Աշխարհն առանց ընտրությունների. որ երկրներում են հետաձգվել ընտրությունները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

article-image

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակմամբ, աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգվել և չեղարկվել են մի շարք սպորտային, մշակությաին և քաղաքական միջոցառումներ։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգված կամ չեղարկված քաղաքական միջոցառումների շարքում են, օրինակ, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանը, լրատվամիջոցների ազատության համաշխարհային համաժողովը, Մեծ յոթնյակի առաջնորդների հանդիպումը և այլն։

Բացի չեղարկված կամ հետաձգված քաղաքական միջոցառումներից` կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհի տարբեր երկրներում նաև հետաձգվել  են մի շարք ընտրություններ։ Եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ, չնայած պանդեմիայի տարածմանը, ընտրությունները կայացել են։

Պանդեմիայի պայմաններում կայացած ընտրությունները աչքի են ընկել ցածր մասնակցությամբ, իսկ հետաձգված ընտրությունները, որոնց մեծ մասը հավանաբար տեղի կունենան հունիս-օգոստոս ամիսներին, լի են անկանխատեսելիությամբ։

Ո՞ր երկրներում և ինչպիսի՞ ընտրություններ են հետաձգվել կամ կայացել՝  ներկայացնում ենք ստորև։

Խորհրդարանական ընտրությունների հետաձգում Իրանի Իսլամական Հանրապետությունում

Պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարարի առաջարկությամբ Իրանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը, որը պետք է կայանար ապրիլին, մի քանի ամսով հետաձգվել է և կայանալու է սեպտեմբերի 11-ին։ Իսկ խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 21-ին, որում հաղթանակ էին տարել պահպանողականները։ Պահպանողականները, ըստ փորձագետների, նախնական տվյալներով զբաղեցրել են ավելի քան 200 մանդատ, և նման արդյունքների գրանցումը ենթադրում է Իրանի՝ էլ ավելի խիստ ներքին և արտաքին քաղաքականություն։

Խորհրդարանական ընտրությունների հետաձգում Շրի Լանկայում

Պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ՝ Շրի Լանկայում նույնպես հետաձգվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է կայանային ապրիլի 25-ին։ Խորհրդարանական ընտրությունների նոր ամսաթիվը նշանակվելու է մարտի 26-ից հետո։

Խորհրդարանական ընտրությունների հետաձգում Սիրիայում

Կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգվել են նաև Սիրիայի խորհրդարանի ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենային ապրիլին 13-ին։ Ընտրությունների անցկացման նոր ժամանակահատված է ընտրվել 2020թ․ մայիսի 20-ը։

ՏԻՄ ընտրությունների հետաձգում Ղրղզստանում

Կորոնավիրուսի տարածման պատճառով հաջորդ հետաձգված ընտրությունները Ղրղզստանի ՏԻՄ (Кенеш) ընտրություններն են, որոնք պետք է կայանային ապրիլի 12-ին։

Շրջանային և քաղաքապետերի ընտրությունների հետաձգում Մեծ Բրիտանիայում

Կորոնավիրուսի տարածումը աշխարհում իր ազդեցությունն է թողել նաև Մեծ Բրիտանիայի վրա, որտեղ մեկ տարով հետաձգվել են շրջանային և քաղաքապետերի, այդ թվում՝ Լոնդոնի քաղաքապետի ընտրությունները, որոնք կկայանան մինչև 2021թ․ մայիսը։

Նախագահական ընտրության հետաձգում Հյուսիսային Կիպրոսում

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝  չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանը մարտի 19-ին կայացած նիստում որոշում է կայացրել հետաձգել նախագահական ընտրությունները, որը պետք է տեղի ունենար ապրիլի 26-ին։ Նախագահական ընտրությունների նոր ամսաթիվ է նշանակվել հոկտեմբերի 11-ը։ Ստեղծված իրավիճակում գործող նախագահ Մուստաֆա Աքընջըն շարունակելու է պաշտոնավարել մինչև նախագահական ընտրությունները:

Նախագահական ընտրության հետաձգում Բոլիվիայում

Պանդեմիայի պատճառով հաջորդ հետաձգված նախագահական ընտրությունները Բոլիվիայում են, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 3-ին։ Երկու շաբաթով դադարեցվել են նաև նախընտրական քարոզարշավները, իսկ նախագահական ընտրությունների կայացման նոր ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Նշենք նաև, որ խոսքը արտահերթ նախագահական ընտրությունների մասին է, քանի որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ռազմական ուժերի և զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական էր ներկայացրել և այդ ամենը բնութագրել որպես «պետական հեղաշրջում»։ Մորալեսի հրաժարականից հետո նախագահի պարտականությունները մինչև նոր ընտրությունների կատարում էր ընդդիմության ներկայացուցիչ, Սենատորների պալատի 2-րդ փոխխոսնակ Ժանին Անյեսը, ով, ըստ էության, նախագահի պարտականությունները կշարունակի կատարել մինչև հետաձգված ընտրությունների կայացումը։

Նախընտրական քարոզարշավների չեղարկում և խորհրդարանական ընտրությունների հետաձգում Սերբիայում

Պանդեմիան իր ազդեցությունն է թողել նաև Սերբիայում։ Մասնավորապես, Սերբիայի իշխանությունները չեղարկել են բոլոր նախընտրական քարոզարշավները և հայտնել, որ իրավիճակի վատթարացման պարագայում խորհրդարանական ընտրությունները հետաձգվելու են։ Սերբիայում նաև ձևավորվել են 2 ճգնաժամային շտաբեր, որոնցից մեկը «պայքարում» է կորոնավիրուսի դեմ, իսկ մյուսը տնտեսությունը «պաշտպանում» է համաճարակի բացասական հետևանքներից։

Քաղաքային խորհրդի ընտրությունների հետաձգում Ռիգայում

Կորոնավիրուսի համաճարակը իր ազդեցությունն է ունեցել նաև Ռիգայի քաղաքային խորհրդի ընտրությունների վրա, որը նույնպես հետաձգվել է և ապրիլի 25-ի փոխարեն կկայանա հունիսի 6-ին։ Իրավիճակի հետագա վատթարացումը նաև կարող է հանգեցնել ընտրությունների ավելի ուշ կայացման։

Համակուսակցական ազգային փրայմերիզի հետաձգում ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում

ԱՄՆ Կենտուկի նահանգի իշխանությունները, պայմանավորված կորոնավիրուսի էպիդեմիայով, մտադրված են համակուսակցական ազգային փրայմերիզը անցկացնել ոչ թե հունիսի մայիսի 19-ին, այլ հունիսի 23-ին՝ հետաձգելով դրանք և չբացառելով, որ իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել նոր ամսաթվի ընտրությանը և ընտրությունների առավել ուշ անցկացմանը։

Առավել վաղ, էպիդեմիայով պայմանավորված՝ համակուսակցական ազգային փրայմերիզի հետաձգում տեղի էր ունեցել ԱՄՆ Լուիզիանայի և Ջորջիայի նահանգներում։

Սահմանադրական հանրաքվեի հետաձգում Հայաստանում

Պանդեմիայով պայմանավորված՝ նաև հետաձգվել է Սահմանադրական հանրաքվեի, իսկ ընդդիմադիրների բնորոշմամբ՝ «հակասահմանադրական» հանրաքվեի անցկացումը Հայաստանում, որը պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին։ Երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո՝ հունիսի 24-ից մինչև հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում էլ հավանաբար կանցկացվի Սահմանադրական հանրաքվեն։

Ավագանու ընտրությունների 1-ին փուլի անցկացում և 2-րդ փուլի հետաձգում Ֆրանսիայում

Չնայած կորոնավիրուսի տարածմանը՝ Ֆրանսիայում մարտի 15-ին կայացել է ավագանու ընտրությունների առաջին փուլը, որում ընտրվել է Փարիզի քաղաքապետը։ Ընտրությունը աչքի է ընկել «պատմականորեն ցածր» մասնակցությամբ՝ մոտ 39%։ Համաձայն մամուլում առկա տեղեկությունների՝ ֆրանսիացիների մոտ 53%-ը հրաժարվել է կատարել իր քաղաքացիական պարտքը, իսկ ընտրություններին մասնակցողները, ովքեր վարակվելու վախ են ունեցել, ընտրության գնացել են սեփական գրիչներով, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընտրողները իրարից մեկ մետր հեռավորություն են պահպանել, փաստաթղթերը ընտրական հանձնաժողովին ներկայացրել որոշակի հեռավորության վրա, սակայն գրանցվելու և անձը հաստատելու համար ստիպված են եղել հանել իրենց պաշտպանիչ բժշկական դիմակները։

Ֆրանսիայում կորոնավիրուսի ահագնացող տարածումը ֆրանսիական ընդդիմությանը ստիպել է իշխանութուններից պահանջել ավագանու ընտրությունների երկրորդ փուլի հետաձգում, ինչը հաջողությամբ է պսակվել, և մարտի 22-ին կայանալիք ավագանու ընտրությունների երկրորդ փուլը չի կայացել և հետաձգվել է, ինչը նաև պայմանավորված է Ֆրանսիայում երկու ամսով արտակարգ սանիտարական դրության հայտարարմամբ։ Ընտրությունների երկրորդ փուլը հավանաբար տեղի կունենա հունիսին։

Սահմանադրական փոփոխությունների քվեարկության հնարավոր հետաձգում Ռուսաստանում

Թեև օրեր առաջ Կրեմլից հայտնել էին, որ ապրիլի 22-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների քվեարկության հետաձգում կորոնավիրուսի պատճառով նախատեսված չէ, այսօր՝ մարտի 23-ին, համաձայն ռուսական մամուլում հայտնված որոշ տեղեկությունների՝ այնուամենայնիվ, պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ՝ Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը հետաձգվելու է և կայանալու է հունիսին։ Այս կապակցությամբ առավել ստույգ տեղեկություններ հայտնի կլինեն առաջիկա օրերին։

Նախագահական ընտրությունների հավանական հետաձգում Լեհաստանում

Կորոնավիրուսի բռնկումը կարող է խանգարել Լեհաստանի նախագահական ընտրությունների անցկացմանը։ Այդ մասին կարծիք էր հայտնել Լեհաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Միխալ Դվորչիկը։ Չնայած Դվորչիկի հայտարարությանը՝ Լեհաստանի վարչապետ Մատեուս Մորավեցկին ասել էր, որ նախագահական ընտրությունները պետք է կայանան նշանակված օրը՝ մայիսի 10-ին, քանի որ, իր համոզմամբ, երկարաժամկետ հեռանկարում կարող են չկանխատեսված իրավիճակներ ստեղծվել, ուստի պետք է գործել համաձայն պլանի։ Լեհաստանի ընդդիմությունն էլ կողմ է արտահայտվել նախագահական ընտրությունների հետաձգմանը։ Մասնավորապես, նախագահի թեկնածու Մագլոժատ Կիդավա-Բլոնսակայան հայտնել է, որ իրենք պատրաստ են ցանկացած իրավիճակի, և ամենակարևորը լեհերի անվտանգությունն է, ուստի նրանք կկայացնեն այնպիսի որոշումներ, որոնք ուղղված կլինեն Լեհաստանում կորոնավիրուսի ազդեցությունը նվազագույնի հասցնելուն։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն