Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պարենային ապահովվածության վերաբերյալ պետական գաղտնիքներ է հայտնել

article-image

Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության 3-րդ օրը՝ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ պարենային ապահովվածության մակարդակին և պետական գաղտնիքներ հայտնել։

Վարչապետը մասնավորապես ասել է «Իհարկե ասվել է, որ մենք այդ առումով խնդիրներ չունենք, և հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է, որ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք, օրինակ, շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք, բայց միևնույն ժամանակ, օրինակ, իմ ձեռքին տեղեկանք է, որ երեկ՝ միայն ամսի 18-ին, 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, և էդպես շարունակ, արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ։ Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզելային վառելիքով, և ներմուծվում է»։

Չբավարարվելով այս տեղեկությունների հրապարակմամբ` վարչապետը Կառավարության նիստի ուղիղ եթերում հետաքրքրվել է ՀՀ պարենային ապահովվածության այլ մանրամասներով և պատասխաններ ստացել։

«Պարո'ն Գևորգյան, ի՞նչ տեղեկություններ կարող եք տալ բացի նշվածից»,- հարցրել է Փաշինյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, և ի պատասխան իր հարցի` ստացել հետևյալ պատասխանը․ «-Շնորհակալություն, պարո'ն վարչապետ։ Նախ դիզելով ու բենզինով ասեմ, որ մենք  առնվազն բենզինի 3 ամսվա պաշար ունենք` չհաշված նաև էս ներմուծումները, իսկ դիզելի 1,5 ամսվա պաշար ունենք։ Մենք նաև օրեկան արտադրության ծավալ ունենք բժշկական սպիրտի. 12.760 լիտր վերամշակվում է և դրա արդյունքում ստաcվում է մոտ 11 տոննա, որը օգտագործվում է 2 նպատակով՝ ախտահանիչ նյութերի արտադրության մեջ է օգտագործվում և որպես բժշկական սպիրտ։ Նաև ցորենի մեծածավալ պաշար ունենք, որից ստացվում է նա ալյուրը, այսինքն՝ ալյուրի և ցորենի մասով ևս հանգիստ կարող ենք լինել ու այս առումով կարծում եմ էլի մեծածավալ գնումներ անելու անհրաժեշտություն չունենք։ Մենք երկու գործողություն ենք անում. պաշարների մոնիթորինգ ենք անում անդադար, նաև գների մոնիթորինգ ենք անում։ Այսօր նաև ամենօրյա կտրվածքով տեղեկանք ենք ուղարկում մարզեր, որպեսզի կարողանանք այնտեղ ևս գները պարզաբանենք։ 44 անուն ապրանք ենք մոնիտորինգ անում այս պահին, կարծում եմ՝ անհանգստացնող երևույթներ շատ չկան, գների մասով, հավելյալ՝ օրվա վերջում տեղեկանք կունենանք․․․»։

Համաձայն ՀՀ պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի՝ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, ՏՆՏԵՍԱԿԱՆ, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածումը, այդպիսի տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստն է.

ա) հրապարակումը սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

բ) հոսակորուստը սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պահպանության համար պատասխանատու անձանց անփութության հետևանքով այդպիսի տեղեկությունների արտահոսքը կամ կորուստն է:

Օրինակ, պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկություններից է ՀՀ արտաքին տնտեսական (առևտրային, վարկային և արժութային) գործունեության մասին տեղեկությունը, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության կենսական կարևոր շահերի, ինչպես նաև պաշտպանական կամ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող աշխատանքների, տեխնիկական լուծումների մասին տեղեկությունը։

Ուստի ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին, երբ ամեն ինչ անկանխատեսելի է, երբ հայտնի չէ, թե օրինակ, 2 ամիս անց ինչպիսի իրավիճակ է տիրելու Հայաստանում և ողջ աշխարհում, և ինչն էլ, էլ ավելի մտածված, բոլոր հնարավոր ռիսկերը գնահատված գործողությունների իրականացում է ենթադրում Կառավարության կողմից, մենք ունենք մի իրավիճակ, երբ երկրի առաջին դեմքը հրապարակային խոսում է ՀՀ պարենային պաշարների մասին, հայտնում, որ, օրինակ, X ապրանքից ՀՀ-ն ունի այսքան քանակ, որը կբավարարի 2 ամսվա համար, և շուտով կունենանք  X և XX ապրանքից, որը ևս 2 ամիս կարող ենք օգտագործել։

Ստեղծված իրավիճակում և Կառավարության ղեկավարի արած այս հայտարարությունների ֆոնին կարո՞ղ են արդյոք ՀՀ մի խումբ քաղաքացիներ X ապրանքից, որի պաշարները ողջ հանրապետությունում ենթադրաբար 2 ամիս անց սպառվելու են, գնումներ կատարել այնքան, որ նրանք տվյալ X ապրանքից ունենան, օրինակ, 6 ամսվա պաշար, իսկ մնացած քաղաքացիները չհասցնեն նույն X ապրանքից գնել անգամ 1 ամսվա համար անհրաժեշտ պաշար, այո՛, կարող են։ Այս ամենի արդյունքը խուճապն է, իսկ հետևանքը՝ մի շարք տնտեսական խնդիրների առաջացումը, որոնք ռիսկերի ճիշտ կառավարման արդյունքում հնարավոր կլիներ բացառել։

Բացի այդ, երբևէ և առավել ևս արտակարգ դրության պարագայում պետք չէ մոռանալ  մեր «կիրթ» հակառակորդների և ոչ բարյացկամ հարևանների մասին, որոնք վստահաբար շարունակում են իրենց «աշխատանքը» և իրենց հարմար առիթին սպասում։ Մի՞թե նրանք ցանկության դեպքում ՀՀ պարենային պաշարի մասին պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չեն կարող օգտագործել հօգուտ իրենց և ի վնաս Հայաստանի Հանրապետություն։ Վստահաբար կարող են։

Եվ ի՞նչ կարող էր անել ՀՀ-ն նման բան թույլ չտալու համար։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է՝ գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը և ճիշտ ղեկավարել դրանք, և ինչու ոչ, ՍՈՎՈՐԵ՛Լ ՀՀ օրենքները, մասնավորապես՝ առավել լավ իմանալ ՀՀ պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը, և հասարակությունից ու աշխարհից ոչ թե թաքցնել, օրինակ, կառավարական առանձնատների հարակից տարածքների համար գնված նստարանների գինը, որի հանրայնացումը մեր «կիրթ»  հարևանները ի վնաս մեզ չեն կարող օգտագործել, այլ իրապես ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ։

Այնինչ ունենք մի իրավիճակ, երբ Կառավարության ղեկավարը՝ հանձինս վարչապետ Փաշինյանի, միգուցե և անփութության հետևանքով ՀՀ տնտեսության, մասնավորապես՝ պարենային պաշարների և արտաքին տնտեսության (առևտրի) վերաբերյալ տեղեկատվություններ է հայտնել, ինչը նաև հանգեցրել է այս տեղեկությունների հետ առնչվելու թույլտվություն չունեցող անձանց և ոչ միայն, այդ թվում՝ ՀՀ թշնամի երկրների տեղեկացվածությանը, ինչը կարող է խիստ վտանգավոր հետևանքների հանգեցնել։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն