Նոր ողբերգության հեռանկարը

article-image

Հայրենասիրությունը ոչ թե էմոցիաների պոռթկում է,

այլ մարդու ողջ կյանքի հանգիստ և տևական նվիրվածություն։

Ադլեյ Սթիվենսոն

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կրկին անհանգիստ է: Թշնամին երեկ երեկոյից մինչև ուշ գիշեր ինտենսիվորեն գնդակոծել է Երասխի դիրքերը: Շատերի համար իրադարձությունների այսպիսի ընթացքը հստակ կանխատեսելի էր:

Մեկ բան ակնհայտ է. Հայաստանը աղետի հասցրած և կապիտուլացված իշխանության պարագայում թշնամին կանգ չի առնելու: Ծավալվող իրադարձությունների համատեքստում երեկվանից իշխանության քարոզչամեքենայի առաջամարտիկների կողմից, այսպես կոչված, «համախմբման» և «միասնականության» թեզեր են շրջանառվում: Կոչեր են հնչում նաև չքննադատել իշխանություններին: Թե ինչու պետք է համախմբվել ամեն ինչ տապալած, Արցախը և Հայաստանը աղետի հասցրած իշխանությունների շուրջ, չի նշվում: Համախմբվել, որ հերթական անգամ գնանք մի նոր կապիտուլյացիայի ճանապարհո՞վ:

Ինչպե՞ս կարելի է համախմբվել մի իշխանության շուրջ, որի անփառունակ գործունեության հետևանքն է այս ամենը: Ինչպե՞ս կարելի է համախմբվել մի իշխանության շուրջ, որի օրոք հետպատերազմյան շրջանում երկիրը երկու ամիս արդեն, ինչ ԱԳՆ չունի: Ինչպե՞ս կարելի է համախմբվել մի իշխանության շուրջ, որի օրոք չունենք Արցախ, իսկ թշնամին զբոսնելով օկուպացրել է Հայաստանի սահմանային հատվածները: Ինչպե՞ս կարելի է համախմբվել մի իշխանության շուրջ, որը հանձնել և հանձնում է Հայաստանի սուվերենության մնացորդները: Հանուն երկրի՞: Ընդհակառակը, առողջ տրամաբանությունը հուշում է, որ հանուն Հայաստանի և Արցախի մնացորդների օրակարգը պետք է լինի ոչ թե ինչ-որ կեղծ «համախմբման» և «միասնականության» թեզերի շրջանառումը, այլ օր առաջ կապիտուլացված իշխանությունների վռնդումը:

Եթե մենք պատրաստ ենք մեր հաջորդ անխուսափելի ճակատամարտը տալ Երևանի մատույցներում, ապա կարող ենք տրվել կեղծ «միասնականության», «համախմբման» թեզերին և ձեռք ձեռքի տված գնալ դեպի հերթական ողբերգական մի նոր արար: Ժողովուրդների պատմության ողբերգական շրջափուլերը հենց այնպես չեն եղել: Իրադարձությունները ունեցել են իրենց պատճառահետևանքային շղթան: Այն, ինչ կատարվում է այսօր Երասխում, դա մեր ազգային ողբերգության շղթայի մի մասնիկն է: Շղթա, որի հովանավորը Հայաստանի 30 տարվա պատմության ամենաանփառունակ և աղետաբեր իշխանությունն է:

Եվ վերջում.

Երեք հազար տարի կռիվների բովով անցած այս ժողովուրդը հանցավոր իշխանության քաղաքական դիվիդենտներ պարունակող քարոզչական կեղծ թեզերի կարիքը չունի: Անհրաժեշտության պարագայում մեծից փոքր բոլորը գիտեն իրենց տեղն ու անելիքը:

 

Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն