Շաբաթվա հրապարակումների ընտրանին. Հանրաքվե, կորոնավիրուս, արտակարգ դրություն

article-image

Անցնող շաբաթը բավական հագեցած էր իրադարձություններով, իշխանական մանիպուլյացիաներով և, բնականաբար, նոր տիպի կորոնավիրուսային պանդեմիայով:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավ

Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը վերադարձավ արձակուրդից և դադարեցրեց Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը: Պատճառը նոր տիպի կորոնավիրուսով վարակակիրների նոր դեպքերն էին: Կորոնավիրուսի մասին՝ ավելի ուշ, իսկ այստեղ ներկայացնենք այն խախտումները, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք ՀՀ վարչապետը և նրա թիմը հասցրեցին անել իրենց կարճատև քարոզարշավի ընթացքում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձակուրդը տրամադրվել է խախտումներով. արձանագրեցինք մենք: Մարտի 13-ին Կառավարության պաշտոնական կայքէջում հետին` 2020 թվականի մարտի 6-ի ամսաթվով տեղադրվել են վարչապետի 318-324 որոշումները, որոնց թվում են վարչապետին, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձակուրդների տրամադրման որոշումները:

Հետևեցինք նաև Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին՝ Վայոց ձորի մարզում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ խուճապային իրավիճակ չկա, իսկ նախկին իշխանությունների «դուրսպրծուկներին» «կորոնավիրուսներ անվանելով»՝ պատրաստվում էր «պինցետով հատիկ-հատիկ հանել և տնական արաղով դեզինֆեկցիա անել», ինչից հետո վարչապետը ընտանիքի հետ ինքնամեկուսացավ Սևանում գտնվող կառավարական ամառանոցում՝ կորոնավիրուսի հնարավոր վարակված լինելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ՝ օրենքի ուժով հետաձգվում է նաև ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:

Կորոնավիրուս, արտակարգ դրություն, մանիպուլյացիա և ապատեղեկատվություն՝ մեկ տեղում 

Շաբաթը սկսվեց երկրում արտակարգ դրության հայտարարմամբ. մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: Փակվել են դպրոցները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, խոշոր առևտրային կենտրոնները:

Մարտի 23-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության արդեն 194 դեպք:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստան վերադարձան Իտալիայում գտնվող 67 ՀՀ քաղաքացիներ, որոնք պետք է գտնվեին 14-օրյա կարանտինում: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ քաղաքացիները կարանտինը անցկացնելու են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, սակայն ՊՆ խոսնակը հերքել էր: Այնուամենայնիվ, հաջորդ օրը ապացուցվեց հակառակը. Իտալիայից վերադարձած քաղաքացիները տեղավորվեցին վարժարանի տարածքում:

Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել էր երկկողմանի թոքաբորբով հիվանդը, որի մոտ կորոնավիրուսային թեստը բացասական էր եղել: Հասարակության մոտ այս լուրը միանշանակ չընդունվեց: Ուստի պաշտոնյաները հանդես եկան պարզաբանող հայտարարություններով:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ընթացքում ուղեկցած լրագրողները հրաժարվել են կորոնավիրուսով վարակվածության թեստեր հանձնել: Լրագրողները, սակայն, վիճարկեցին խոսնակի հայտարարությունը՝ պնդելով հակառակը. «Ոչ ոք թեստավորումից չի հրաժարվել»: Խոսնակը մեզ հետ զրույցում խոստացավ պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

Շաբաթվա ընթացքում առանձնացրել էինք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և հանճարեղ մտքերը կորոնավիրուսի մասին: «Շատ կուզենամ, որ այս ընթացքում կորոնավիրուսով հիվանդացած եւ բուժված լինեմ, եւ ես էլ գլխի ընկած չլինեմ, եւ կստացվի, որ ես իմունիտետ եմ ձեռք բերել կորոնավիրուսի նկատմամբ», - ասում էր վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աչքի ընկավ նաև Կառավարության նիստի ընթացքում՝ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հայտնելով ՀՀ պարենային ապահովվածության մասին:

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո հայկական «Սիվիլնեթ» լրատվականը, առանց որևէ ճշտված հիմքի, նյութ էր հրապարակել, ըստ որի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, արտակարգ իրավիճակից ելնելով, լքել է երկիրը: Սակայն ինչպես պարզ դարձավ, Վեհափառը մարտի 14-ին մի քանի ժամով մեկնել է Մոսկվա և նույն օրը վերադարձել։

Շաբաթվա վերջում մի տեղում էինք հավաքել ամբողջ աշխարհում չեղարկված մեծամասշտաբ մշակութային միջոցառումները, մարզական առաջնությունները և միջազգային կազմակերպությունների հերթական նստաշրջանները: Այդ շարքում են՝ հոկեյի և գեղասահքի աշխարհի առաջնությունները, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Վենետիկյան կառնավալը, Եվրատեսիլ-2020-ը և այլն:

Շաբաթը հագեցած էր նաև միջազգային կազմակերպությունների՝ պետություններին ուղղված կոչերով և հորդորներով:

COVID-19 համաճարակի պատճառով աճող խախտումների ֆոնին ՄԱԿ-ի մեդիայի և արտահայտման ազատության, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով մշտադիտարկողները համոզված են, որ լրագրությունը կարևորագույն գործառույթ է հանդիսանում հանրային առողջությանը վերաբերող արտակարգ իրավիճակների պահին, հատկապես այն դեպքերում, երբ այն նպատակ ունի հասարակությանը խիստ կարևոր տեղեկատվություն հասցնել և վերահսկել կառավարության գործողությունները: «Մենք կոչ ենք անում բոլոր կառավարություններին խստորեն կիրառել տեղեկատվության ազատության մասին սեփական օրենսդրությունը՝ ապահովելու, որ բոլոր անհատները, հատկապես լրագրողները, հասանելիություն ունենան տեղեկատվությանը», - նշում են փորձագետները:

Հայտարարություններով հանդես են եկել նաև ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը՝ սահմանային մշտադիտարկումները դադարեցնելու վերաբերյալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով հակամարտող կողմերին ցուցաբերելու հնարավոր առավելագույն զսպվածություն, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ զգոնության կոչ անելով ժողովրդավարական կառավարմամբ համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարելու համար:

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն