COVID-19: Արտակարգ դրություն. օր 8-րդ

article-image

Հայաստանի Հանրապետությունը արդեն 8 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և  իր ընթերցողներին ամփոփ ներկայացնում մարտի 23-ի իրադարձությունները:

Հայաստանի Հանրապետությունում արդեն հաստատված է  նոր տիպի կորոնավիրուսով վարակման 235 դեպք: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Այս իրավիճակով պայմանավորված՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները խստացվում են:

«Վաղվանից մեկ շաբաթով կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների, սրճարանների ծառայությունները, բացառություն կանենք  առաքման ծառայությունների համար: Շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը որոշակի կդադարեն, իհարկե կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները սովորական ռեժիմով կաշխատեն»,- հայտնել է վարչապետը:

«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար,, քան ի սկզբանե կանխատեսվում էր»: Այդ մասին  այսօր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք առնվազն փորձարարարական մակարդակով աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղի եթերում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կոչով դիմել է քաղաքացիներին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»։

Արտակարգ դրության պայմաններում Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը:

«Սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ այցելել են այդ երկրներ /տարածքներ/ Հայաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ: Մարտի 22-ի դրությամբ այդպիսի երկրների ցանկում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիայի Միությունը, Եվրոպական միության անդամ պետությունները (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա), Շվեյցարիան, Նորվեգիան, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Կորեայի Հանրապետությունը, Իսրայելը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերը նշված ցանկը ենթակա է փոփոխման:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցողանձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ»:

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը տեղեկացնում է նաև որ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն