ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի կողմից 22 ամիս գերության մեջ պահված Արթուր Բադալյանի գործով վճիռը

article-image

2021 թվականի հուլիսի 22-ին հրապարակվել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) վճիռը: Գործը վերաբերում է նրան, որ ադրբեջանական ուժերը ձերբակալել են դիմումատուին հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում և 22 ամիս պահել են անազատության մեջ։ Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից։ 

Հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելք)՝ դիմումատուն պնդել է, որ ձերբակալման ընթացքում ենթարկվել է վատ վերաբերմունքի, որը կալանքից ազատվելուց անմիջապես հետո վերջինիս մոտ առաջացրել է լուրջ հոգեկան խնդիրներ։

Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն դիմումատուի պահման վայրի, կալանքի պայմանների և ընտրված կարգի մասին կալանքի տակ գտնվելու ամբողջ ընթացքում:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ դիմումատուի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ են եկել կալանքից ազատվելուց անմիջապես հետո որևէ կերպ կապված չեն կալանքի պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը դիմումատուն ստացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Ավելին, հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)՝ դիմումատուն պնդել է, որ իր ձերբակալումը եղել է անօրինական։ Նա մասնավորապես պնդել է, որ որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե ռազմագերի պետք է անմիջապես ազատ արձակվեր կամ իրեն հասկանալի լեզվով անմիջապես տեղեկացվեր կալանքի պատճառների մասին, տարվեր դատավորի մոտ և հնարավորություն տրվեր վիճարկել կալանավորման որոշումը։

Ադրբեջանի կառավարությունը պնդել էր, որ դիմումատուն կալանավորված է եղել որպես ռազմագերի։ Հայասատանի Հանրապետությունը, հանդես գալով որպես երրորդ կողմ և ներկայացնելով իր դիրքորոշումը, պնդել էր, որ տեղի է ունեցել դիմումատուի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով։

Եվրոպական դատարանը, համաձայնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված դիրքորոշման հետ, նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չի ներկայացրել ապացուցելու դիմումատուի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չեն բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում դիմումատուի գործի վրա, և պատասխանող Կառավարությունը չի պնդել, որ նրա կալանավորումը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետերին կամ դիմումատուին տրամադրվել է որևէ ընթացակարգային երաշխիք։

«Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Հիշեցնենք՝ Արթուր Գրիշայի Բադալյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: 2009 թվականի մայիսի 9-ին Արթուր Բադալյանն իր 4 ընկերների հետ մեկնել է Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի մոտակա անտառ՝ ծառի սունկ հավաքելու և, մոլորվելով անտառում, գերի ընկել Ադրբեջանի Հանրապետությանը: Դիմումատուի գերի ընկնելու մասին Հայաստանի Հանրապետությունում անմիջապես չեն իմացել և Արթուր Բադալյանին համարել են անհայտ կորած: Մինչև 2010 թվականի նոյեմբեր ամիսը ադրբեջանական կողմը հերքել է Արթուր Բադալյանի՝ իրենց մոտ գտնվելու փաստը:

Միայն 2010 թվականի նոյեմբերի 8-ին Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով տեղեկություն է ստացվել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները 2010 թվականի նոյեմբերի 5-ին այցելել են Արթուր Բադալյանին Բաքվի ռազմական ոստիկանության մեկուսարաններից մեկում, ինչի մասին տեղեկացվել է Տավուշի քննչական բաժանմունքը: 2011 թվականի մարտի 17-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների փոխանակում: Փոխանակման արդյունքում հայկական կողմին է հանձնվել Արթուր Բադալյանը:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն