«Պարարտ հող» Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։ Ինչու՞ են ակտիվացել ԼԳԲՏ քարոզիչները

article-image

Ինչպես տեղեկանում ենք օրեր առաջ Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությունից, 2020թ․ մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր էին ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել բուժօգնության: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտնաբերել էին նույն տան 42-ամյա բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրի քաղաքի 28-ամյա բնակչին, ով առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել և խոստովանել, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Վերջինս նույն օրը ձերբակալվել է։

Գյումրիում տեղի ունեցած այս ողբերգական դեպքը ֆինանսական-քաղաքական որոշակի նպատակներ հետապնդողների, կեղծ քաղհասարակության ներկայացուցիչների և ԼԳԲՏ պրոպագանդիստների կողմից շահարկումների ենթարկվեց և հանդիսացավ նրանց «ակտիվացման» պատճառը։ Տարատեսակ շահարկումների դրսևորումներից մեկն էլ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «անհրաժեշտության» մասին «ինչ-որ կերպ» ահազանգելը, վավերացման համար «պարարտ հող» նախապատրաստելը ու այն կրկին հասարակական-քաղաքական կյանքի օրակարգ մտցնելն էր։

Առաջին անգամ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «անհրաժեշտությունը» հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի օրակարգ էր բերվել  2019թ․ ամռանը՝ լրագրող Լյուսի Քոչարյանի «բռնության ձայնը» հեշթեգով սեռական բռնությունների վերաբերյալ ֆեյք նամակների հրապարակումներից հետո, որոնք Քոչարյանի կողմից դադարել էին հրապարակվել այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվել էր, որ Ստամբուլյան կոնվենցիան այդ տարի խորհրդարանում չի քննարկվելու։ Այս մասին խոսել էր ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Գյումրու ողբերգական պատահարից հետո, Քոչարյանը ինչ-որ շահեր հետապնդելով անդրադարձել էր դեպքին և կիսվել իր կարծիքն արտահայտող հրապարակմամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը։

Հետաքրքիր է, որ Ֆեյք նամակների հրապարակման համար «Women of Courage» միջազգային ծրագրի կողմից օրերս «խիզախ կին» ճանաչված և իրեն «կանանց իրավունքների պաշտպան» ներկայացնող և բռնությունների դեմ հանդես եկող Քոչարյանը, վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել մեկ այլ կնոջ հասցեին՝ նրան «անպատասխանատու, խոզ տականք» անվանելով և ապացուցելով, որ նա բնավ էլ կանանց իրավունքների պաշտպան չէ, այլ մեկը, ում գործողությունները հետապնդում են որոշակի շահեր, և այն դեպքերում, երբ վերջինս չի կարող «օգուտ քաղել», ապա առաջնորդվում է երկակի ստանդարտներով։

Դեպքին նաև անդրադարձել էր իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ հիմնադիր Լարա Ահարոնյանը։ Նա «ոչ բռնությանը», «ընտանեկան բռնություն» և այլ հեշթեգերով գրառումներ էր կատարել և կիսվել Գյումրիում կայացած ակցիայի լուսանկարներով։

Վերջինս, ով հայտնի է «Բաց հասարակության հիմնադրամեր-Հայաստանից» (Սորոսի հիմնադրամ) միլիոնավոր դրամների դրամաշնորհներ ստանալու դիմաց կանանց «իրավունքների» պաշտպանությամբ և ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվելով, նաև պարբերաբար բարձրաձայնում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման «անհրաժեշտության» մասին։

Գյումրու դեպքին նաև անդրադարձել էր մյուս սորոսական իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ով կրկին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովներից մեկն է և ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանը։

Նույն ժամանակահատվածում բռնությունների մասին «պատահական համընկմամբ» նաև խոսել էր կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով դիմել էր ՀՀ նախագահին ու նրա տիկնոջը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով «Ընտանեկան բռնությունը, ինչպես բռնաբարության և սպանության դեպքերը, տարածված ժանտախտ է, որը ոչ քաղաքացիական հասարակությունը պատրաստ է ընդունել, ոչ էլ կառավարությունը ՝ պարզ, խիստ և համապատասխան օրենքների միջոցով․․․»։

Խանջյանի այս խոսքերը և մտահոգությունները միգուցե անկեղծ և անշահախնդիր թվային, եթե վերջինս չզբաղվեր միայն ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությամբ և պարբերաբար չներգրավվեր տարբեր քաղաքական գործընթացներում։

Գյումրու ողբերգական դեպքի հաջորդ և ամենաքննարկված անդրադրաձը ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի անդրադարձն էր։ Հովսեփյանը, ով հետաքրքրվել էր, թե ինչպես ու ինչու է լռել պարբերաբար իրեն և երեխային բռնության դատապարտած կինը, կրկին հայտնվել էր ԼԳԲՏ համայնքի «թիրախում», ինչի մասին Հովսեփյանը ևս բարձրաձայնել էր։

Հովսեփյանը ԼԳԲՏ թիրախում հայտնվել էր նաև 2019թ․ ամռանը, երբ դաշտում քննարկվող թեմաներն էին Լյուսի Քոչարյանի ֆեյք նամակները և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, որին Հովսեփյանը դեմ էր արտահայտվել, իսկ Քոչարյանի հրապարակած և նմանօրինակ նամակները որակել որպես հանուն որևէ գաղափարի համար տարածվող գործողություն։

Այս դեպքը թերևս ամենալավն է արտացոլում այն հանգամանքը, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ֆեյք նամակների հեղինակները, գումարով իրավապաշտպանները և նրանց հարող շրջանակները Գյումրու ողբերգական պատահարը փորձել են օգտագործել հանուն իրենց շահերի և նպատակների ու «պարարտ հող» նախապատրաստել Ստամբուլյան կոնվենցիայի նոր ալիքի բարձրացման և այն կրկին դաշտ նետելու ուղղությամբ։

Քարոզչական այս պայքարում իր մասնակցույթունն ունի նաև իշխանության շահերը սպասարկող, ՀՀ ԱԺ իշխանամետ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվականը, որտեղ վերջին շրջանում վաղեմության ժամկետներ պարունակող բռնությունների վերաբերյալ տարբեր հրապարակումներ են արվում, օրինակ՝ վերահրապարակվում են հեռավոր 2006թ․-ին և ավելի վաղ տեղի ունեցած բռնության դեպքերը։ (1, 2, 34)

Հիշեցնենք, որ «Ստամբուլյան» կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», ըստ իրավաբանների, որոշ կետերով հակասում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ Կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց համար լրացուցիչ արտոնություններ ստեղծելն ու ԼԳԲՏ անձանց երեխաներ որդեգրելու իրավունք տալն է։

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության հարցերով զբաղվող բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժինը՝ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: 600.000 եվրո բյուջե ունեցող այս ծրագիրը, որի անվանումն է «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում» նախատեսում է մինչև 2021թ․ օգոստոսը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի գործում ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունների խթանումը, զոհերին պաշտպանելը և բռնություն գործադրողներին քրեորեն հետապնդելը, ինչպես նաև գենդերային հավասարությանը նպաստելը։ Այս ամենը նշանակում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հավանական ժամկետը առավելագույնը 2021 թվականի օգոստոսն է, որի ուղղությամբ վերը թվարկված շրջանակները ինտենսիվ աշխատանքներ են տանում և ցանկացած բռնության դեպք օգտագործում հօգուտ իրենց շահերի։

Տեղեկացնենք, որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանի վիճակը ծանր կայուն է, և թեև շնչառական սարքեր են միացված, աղջիկը շնչում է ինքնուրույն։ Այս մասին գրառում էր կատարել աղջկան այցելած ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը տեղեկացրել էր, որ բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովվի աղջկա խնամքի կազմակերպումը։ Հիշեցնենք, որ Բաթոյանը այն իշխանավորների շարքից է, ով կողմ է արտահայտվել Կոնվենցիայի վավերականացմանը։

Աղջկան տեսակցել էր նաև վարչապետ Փաշինյանը, ով գրել էր «Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաեւ այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես եւ կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որեւէ արդարացում»։ Վարչապետի խոսքերը նույնպես միանշանակ չէին ընդունվել որոշ շրջանակների կողմից, որոնք այդ ամենը Ստամբուլյան կոնվենցիայի դաշտ նետվելու հերթական ալիքի հետ էին ասոցացրել։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը