Fact Check. COVID-19. ՊՆ մամլո խոսնակը ստել է. Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները տեղավորվել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

article-image

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Իտալիայից հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձից հետո 14-օրյա կարանտինը ապահովելու համար նրանց տեղավորելու են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Խոսվում էր նաև վարժարանից ուսանողների տարհանման մասին:

Պաշտպանության նախարարության նորանշանակ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, սակայն, այդ ժամանակ հերքում էր հրապարակել` հայտարարելով, որ « Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները դադարեցված են, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ»` սրանով նաև չհերքելով այն տեղեկությունները, որ Իտալիայից եկող մեր հայրենակիցները 14-օրյա կարանտինային շրջանը կանցկացնեն վարժարանում: Հերքմանը միացան նաև տարբեր իշխանական քարոզիչներ` Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ, որը գրել էր. «Թե այս օրերին նման ապատեղեկատվություն տարածելը ինչ է նշանակում ՝ասելու կարիք չկա։ Հարգելի նախկիններ դուք անընդհատ պահանջում եք իշխանություններից ավելի խիստ և զգոն քայլեր։Եվ շատ ճիշտ եք անում։Բայց եթե այդ պահանջը ոչ թե իշխանություններին հարվածելու այլ ձեր սոցիալական պատասխանատվությունից է բխում ,բարի եղեք գոնե այս օրերին մեկուսացրեք ձեր լրատվական խույվեբիններին։ Գոնե մի տաս օր,այս թեմայով թող ստեր չտարածեն»:

Սակայն ինչպես և պարզվեց այսօր, հենց խոսնակը հայտարարեց, որ գիշերը Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանած ՀՀ 67 քաղաքացիներ 14-օրյա կարանտինը կանցկացնեն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում:

Այդ մասին ՊՆ խոսնակը գրել է. «Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ:

Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»:

Քանի որ նախօրեին հերքած տեղեկատվությունը այսօր իրողություն է, կարող ենք եզրակացնել, որ ՊՆ խոսնակը փաստացի ստել է:

Ինչպես նաև հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ինչ դանդաղկոտությամբ են աշխատում պետական և տարածքային կառույցները բնակիչների ապահովության կազմակերպման, սանիտարահիգիենիկ և ախտահանման աշխատանքների կազմակերպման գործում, առնվազն հարցականի տակ է դրվում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետագա նպատակային շահագործումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն