Շինթույլտվություն նվիրատվության դիմա՞ց. Ի՞նչ գործունեություն է ծավալում Երևանի քաղաքապետարանին վակուումային մեքենաներ նվիրած ընկերությունը

article-image

Երեկ՝ մարտի 23-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է այն մասին, որ Երևանը  երեք քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ) է ստացել։ Մարությանը մասնավորապես գրել է«Շատ ողջունելի է, որ անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսեւորել համայնքի հանդեպ։ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևան համայնքը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»։
 


 

Այս մասին հրապարակում է արել նաև Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
 


 

Մարությանի և Կուբատյանի մատնանշած «Կապիտալ բիլդ» ընկերության վերաբերյալ ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ տվյալ ընկերությունը հիմնադրվել է 2018թ․ մայիսի 21-ին և զբաղվում է ժամանակակից բնակելի համալիրների նախագծմամբ և կառուցապատմամբ, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ։
 


 

Ինչպես տեղեկանում ենք e-register.am կայքում առկա տվյալներից, «Կապիտալ բիլդ» ընկերության հիմնադիրներն են հանդիսանում Էդուարդ Գասպարյանը, Արթուր Քերոբյանը և Վահան Ավագյանը։
 


 

Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում առկա տեղեկատվության՝ նմանատիպ համալիրների նախագծմամբ և կառուցապատմամբ, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Կապիտալ բիլդ» ընեկերությունը ունի ընդամենը 1-4 գրանցված աշխատակից և այս ընկերության շենքերի կառուցապատմամբ և նախագծմամբ զբաղվող աշխատակիցների աշխատավարձերից հարկեր հարկեր չեն վճարվում ՀՀ բյուջե։
 


 

Ներկայումս «Կապիտալ Բիլդ» ընկերությունը բնակելի համալիրի կառուցման աշխատանքներ է իրականացնում ք. Երևան, Արաբկիր, Կոմիտաս պողոտայի 3 հասցեում, և ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ Կոմիտասի պողոտայի հասցեները «Կապիտալ Բիլդ» ընկերությանը տրամադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2019թ․ փետրվարի 14-ի որոշմամբ։
 


 

Համանման որոշմամբ՝ «Կապիտալ բիլդ» ընկերությունը անշարժ գույքի հասցեներ ստացել է նաև 2018թ․ սեպտեմբերի 13-ի որոշմամբ։

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի՝ նախկին «շինթույլտվություն՝ նվիրատվության դիմաց» «փորձը», կարելի է ենթադրել, որ Երևանի քաղաքապետարանում լավագույն ավանդույթները շարունակվում են, ինչի շնորհիվ Երևանը ևս երեք քաղաքային կոմունալ վակուումային մեքենա է նվեր ստացել։

Նախկինում նման դեպքեր եղել են, երբ Երևանի քաղաքապետարանը նվիրատվություններ էր ստացել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս  ընդ հոլդինգ» ՍՊԸ-ից,  «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ից, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ից և այլ ընկերություններից, որոնք իրենց նվիրատվություններից հետո անգամ պատվոգրեր էին ստացել քաղաքապետի կողմից։

Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանի նվիրատուների մեծ մասը կառուցապատողներ են, որոնք Երևանի քաղաքապետարանին կատարած նվիրատվություններից առաջ շինթույլտվություններ են ստանում քաղաքապետարանի կողմից։ Այս հարցն է, որ մտահոգում է շատերին և կասկածների տեղիք տալիս, օրինակ՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։

Ի դեպ, 2019թ․ օգոստոսին մամուլում «Բազմաբնակարան շենքի շինարարությունը փլուզման վտանգի տակ է դրել սեփական տունը» վերտառությամբ հոդված էր հայտնվել, որում բնակիչները պատմել էին Կոմիտասի 19/3 հասցեում քաղաքաշինական նորմերի խախտմամբ և հարևան տան գոյությանը սպառնացող շինարարության մասին։ Քաղաքացիների խոսքերով՝ շինարարության վայրում որևէ ցուցանակ փակցված չի եղել, և նրանք տեղյակ չեն եղել, թե ով է կառուցապատողը, սակայն իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ կառուցապատումն իրականացվել է նույն ընկերության կողմից, որը նշված տարածքից 18 մետր հեռավորության վրա շենք է կառուցել, որն արդեն իսկ շահագործվում է: Բնակիչների մատնանշած շենքի  պաստառից էլ պարզ էր դարձել, որ կառուցապատողը «Կապիտալ բիլդ» ընկերությունն է, սակայն այս առնչությամբ միանշանակ պնդումներ չէին արվել, և չի բացառվում, որ խոսքը հենց նույն ընկերության մասին է։

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն