COVID-19: Արտակարգ դրություն. օր 6-րդ

article-image

Հայաստանի Հանրապետությունը, արդեն 6 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և իր ընթերցողներին ամփոփ ներկայացնում մարտի 21-ի իրադարձությունները:

Արդեն Հայաստանի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով վարակման 160 դեպք, 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը (22.03.2020թ. 10:00-ի պաշտոնական տվյալներով՝ 190 դեպք):

Կորոնավիրուսի իրավիճակի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկություններ է հայտնել ԱՆ Արսեն Թորոսյանը:

«Մենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք, որոնցից 3-ին էր անհրաժեշտ ինտենսիվ թերապիա, սակայն ոչ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում»:

Թորոսյանը նաև հայտնեց որ ավելի քան 600 անձինք մեկուսացված են Հայաստանի տարբեր մարզերում:

Հիվանդանոցից այսօր դուրս է գրվում երկրորդ պացիենտը, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, սակայն այժմ հետազոտությունները վիրուսի բացակայություն են ցույց տվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ Արսեն Թորոսյանը:

«Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:

Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:

Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները»:

Արտակարգ դրության պայմաններում ձեռնարկված միջոցառումների շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

3. Կինոֆիլմերի ցուցադրում

4. Խաղատներ

5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրել է, որ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:

Միաժամանակ գործում է նաև պարետատան թեժ գիծը: Պարետատան աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով կպատասխանեն քաղաքացիներին հուզող հարցերին: Այդ մասին տեղեկանում ենք պարետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից:

Թեժ գծի համարներն են.

8141 - Հայաստանի տարածքից զանգ կատարելիս

+374 11208141 - արտերկրից զանգ կատարելիս

060 83 83 00 - առողջապահական հարցերի դեպքում

Հայաստանի տարածքում զանգերն անվճար են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն