Առողջապահության նախարարության աշխատակիցները 2020թ.-ին նախատեսվածից ավել աշխատավարձ ու չնախատեսված պարգևավճարներ են ստացել

article-image

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման մասին Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը։ Հաշվեքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, խեղաթյուրումներ և օրենսդրական պահանջների խախտումներ, որոնք վերաբերվում են առողջապահության նախարարության աշխատակիցներին նախատեսվածից ավել աշխատավարձ տալուն, չնախատեսված պարգևավճարներ հատկացնելուն և այլն։ Խախտումներից առավել ուշագրավները ներկայացնում ենք  ստորև։

 

Պաշտոնային դրույքաչափի անհամապատասխանության հետևանքով աշխատակիցներին 2.110.900 դրամ ավել աշխատավարձ է վճարվել։

 

Հաշվեքննիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ստացված եզրակացության մեջ տեղ են գտել աշխատավարձի՝ օրենքով սահմանված դրույքաչափերի և աշխատակիցներին փաստացի վճարված գումարի հետ անհամապատասխանություններ։ Փաստացի նախարարության՝ Մոր և մանկան առողջության պահպանման  վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի աշխատակիցը, Օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետը,  Փորձագիտական գնահատման և մշտադիտարկման 1-ին բաժնի գլխավոր մասնագետը 2019թ. ազատվել են աշխատանքից իրենց դիմումների համաձայն։ Օրենքով սահմանված կարգով կատարվել է վերջնահաշվարկ: Աշխատանքից ազատման նույն օրը նրանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր. նրանցից մեկը ստանձնել է վարչության պետի, մյուս երկուսը՝ բաժնի պետերի ժամանակավոր թափուր պաշտոնները: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նրանք պետք է վարձատրվեին ըստ ստանձնած նոր պաշտոնի աշխատավարձի դրույքաչափի սանդղակի 1-ին մակարդակի՝ ամենացածր աշխատավարձով, սակայն օրենքի այս կետը հաշվի չի առնվել, և հիմք է ընդունվել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի 23.10.2018թ․ շրջաբերական նամակը, և վերոնշյալ աշխատակիցները շարունակել են ստանալ աշխատավարձ նախկին գործակցով կամ ավելի բարձր մակարդակի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով, որի հետևանքով երեք աշխատողներին վճարվել է 2.110.900 դրամ ավելի աշխատավարձ։

 

Օրենսդրության պահանջը չպահպանելու հետևանքով կատարվել է 28.348.500 դրամի ավել վճարում։ 

 

Աշխատավարձի ավել վճարման խնդիրներ են արձանագրվել նաև համակարգչային ցանցի ադմինիստրատորի պարտականություններ կատարելու նպատակով  երկու աշխատակիցների հետ կնքված պայմանագրերով, որոնք կատարել են նույն աշխատանքը, և զբաղեցրել փաստացի նույն պաշտոնները, բայց նրանց աշխատավարձի դրույքաչափերը տարբեր են եղել. մեկը վարձատրվել է 181.885 դրամ, իսկ մյուսը՝ 535.000 դրամ։ Հետագայում վերջինիս հետ կնքվել է  համաձայնագիր և աշխատավարձի դրույքաչափը իջեցվել է։ Արդյունքում 2020 թվականին աշխատակցին 1.950.900 դրամով ավելի գումար է վճարվել: Նմանատիպ խնդիր եղել է նաև տեղեկատվական տեխնոլոգիայի համակարգողների դեպքերում։ Նրանց աշխատավարձի դրույքաչափի հաշվարկով աշխատավարձը եղել է 181.885 դրամ, սակայն փաստացի նրանց վճարվել է անհամեմատ ավելի շատ գումար։ Արդյունքում աշխատակիցներից մեկին 2020թ․-ին ավել է վճարվել 1.409.200 դրամ, իսկ մյուսին՝ 115.100 դրամ:

 

COVID-19 ծրագրով պարգևավճար չի նախատեսվել, սակայն վճարվել է 56.151.500 դրամ պարգևավճար։ 

 

Մեկ այլ բնույթի խախտում է գրանցվել չնախատեսված պարգևավճարներ բաժանելու հետ կապված: Մասնավորապես, «COVID-19» ծրագրի շրջանակներում պարգևատրման համար միջոցներ չեն նախատեսվել։ Նույն ծրագրով ՀՀ կառավարության թվով 24 որոշումների համաձայն՝ առողջապահության նախարարությանը հատկացվել է 26.491.923.000 դրամ՝ թվով 10 բժշկական կենտրոնների պահպաման ծախսերի, շտապ օգնության 21 մեքենաների ձեռքբերման,  Երևան քաղաքի և մարզերի բժշկական օգնության և սպասարկում իրականացնող թվով 14 բժշկական կազմակերպությունների արդիականացման համար: Նախարարության աշխատակիցների համար պարգևավճար չի նախատեսվել, բայց այդ գումարից 56.151.500 դրամը վճարել է որպես պարգևավճար:

Կորոնավիրուսային համաճարակային իրավիճակով պայմանավորված օրենսդրական հաջորդ խախտումը վերաբերում է առողջապահության նախարարության թվով 22 վարորդների հետ ժամկետային պայմանագրերի կնքմանը, որտեղ պաշտոնային դրույքաչափը ամսական սահմանվել է 210.000 դրամ՝ 99.200 դրամի փոխարեն: Արդյունքում՝ 3.808.300 դրամ ավել է վճարվել։ Դրան զուգահեռ վարորդներից մեկն աշխատանքի ընդունվելուց 2 ամիս անց պարգևատրվել է 210.000 դրամով: 

Խախտումների շարքում հատկանշական տեղ ունի  նաև պարգևավճարների տրամադրման և օրենքի հետ դրանց ունեցած անհամապատասխանությունների դրվագը: Առհասարակ, ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անաձանց վարձատրության մասին»  ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասի՝ պարգևավճար տրամադրվում է, երբ աշխատակիցն իր աշխատանքը լավ է կատարում, կամ հատուկ հանձնարարություններ է անում, բայց Առողջապահության նախարարությունում այդպես չեն կարծում, դեռ ավելին, որոշ աշխատակիցների տրվում են պարգևավճարներ, որոնց չափը օրենքով սահմանվածից ավելի է՝ 22 աշխատակիցների գործերի ուսումնասիրության ընթացքում չգտնվեց որևէ մի աշխատակից, որին հանձնարարված լիներ որևէ հատուկ առաջադրանքի կատարոււմ, որը պարգևատրման հիմք կհանդիսանար: Մասնավորապես, աշխատակիցներից մեկը մարտ-հունիս ամիսներին պարգևատրվել է 7.349.800 դրամ՝ 4.250.000 դրամի փոխարեն, կամ կատարվել է 3.099.800 դրամի չափով ավել վճարում: Մեկ այլ աշխատակից մարտ-հունիս ամիսներին ստացել է 7.276.200 դրամ պարգևավճար՝ 4.250.000 դրամի փոխարեն կամ ավել է վճարվել 3.026.200 դրամի չափով: Առողջապահության նախարարության մեկ այլ աշխատակից սահմանվածից ավելի է վճարվել 2.877.000 դրամ՝ 11 ամիսների համար, իսկ մյուսը՝ 1.253.500 դրամ: Պետական առողջապահական գործակալության աշխատակիցը ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 6.734.100 դրամ՝ 2.920.700 դրամի փոխարեն, կամ ավելի է վճարվել 3.813.400 դրամ:

Խախտումների շարքում կան նաև արձակուրդի տրամադրման, դրա պայմանների և վճարումների՝ օրենքի հետ դրանց ունեցած անհամապատասխանություններ ևս։ Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում սահմանվում է 20 աշխատանքային օր, բայց նախարարությունը չի պահպանել  օրենսդրական պահանջները,  պայմանագրային աշխատողների համար աշխատանքային պայմանագրերով սահմանել է նաև լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկին վճարել է 47.700 դրամ ավելի արձակուրդային գումար: Իսկ առողջապահության նախարարի տեղակալի օգնական Ա․Ա․-ի դեպքում նախարարությունը արձակուրդ տրամադրել է խախտումներ կատարելով. նախ նրա աշխատանքային 1 տարին չլրացած նրան տրամադրվել է արձակուրդ՝ աշխատանքային 5 օր՝ վճարվելով միանվագ անձակուրդային վճար՝ 12 ամիսների համար, ինչի արդյունքում նրան վճարվել է օրենքով սահմանվածից 35.200 դրամ ավել գումար: Մեկ այլ աշխատակցի դեպքում հաշվի չի առնվել օրենքի այն կետը, համաձայն որի՝ աշխատանքային տարվա համար  ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում. աշխատակիցը,  2020թ. հասանելիք արձակուրդը դեռ ամբողջությամբ չօգտագործելով,  ստացել է 2021թ. հասանելիք արձակուրդից 3 օր և վճարվել 1.761.200 դրամ արձակուրդային նպաստ: Արձակուրդը չօգտագործած` վերջինս հետ է կանչվել արձակուրդից:

Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Աղբյուր՝  AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն