցության: Վերջին ընտրությունների համատեքստում Հայաստանի 30 տարվա պատմության մեջ քաղաքացին իր քվեով սեփական կամքով ինդուլգենցիա տվեց մեր տարածքների օկուպացիային, մեր երկրում ավտորիտար համակարգի ձևավորման ծիծաղելի փորձերին և մեր Սահմանադրության շարունակական ոտնահարմանը: Քաղաքացին տվեց քվե, և քաղաքացին ինքն իր մաշկի վրա կզգա հետևանքները: Վերջիվերջո, աշխարհում կան բազմաթիվ ազգեր, որոնք այսօր պետություն չունեն:

 

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն