Daily Digest: 18.03.2020. Գլխավոր թեման՝ կորոնավիրուս

article-image

Մինչ Հայաստանը գտնվում է արտակարգ դրության մեջ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ուղիղ եթերները և շրջայցերը Երևանում: Այս անգամ «հպարտ քաղաքացու անձնագիր» բաժանելու փոխարեն վարչապետը այցելել էր Երևանի խոշոր առևտրի կենտրոններ: Արդեն մի քանի օր է, Նիկոլ Փաշինյանը, երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, պարբերաբար ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումներ է իրականացնում, ամփոփում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի քանակը, հիվանդների վիճակը, ներկայացնում իր անձնական դատողությունները կորոնավիրուսի վերաբերյալ։

Այս անգամ AntiFake.am-ը առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի մտքերը, որոնք նա հնչեցրել է մարտի 17-ի ուղիղ՝ «Արտակարգ դրություն. օր 1» և «Շրջայց սուպերմարկետում» եթերների ընթացքում։

«…Մեր շուրջ ապրում են բազմաթիվ մարդիկ, որոնք  այս ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, բուժվել, սակայն չեն իմացել այդ մասին», - ասում է Փաշինյանը:

Ավելին՝ «Կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած մարդը ստանում է բնական պատվաստում». AntiFake.am-ը առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի վերաբերյալ արտահայտած մտքերը հրապարակմամբ:


Երեկ՝  մարտի 18-ին, ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 17-ին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել: 

Առողջապահության նախարարության կողմից հրապարակված այս տեղեկատվությունը միանշանակ չի ընդունվել հասարակության շրջանում և որոշակի քննարկումների թեմա դարձել։ Այս ամենը մասնավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ օրեր առաջ հայտարարվել էր այն մասին, որ  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկելու է միայն կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին և շատերը պացիենտի մահվան պատճառը համարել էին հենց կորոնավիրուսային հիվանդությունը։

Սակայն պաշտոնյաները պարզաբանում են, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելը կապված է եղել վերջինիս մոտ կորոնավիրուսային հիվանդության կասկածով, որն էլ հերքվել է կատարված թեստավորումից հետո, ուստի այն չի կարող հանդիսանալ պացիենտի մահվան պատճառ։

Հրապարակումը առավել մանրամասն՝ Պաշտոնական պարզաբանում․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածը կորոնավիրուսով վարակված չի եղել


Օրվա ավարտին AntiFake.am-ը, ուսումնասիրելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածությամբ դեպքերի պաշտոնական վիճակագրությունը, հետաքրքիր ինֆոգրաֆիկա էր ստացել:

Մենք որոշեցինք այն համեմատել նախորդ ամիսներին կորոնավիրուսի՝ ամբողջ աշխարհում տարածվելու իրավիճակով պայմանավորված հայ պաշտոնյաների կարծիքները Հայաստանում վիրուսի տարածման և կանխարգելման աշխատանքների վերաբերյալ:

Ստացանք հետևյալ պատկերը՝

Տվյալները ներկայացնում են 2020թ. մարտի 18-ի 22:30-ի դրությամբ եղած պաշտոնական տեղեկատվությունը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ մարտի 19-ին, ժամը 13:55-ի դրությամբ գրանցվել է վարակման ևս 7 դեպք՝ վարակվածնրի ընդհանուր թիվը հասցնելով 122-ի: 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, որը գործելու է մինչև ապրիլի 14-ը։ Արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները տարածվել են նաև ԶԼՄ-ների գործունեության վրա, որոնց համաձայն՝ կորոնավիրուսին առնչվող թեմաներին անդրադառնալիս ԶԼՄ-ները պարտավոր են հրապարակումներ անել միայն պարետատան կողմից տրամադրվող տեղեկատվությանը հղում կատարելով։ Կառավարության որոշման մեջ տեղ գտած այս մեկնաբանությունը միանշանակ չընդունվեց և մի շարք հարցեր առաջացրեց, այդ թվում և մեզ մոտ։ 

Վերը նշված տեղեկությունները հրապարակելու սահմանափակումների մասին տեղեկություն ստանալու համար AntiFake.am-ը դիմել է պարետատան պաշտոնական ֆեյսբուքյան էջին, որտեղից ստացված պատասխանում որպես պարզաբանում նշվում է. «Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցները պետք է հրապարակեն միայն պաշտոնական հաղորդագրություններ»։ 

Նկատենք, որ այս մեկնաբանությունը հակասում է Կառավարության որոշմամբ հաստատված կարգի մեջ տեղ գտած ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերվող գլխի 25-րդ հոդվածին, որի համաձայն՝ «Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ»։

Լրատվամիջոցների և ֆիզիկական անձանց հրապարակումները սահմանափակելու փոխարեն լիազոր մասնագիտացված մարմինը պետք է շահագրգռված լինի, որ սահմանափակումների շրջանակն առաջին հերթին տարածվի հենց պաշտոնատար անձանց հաղորդումների վրա, քանի որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի վերը մեջբերված որևէ միտք առայժմ հաստատված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի արտաբերած մտքերը կարող են միանշանակ ընդունվել հասարակության մի մասի կողմից, ինչն էլ կարող է խոչընդոտել պարետատան՝ սույն կարգն ընդունելիս ունեցած նպատակին։

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն