COVID-19: Արտակարգ դրություն. օր 9-րդ

article-image

Հայաստանի Հանրապետությունը արդեն 9 օր է` գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում մարտի 24-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի, ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Այսօր՝ ժամը 18։30-ի դրությամբ, իրավիճակը հետևյալն է՝ ունենք հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում»

Վարչապետը տեղեկացրեց , որ հիվանցներից 30-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Նրանցից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր.

«Եվս 4 պացիենտի վիճակը բժիշկները ծանր են գնահատում», - հայտնել է ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում  նշեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կլինեն նոր խիստ սահմանափակումներ:

«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Եվ որ կարևոր է, մարդկանց միայն կենսական տեղաշարժը։ Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»,- ասել է վարչապետը։

Կորոնավիորսի վարակվածներ առողջական վիճակի մասին մանրամասներ է ներկայացրել ԱՆ Արսեն Թորոսյանը:

«Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։

Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։

Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ hանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է հավելվածը, որն  առողջական վիճակի մասին ինֆորմացիա է տալիս։

«Կորոնավիրուսային վարակի պանդեմիայի արտակարգ իրավիճակում անհրաժեշտ է խուսափել բժշկական հաստատություն առանց անհրաժեշտության դիմելուց: Միևնույն ժամանակ կարող եք ունենալ ախտանշաններ, որոնք շատ նման են Կորոնավիրուսային հիվանդության: Այս ժամանակ պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքն է համարվում կասկածելի և պահանջում պարտադիր թեսթավորում վիրուսի առկայությունը ստուգելու համար:

Ուստի անհրաժեշտ է իրականացնել նախնական ինքնուրույն ստուգում:

Այս հավելվածը կօգնի կողմնորոշվել և հասկանալ՝ կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ»:

Հավելվածը՝ այս  հղմամբ:

Կառավարությունը նաև գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը:

Մարտի 24-ին՝ ժամը 23։59-ից ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում տրանսպորտային միջոցներն աշխատելու են, այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ միևնույն ժամանակ, իհարկե, պահպանելով սոցիալական հեռավորության կանոնները»:

«Վաղը, պարետի հանձնարարությամբ, ոստիկանության ուժերն ամբողջ հանրապետության տարածքում իրականացնելու են հսկողություն։ Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանն իրավասու է մոտենալ և հարցնել նպատակը և ստուգել փաստաթղթերը՝ անձը հաստատող և տեղաշարժման համապատասխան թերթիկը։ Համապատասխան թերթիկը չլինելու դեպքում ոստիկանները կիրառելու են օրենքով սահմանված միջոցառումներ», - տեղեկացրել է Քրմոյանը։

Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը՝ նշելով, թե երբ են դուրս գալիս տանից և երբ են վերադառնալու։

Տեղաշարժման  թերթիկը կարող է լինել նաև ձեռագիր: Ձևաթուղթը քաղաքացիները կարող են ձեռք բերել covid19gov.am կայքից։

Կորոնավիրուսային վարակի պանդեմիայի արտակարգ իրավիճակում «Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ: Այդ մասին տեղեկացնում Է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

««Հայփոստի» բոլոր աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ բոլոր մարզերում կորոնավիրուսի (COVID-19) տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով ապաովվել են բժշկական դիմակներով (օրական մի քանի անգամ փոխելու հաշվարկով), ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով, իսկ բոլոր փոստային բաժանմունքներում օրական մի քանի անգամ իրականացվում են ախտահանման միջոցառումներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն