Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվության վերաբերյալ

article-image

Հարց՝

Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ կողմից «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը։

Պատասխան՝

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «The HALO Trust» կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի և ավարտվել 2020 թվականին: Սակայն մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը և պայմաններ է ստեղծում տնտեսական և սոցիալական գործունեության համար:

Այս համատեքստում ափսոսանք է առաջացնում ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ կողմից արտաքին ֆինանսական հատկացումների վերաբերյալ օրինագծի նախագծի շուրջ քննարկումները, և 75 կոնգրեսականներ նամակով դիմել են Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով 2021 թ. բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցների տրամադրումը Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար։

Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը: Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը։

Ցանկանում ենք նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը՝ երկար տարիներ Արցախին ցուցաբերվող օժանդակության համար, որոնց արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն