Fact Check: Հանրաքվե 2020. Հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանի նախընտրական հայտարարությունները մինչև ինքնամեկուսացումը

article-image

Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից արտակարգ դրության մեջ է՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ: Այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում կա վարակման 160 դեպք, մեկուսացված է մոտ 600 անձ:

Նախքան կորոնավիրուսի դեպքերի ավելացումը և կառավարության կողմից արտակարգ դրության հայտարարումը՝ մինչև մարտի 12-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կուսակիցների և այլ պաշտոնյաների հետ քարոզարշավ էր իրականացնում Հայաստանի հարավային մարզերում՝ Սյունիքում և Վայոց Ձորում:

Հանրաքվեի քարոզարշավի «վերջին» օրը կազմակերպվող քարոզչությանը և հրավիրվող հանրահավաքներին միացել էր նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Ջերմուկում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ԱԺ փոխխոսնակը հայտարարեց. «…Մենք չենք կարող ազատագրել դատական համակարգը նախկինների ազդեցություններից՝ տարածելով մեր ազդեցությունը դատական համակարգի վրա»:

Տիկին Նազարյանը, սակայն, մոռանում է 2018 թվականի աղմկահարույց ձայնագրությունները, որտեղ այդ ժամանակ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր. «Մի խոսքով, դատավորը, ով որ կալանքը պիտի տա: Դրան ասել եմ՝ դուխով: Բա մի հատ հիմքերը պետք ա նայեմ, պարոն Վանեցյան, էս կողմ, էն կողմ: Ասի՝ նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս:», կամ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում՝ «Սասունը ասում ա, հաստատ ա, դատավորը զանգեց ինձ ասեց մի քիչ վախումա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա, որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա-կասի, պարոն վարչապետ»:

Փաստերից ևս մեկը. Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքի հարթակից հայտարարել էր. «Ինչի կա նենց դատավոր, որ իմ ասածին կարա ասի չէ՞», անկախ դատավորներին անվանել էր «վնգստացողներ» և նման բազմաթիվ դեպքեր և հայտարարություններ, որոնք գալիս են ապացուցելու, որ Լենա Նազարյանի հայտարարությունը պարզապես դատարկ հիմքով նախադասություն է:

Եզրափակելով իր ելույթը` ԱԺ փոխխոսնակը ասել է. «Ես հավատում եմ, որ ուս ուսի հետևողական պայքարի միջոցով կհասնենք նրան, որ կունենանք անկախ դատարաններ և ազատագրված Սահմանադրական դատարան: Այդպիսով, մենք քաղաքացիների շահերը կկարողանանք պաշտպանել տարբեր ուժերի և ուժեղների ոտնձգություններից»:

Ինչպես և իրականությունն է, քաղաքացիների շահերը և դատարանների անկախությունը պետք է փրկել հենց Լենա Նազարյանի թիմից և վերջինիս առաջնորդից: Նիկոլ Փաշինյանն էր, որին դուր չէր եկել դատարանի կայացրած որոշումը, և կոչ էր արել շրջափակել դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, ելքերն ու մուտքերը: Ինչպես նաև հիշեցնենք առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հետապնդումները:

Եվ վերջապես, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հենց հերթական ճնշման միջոցն էր ներկայիս իշխանությանը չենթարկվող պետական վերջին կառույցի նկատմամբ:

Ջերմուկում ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը: Իր ելույթում պատգամավորը հայտարարեց. «Այսօր մեր ընդդիմախոսները, նախին իշխանությունները մեզ մեղադրում են, ասում են՝ տեսեք, դուք ուզում եք էս դատավորներին հանեք, ձեր դատավորներին բերեք, բերեք խամաճիկային դատավորներ; Ես այլ հարց եմ տալիս. Իշխանափոխությունից հետո որտե՞ղ ենք մենք խամաճիկային լուծում տվե, հեռուստաընկերություններ ենք դարձրել խամաճիկային, որ այսօր կեսից շատը ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունի…բիզնեսներ ենք դարձրել խամաճիկային, որ հստակ գիտեին՝ ով, որտեղ, ոնց, ում, ինչքան և ինչի համար պետք է տար»:

Հարկ ենք համարում Արման Եղոյանին հիշեցնել 2018թ. իշխանափոխությունից հետո պետական միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերության ներկայիս եթերային խամաճիկային իրավիճակը, կողմնակալ լրատվությունը և ռեպորտաժները: Օրինակները բազմաթիվ են (Տե՛ս 1,2,3,4):

Պետք է հիշել նաև, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից բարեգործական հիմնադրամների ստեղծումից հետո նախկին իշխանությունների հայտնի դեմքերը և գործարարները մեծ թվով նվիրատվություններ են իրականացրել, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը և նրան պատկանող բազմաթիվ ձեռնարկություններ, Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, Երևանի կոնյակի գործարանը և այլ անձինք և կազմակերպություններ: Հատկանշական են նաև Մայր աթոռ Սբ Էջմիածնի նվիրատվությունները: Փոխանցումների ժամկետները համընկնում են այն ժամանակահատվածի հետ, երբ ներկայիս իշխանությունների կողմնակիցները հալածում էին Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ Առաքելական եկեղեցուն: Հիմնադրամը համագործակցում է նաև նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» և Սամվել Ալեքսանյանի հետ:

Չենք կարող նաև անուշադրության մատնել Սամվել Ալեքսանյանի ներկայիս մտերմությունը Փաշինյանի հետ: Նախկինում հանցագործ, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է պարզապես «խոշոր սեփականատեր»:

Ջերմուկում ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը: «Ժամանակն է, որ մենք ունենանք նաև վտահելի դատական համակարգ», - հայտարարեց վարչապետը:

Գտնվելով Ջերմուկում՝ Նիկոլ Փաշինյանը չխուսափեց Ամուլսարի խնդրից: Այս առնչությամբ նա հայտարարեց. «Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ: Եվ առնվազն այս փաստի բերումով՝ ես կոչ եմ անում բոլորին չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ»:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Էլարդ» ընկերության հրապարակած եզրակացությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով մոտ մեկ ժամ հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով հիմնավորում էր հանքի շահագործումը: «Էլարդ» ընկերության փորձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։

Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ վերջնական, հստակ և ուղիղ պատասխան չի տալիս Ամուլսարի շահագործման կամ չշահագործման մասին:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, և ես կարող եմ երաշխավորել, որ քանի այս քաղաքական իրողությունները գոյություն ունեն, դուք աջակցում եք այս քաղաքական իրողություններին, համակարգային կոռուպցիա չի լինելու»:

Կարող ենք ուղղակի թվարկել Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից կատարված կոռուպցիոն բացահայտումների դեպքերը, և հարցականի տակ դնել վարչապետի խոսքերի ճշմարտացիությունը այն դեպքում, երբ դեռևս 2018 թվականին էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ «Հայաստանում կոռուպցիա չկա»:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև դատական համակարգի խնդիրներին: Ներկայացնելով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ազատ արձակելու պատմությունը և վերջինիս ներկայացնելով «Ռոբերտ Քոչարյանի ամենահայտնի կողմնակիցներից մեկ»: Խոսելով դատական իշխանության անկախության մասին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտում է. «շատերը քննադատում են, ասում են՝ բա կառավարությունը կու՞յր էր, չէր տեսնում, որ գործը էն դատավորի մոտ է, ով հրապարակային հայտարարություններ է արել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի և նրանց քաղաքական թիմի»: Նիկոլ Փաշինյանը նկատի ունի նույն Ալեքսանդր Ազարյանին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին: Ազարյանը հենց այն դատավորն էր, որ, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի, հայտարարել էր. «Պարոն Փաշինյանն ասում է՝ ո՞վ է այդ դատավորը, ցույց տվեք այդ դատավորին, որ իմ ասածը չանի, շատ կներեք՝ ես եմ, ու իմ նմանները շատ են»:

Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպումից և կարճ, նույնաբովանակ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը «Հպարտ քաղաքացու անձնագիր» բաժանեց Վայքի սննդի կետերից մեկում (որտեղ էլ շփվել էր կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ), այցելեց բազմահարկ շենքերի բնակիչներին: Այնուհետև ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հասարակության բոլոր խնդիրներում մեղադրեց Սահմանադրական դատարանին: «Դատապարտելով» հայհոյանքի մշակույթը՝ այնուամենայնիվ, Փաշինյանը նախկին իշխանություններին և պետական պաշտոնյաներին «դուրսպրծուկներ» անվանելով՝ մեղադրեց «եվրոպական և մոսկովյան կոշիկները լիզելու մեջ»:

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում էր, որ Նիկոլ Փաշինյանը արեց իր այդ քան քննարկված հայտարարությունը. «Կորոնավիրուսը չի վտանգավոր, կորոնավիրուսը դրանք են իսկական, որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են»՝ նկատի ունենալով նախկին ու ներկա անբարեխիղճ պաշտոնյաներին: «Ու էդ կորոնավիրուսներին իրար հետ հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք, ուղարկենք իրանց գործերին»:

Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի «պինցետը» իրական կորոնավիրուսի դեմ այդքան էլ արդյունավետ չի աշխատում:

Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ընթացքում վերջին ելույթը Արենիում էր: Նույն օրը Փաշինյանը վերադարձավ արձակուրդից՝ կորոնավիրուսով նոր դեպքերի հանգամանքով պայմանավորված: Նիկոլ Փաշինյանի քարոզարշավից ընդամենը 4 օր անց Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, որը ուժի մեջ կլինի մինչև սույն թվականի ապրիլի 17-ը:


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն