«Խոստանում եմ պարզել, թե ինչ է տեղի ունեցել»․ վարչապետի խոսնակը մեկնաբանել է լրատվական դաշտի ներկայացուցիչների՝ իրենց հետ թեստավորման համար կապ չհաստատելու հայտարարությունները

article-image

Այսօր՝ մարտի 17-ին, Կառավարությունում հրավիրված ասուլիսում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Վայքում աշխատած լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից և համապատասխան ախտանիշների դեպքում առաջարկել կորոնավիրուսի թեստավորում անցնել։ Գևորգյանը մասնավորապես ասել է«Բոլոր ներկա լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից։ Մենք տվել ենք ցուցակները, կապը հաստատվել է, բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, ախտանիշների մասին են հարցրել, և առաջարկվել է, որ եթե ունեն համապատասխան ախտանիշները, իրենք գնան և անցնեն թեստավորումը: Գրեթե բոլորը, ինչքանով ես եմ տեղյակ, հրաժարվել են դրանից»։

Վարչապետի խոսնակի այս հայտարարությունից հետո լրատվական դաշտի ներկայացուցիչները Մանե Գևորգյանին մեղադրեցին ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Թեմայի վերաբերյալ երկու հրապարակմամբ հանդես է եկել Factor.am լրատվականը՝ առնվազն Factor.am-ի նկարահանող խմբի անդամների մասով հերքելով Մանե Գևորգյանի՝ լրագրողների՝ թեստավորումից հրաժարվելու մասին հայտարարությունը։ (1,2)

Factor.am-ը «Factor.am-ի լրագրողին չեն առաջարկել թեստ հանձնել, իսկ օպերատորի հետ ընդհանրապես չեն կապվել» վերտառությամբ հոդվածում գրել է «Փաստում ենք, որ Վայքում աշխատած Factor.am-ի նկարահանող խմբից կապ են հաստատել միայն լրագրողի հետ, որը նշել է, որ ունի կոկորդի ցավ, սակայն ջերմություն՝ ոչ: Լրագրողին չեն առաջարկել թեստ հանձնել, նշել են միայն, որ տվյալները կփոխանցեն համապատասխան գերատեսչությանը: Իսկ օպերատորի հետ ոչ ոք ընդհանրապես կապ չի հաստատել՝ չնայած այդ ժամանակ նա ունեցել է վիրուսի՝ ներկայացվող կլինիկական ախտանշանները՝ կոկորդի ցավ, գրիպի նշաններ, սովորականից մի փոքր բարձր ջերմություն: Ըստ այդմ, վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ լրագրողները չեն ցանկացել թեստ հանձնել, առնվազն Factor.am-ի նկարահանող խմբի անդամների մասով, չի համապատասխանում իրականությանը»:

Հաջորդիվ, վարչապետի խոսնակի հայտարարությունը հերքել և այն սուտ է որակել 1in.am լրատվականի լրագրող Դիանա Դավթյանը։ Վերջինս գրել է«Վարչապետի մամուլի խոսնակին կոչ եմ անում լրագրողների մասին ապատեղեկատվություն չտարածել` տվյալ օրը Վայքում աշխատած որեւէ լրագրող թեստավորումից չի հրաժարվել, հակառակը` անսալով ձեր վարչապետի կոչին, պետությունից չենք թաքցրել որոշներիս մոտ առկա ջերմությունն ու հնարավոր վարակակիր լինելու հանգամանքը, բայց ի հեճուկս դրան` սպասում ենք դեռ, որ մեզ , ի վերջո, կթեստավորեն: Միայն մի լրագրողի են թեստավորել` էն էլ առողջապահության նախարարի խոսնակին դիմելուց հետո

Հ.Գ. Հարգելի Մանե, երբ ասում են արտակարգ դրության ժամանակ ֆեյք նյուզ տարածել չի կարելի ( առհասարակ ֆեյք նյուզ տարածել չի կարելի, իսկ հիմա առավել եւս) դա քեզ էլ ա վերաբերում, երբ ասում են արտակարգ դրության ժամանակ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն մի տարածեք, դա չի նշանակում, որ դու կարող ես քո ունեցած սխալ ինֆորմացիան որպես պաշտոնական տեղեկատվություն տարածել....թե բա լրագրողները հրաժարվել են թեստավորումից, լուրջ?? մեկնումեկի անունը գոնե կնշես»։

Իր գրառման մեկնանության հատվածում էլ Դիանա Դավթյանը գրել է․ «Ասենք վարչապետի խոսնակը կանգնում ու սուտ ա խոսում, թե բա հրաժարվել են, սա նորմալ ա ? ․․․ 38 աստիճան ջերմությամբ, Վայքի էդ Ֆուդ-կորտում ուղիղ եթերում աշխատած, ավելին` նկարահանումից րոպեներ առաջ էդ նույն տեղում ընդմիջում արած լինելով, գնացել եմ թեստավորման, ինձ ասել են թեստերն ըստ ցանկության չենք օգտագործում

Հ.Գ. Գնացեք օդափոխվեք, հետո նոր լրագրողների անունից ինչ-որ բան հայտարարեք»։

Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով, Antifake.am-ը կապ է հաստատել Մանե Գևորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասել է, որ այն տեղեկատվությունը, որը իրեն փոխանցված է եղել համապատասխան գերատեսչությունից, եղել է այն, որ զանգել են և հետաքրքրվել լրագրողների որպիսությունից ու առաջարկել են ստուգվել։ «Նույն Factor.am-ի լրագրողին զանգահարել են, ինչպես հասկանում եմ, օպերատորին չեն զանգահարել, այդտեղ վրիպակ է տեղի ունեցել։ Լրագրողի մասին հետաքրքրվել են և ասել են, որ լրագրողը հիվանդ է, տանը պառկած, կոկորդի ցավով»- ասել է Գևորգյանը և հավելել․-«Տեղյակ չեմ Դիանա Դավթյանի դեպքից։ Խոստանում եմ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, որովհետև իմ տեղեկություններով  բոլորին զանգահարել են։ Ես անձամբ կխոսեմ Դիանայի հետ և հասկանամ, եթե դա տեղի չի ունեցել, տեսնենք՝ ինչ է հնարավոր անել»։

Իսկ մեր այն հարցադրմանը, թե նա արդյոք կարող է նշել որևէ լրատվականի կամ լրագրողի անուն, որոնք հրաժարվել են թեստավորումից, Գևորգյանը պատասխանել է․ «Ոչ։ … Ինձ էլ են այդ երկու դեպքը փոխանցել․․․ ես տեսել եմ, որ Factor.am-ի անդրադարձը, որում իրենք էլ են հաստատել, որ մեկին զանգը գնացել է, մեկին, կարծես թե, ոչ։ Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված եղել, բայց փաստորեն էդպես է»։

Հիշեցնենք, որ «Այո»-ի քարոզարշավի ընթացքում Վայքի սրճարաններից մեկում, որտեղ վարչապետ Փաշինյանը քարոզչություն էր իրականացրել և ինչից հետո կորոնավիրուսի թեստ էր հանձնել ու բացասական պատասխան ստացել, հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակված անձանցից մեկը, ում հետ վարչապետ կարճ շփում էր ունեցել։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն