Վիճակախաղերի գովազդը սահմանափակելու նախագիծն իրականում ուղղված է լրատվամիջոցների դեմ

article-image

Մարտի 29-ին տեղի ունեցած նիստում Կառավարությունը որոշեց հավանություն տալ «Գովազդի մասին» ՀՀ օրեն­քում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտեր­նետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ  առաջար­կություններին։

Ի սկզբանե այս նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Նրա կողմից ներկայացված փոփոխությունների նախագծում առաջարկվում էր, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները իրականացվեն 23:00-ից մինչև 6:00-ն ընկած ժամանակահատվածում։

Մինչդեռ Կառավարությունը որոշեց սահմանափակումն ընդլայնել և նախատեսել լրատվամիջոցներում վիճակախաղերի գովազդի հնարավորություն 24։00-ից 6:00-ն ընկած ժամանակահատվածի համար։

Կառավարության նիստում Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ փոփոխությունները վերաբերվում են «խաղային» օրենսդրությանը, որով սահմանափակում են այդ հնարավորությունները։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ սա այն հարցերից է, որ կառավարության դիրքորոշումն ավելի «կոշտ» է նախագծի հեղինակի դիրքորոշումից։

Ինչո՞վ է պայմանավորված Կառավարության այսչափ կոշտ դիրքորոշումը։ Արդյո՞ք վիճակախաղերի գովազդը սահմանափակող այս փոփոխությունները միտված են վիճակախաղերը սահմանափակելուն, թե՞ կառավարությունն այս միջոցով փորձում է սահմանափակել որոշ լրատվամիջոցների գործունեությունը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ որոշ լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրը հանդիսանում են գովազդները։ Ուսումնասիրելով հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղադրվող գովազդների պրակտիկան՝ կարող ենք փաստել, որ ամենաշատ գովազդները տեղադրվում են վիճակախաղերով զբաղվող ընկերությունների կողմից, ուստի հենց այս գովազդների միջոցով են այդ լրատվամիջոցներն իրականացնում իրենց լրատվական գործունեությունը։

Անհրաժեշտ է նշել, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով ներկայումս գործող կարգավորմամբ լրատվամիջոցներին արգելվում է վիճակախաղի գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո: Այլ սահմանափակումներ այս մասով չկան։ Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ, փաստորեն, լրատվամիջոցներին հնարավորություն է տրվում իրենց ֆինանսավորման հիմնական աղբյուր հանդիսացող գովազդները տեղադրել միայն 24:00-ից 6:00-ն ընկած ժամանակահատվածում, այն ժամանակահատվածում, երբ լրատվամիջոցները չունեն դիտելիություն, ուստի այդ ժամերի համար վիճակախաղային կազմակերպությունների կողմից լրատվամիջոցներին կառաջարկվի չնչին գումար։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ նաև այն, որ ներկայիս իշխանականները պարբերաբար «բողոքում» են, այսպես կոչված, «ընդդիմադիր» լրատվամիջոցներից՝ հաճախ նրանց որակելով որպես «դեղին մամուլ» կամ «ապատեղեկատվություն տարածող»։ Այս մասին հաճախ խոսում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ Կառավարությունը շահագրգռվածություն ունի սահմանափակելու «ընդդիմադիր» լրատվամիջոցների գործունեությունը, կասկածից դուրս է։

Այս քայլով Կառավարությունը առաջին հարվածը հասցնում է հենց օբյեկտիվ և անկողմնակալ լրատվամիջոցներին, որոնց միակ կամ հիմնական ֆինանսավորման աղբյուրը հենց այս գովազդներն են։ Այս միջոցով նրանք փորձում են պահպանել իրենց անկողմնակալությունը, քանի որ ստիպված չեն լինում փնտրել ֆինանսավորման «այլ աղբյուրներ», ուստի և կախում չեն ունենում իրենց ֆինանսավորողներից։ Իսկ այն լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն մատուցելու կողմնակալ լրատվություն, դա անում են տարբեր աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներով։ Իսկ այս քայլով Կառավարությունն անկողմնակալ լրատվամիջոցներին ևս դնում է այս ճանապարհն ընտրելու վտանգի տակ։

Ուստի վիճակախաղերի գովազները սահմանափակելն առաջին հերթին ուղղված է լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելուն։

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն