Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. Հիմնական թեկնածուներն ու նրանց աջակցող շրջանակները

article-image

Արցախում 2020թ. մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ակտիվ ներքաղաքական պրոցեսներ են ընթանում: Հայաստանի 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները ահռելի ազդեցություն են թողել Արցախի քաղաքական դաշտի վերաձևավորման և նոր քաղաքական- հասարակական հոսանքների առաջ գալու տեսանկյունից:

Նախկինում իշխանությունների հետ տարաձայնություններ և հակառակ դիրքորոշումներ ունեցող կուսակցությունները և անհատները հստակ նախանշվեցին և սկսեցին ավելի մեծ թափով լծվել նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական գործընթացին: Հենց սա է պատճառը, որ Արցախում նախընտրական քարոզչությունը, կարծես թե, փոքր-ինչ շուտ էր մեկնարկել: Ըստ Արցախի Կենրոնական ընտրական հանձաժողովի տվյալների՝ համապետական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցված են նախագահի՝ 14 թեկնածուներ և 12 կուսակցություն/դաշինքներ։ Թերևս հիմնական նախընտրական պայքարը ընթանում է նախագահի չորս թեկնածուների և նրանց սատարման առանցքում գտնվող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։ Այդ թեկնածուներն են՝ Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը («Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք), ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշուտ Ղուլյանը («ԱԺԿ» կուսակցություն), Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը («Արդարություն» կուսակցություն) և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը («Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք):

Նախագահի պաշտոնին հավակնող այս բոլոր թեկնածուները վերջին 12 տարիներին ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել Արցախում և բարձր պաշտոններ են զբաղեցրել պետական ապարատում:

Արայիկ Հարությունյանը Արցախի խորհրդարանում իշխող «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարն է, Արցախի նախկին վարչապետ, այնուհետև՝ պետնախարար: Չնայած այն փաստին, որ հասարակության որոշ շրջանակների մոտ նրա նկատմամբ անվստահություն կա` կապված այն հանգամանքով, որ Հարությունյանը նախկին իշխանության մաս է կազմել և զբաղեցրել առանցքային պաշտոններ, այնուամենայնիվ, Հարությունյանի ռեյտինգը Արցախում բարձր է՝ պայմանավորված նրա մասնագիտական հմտություններով, ինչպես նաև նրա կուտակած ահռելի կապիտալով, որի օգնությամբ Հարությունյանը կարողանում է «իր մոտ պահել» բնակչության զգալի զանգվածին։

Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի` ՀՀ ներկայիս իշխանությունների հետ հարաբերություններին, ապա այստեղ նախագահի թեկնածուն միանշանակ առաջատարն է Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը լոյալություն հայտնելու գործում։ Այնպես, ինչպես ԱՀ նախկին պետնախարարն է կոշտ արձագանքում ՀՀ ներկայիս իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքներին, շատ դեպքերում չի արձագանքում նույնիսկ մերձիշխանական շրջանակը։ Մասնավորապես, հատկանշական է Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, որտեղ նա նշում է. «Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը ղարաբաղյան խնդրի շուրջ, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են»։ Բնականաբար, հայտարարությունը միանշանակ չընդունվեց Արցախում և Հայաստանում, որին որպես հետևանք` Հարությունյանը առժամանակ գտնվում էր ընդդիմադիր դաշտի թիրախավորման տակ։ Քիչ չէին նաև ԱՀ նախկին վարչապետի այլ հայտարարությունները, որտեղ նա անվերապահ աջակցություն է հայտնում ՀՀ իշխանություններին։ Սակայն արդյո՞ք նա է վարչապետ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն։ Այս հարցի պատասխանը թերևս հայտնի չէ նույնիսկ Հարությունյանին, քանի որ Փաշինյանի մերձիշխանական ազդակները և Արցախում տեղի ունցող զարգացումները այլ բան են հուշում։ Երկար մտորումներից հետո այս թեկնածուի կողքին են կանգնել Արցախում ոչ միանշանակ ընդունվող, իշխանության մաս կազմող կամ նրանց հետ սերտ առնչություն ունեցող նախկին ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), Արցախի նախկին ոստիկանապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կոմիտաս Կարապետյանը և  Արցախի ներկայիս իշխանությունների հետ փոխկապակցված այլ անձիք։ Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանին սատարող գեներալիտետը և պետական բարձր պաշտոններ զբաղեցրած այլ անձինք մեծամասամբ ոչ լոյալ են Փաշինյանին, որն էլ հենց նվազ հավանական է դարձնում նրա՝ Փաշինյանի թեկնածու լինելու փաստը։ Արայիկ Հարությունյանին են սատարում նաև մի շարք նորաթուխ կուսակցություններ, որոնցից արցախյան հանրությանը առավել հայտնին «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունն է, որը Հարությունյանի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ համապետական ընտրություններում միասնական դաշինքով է հանդես գալիս։

Նախագահի մյուս թեկնածուն Արցախի ներկայիս ԱԳՆ Մասիս Մայիլյանն է, ով նույնպես առանցքային պաշտոններ է զբաղեցրել պետական ապարատում, սակայն ի տարբերություն Արայիկ Հարությունյանի՝ արցախյան հասարակությունը Մայիլյանին չի կապում «նախկինների» հետ, քանի որ առաջին անգամը չէ, որ վերջինս իր թեկնածությունն է առաջադրում նախագահական ընտրություններում։ Բացի այդ, որպես ԱԳՆ նախարար և ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան` Մայիլյանը պաշտոնավարման ժամանակ ձեռք է բերել պարկեշտ և պրոֆեսիոնալ մասնագետի  համբավ։ Սակայն վերջին շրջանում այս թեկնածուի հետ կապված մտահոգիչ լուրեր են շրջանառվում այն մասով, որ Մայիլյանը սորոսական թևի թեկնածուն է, այսինքն` ինչ-որ ժամանակահատվածում բաժին է ունեցել Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող հիմնադրամներից։ Չնայած այն հանգամանքին, որ հենց ինքը Մայիլյանը բազմիցս հերքել է այդ փաստը, իսկ նրա քաղաքական թիմը և աջակիցները այդ լուրերը համարում են «իրենց դեմ իրականցվող էժան հակաքարոզչություն», այնումենայնիվ, Մայիլյան-Սորոս կապը թեկուզ և անուղղակի, բայց գոյություն ունի։ Դրա վառ ապացույցը այն է, որ նրան սատարող ստվար զանգված հսկայական դրամաշնորհներ են ստացել և այժմ էլ շարունակում են ստանալ «Բաց հասարակության հինադրամներ»-ի կամ, այլ կերպ ասած, Սորոսի ֆոնդից։ Հատկանշական է, որ Մայիլյանին՝ որպես նախագահի թեկնածու, իր աջակցությունն է հայտնել Արցախում ոչ միանշանակ ընդունվող գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, ով նույնպես հայտ էր ներկայացրել մասնակցելու նախագահական ընտրություններին, ինչի նպատակով նաև հիմնել է «Միասնական հայրենիք» կուսակցությունը, սակայն ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի թեկնածուի քաղաքացիության և մշտական բնակության ցենզերին չհամապատասխանելու պատճառով զրկվել է, որպես նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքից։ Հիշեցնենք, որ Բաբայանը դեռևս 2019 թվականի ամռանը ստորագրահավաք էր կազմակերպել ԱՀ Սահմանադրության վերոնշյալ նորմերը փոփոխելու համար, որի ընթացքում հավաքել է շուրջ 21 հազար ստորագրություն, այնինչ ԱՀ Սահմանադրությամբ 10 hազարն էլ էր բավարար տվյալ պահանջը Արցախի Գերագույն դատարան ուղարկելու, դրա սահմանադրականությունը ստուգելու նպատակով, սակայն ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակում ստորագրությունների վավերականության մասին որոշումը, որը նույնպես պարտադիր պայման է փոփոխությունների նախագիծը Գերագույն դատարան ուղարկելու համար։ Հիշեցնենք նաև, որ չնայած Բաբայանը անձամբ չի մասնակցում Արցախի նախագահական ընտրություններին, այնուամենյանիվ, նրա ղեկավարած կուսակցությունը մասնակցություն է ունենալու խորհրդարանական ընտրություններին, սակայն որպես նախագահի միասնական թեկնածու՝ «Նոր Արցախ» դաշինքի հետ միասին որոշում է կայացվել աջակցել Մայիլյանին։ Հատկանշական է նաև, որ այս տանդեմը պատահական չէ, և Մայիլյանին ու Բաբայանին միավորում է Արցախի և ՀՀ նախկին իշխանությունների նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը։ Մայիլյանին աջակցում են նաև քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև նորաթուխ ընդդիմադիր կուսակցություններ, որոնցից հատկապես առավել աչքի են ընկնում «Արցախի հեղափոխական» կուսակցությունը, «Ինքնություն և միասնություն» կուսակցությունը և «Վաղվա Արցախ» կուսակցությունը, որոնցից վերջին երկուսը միավորված են Մասիս Մայիլյանի ղեկավարած «Նոր Արցախ» դաշինքի մեջ։ Քաղաքական այս թևի ներկայացուցիչները աչքի են ընկնում իրենց հեղափոխական հայացքներով և ռադիկալ են տրամադրված Արցախի ներկայիս, ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանությունների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյան-ՀՀ ներկայիս իշխանություններ-Նիկոլ Փաշինյան հարաբերություններին, ապա միանշանակ ակնհայտ է, որ Մայիլյանը, ինչպես նաև իրեն սատարող ուժերը ավելին քան լոյալ են ՀՀ իշխանություններին և Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «հեղափոխության» ջատագովներն են Արցախում։ Մայիլյանին են աջակցում նաև Փաշինյանի մերձիշխանական սորոսական թևը (Դանիել Իոաննիսյան, Լևոն Բարսեղյան)

Արցախի մյուս պաշտոնյան, ով առաջադրվել է գալիք նախագահական ընտրություններում, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է։ Ղուլյանը արցախյան հասարակության կողմից սիրված, բավականին հմուտ և փորձառու պետական գործիչ է և նույնպես հարուստ կենսագրություն ունի պետական համակարգում։ Նա Արցախի խորհրդարանում մեծությամբ երրորդ՝ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարն է։ Թերևս նրա շուրջ պտտվող միակ բացասական լուրը այն է, որ, 2010թ. և 2015թ. խորհրդարանական ընտրություների ժամանակ պարտվելով «Ազատ Հայրենիք» կուսակցությանը՝ այնուամենայնիվ, վերընտրվել է ԱԺ նախագահ, որի իրավունքը, ըստ ԱՀ Սահմանադրության, չուներ։ Չնայած այն փաստին, որ տվյալ որոշման համար քաղաքական կոնսենսուս է եղել, և դա մասնագիտական անհրաժեշտությունից բխող պահանջ էր, այնուամենայնիվ, հասարակության որոշակի զանգված տարբեր առիթներով փորձում է շահարկել  այդ փաստը։ Ինչ վերաբերվում է Աշոտ Ղուլյանի ՀՀ ներկայիս իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին, ապա հարկ ենք համարում նշել, որ այս հարցում այս պահին առաջադրված թեկնածուներից ամենահավասարակշռված մոտեցումը Ղուլյանինն է։ Չնայած այն հանգամանքին, որ Ղուլյանը հասցրել է բարիդրացիական հարաբերություններ հաստատել ՀՀ իշխանությունների հետ, այնուամենայնիվ, իր հարցազրույցներում ոչ ուղղակիորեն հակադարձում է Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես` ՀՀ վարչապետի՝ Արցախում դավադիր ուժերի մասին հայտարարությանը։ Փաստացի Աշոտ Ղուլյանի ընտրազանգվածն է՝ ոչ ռադիկալ տրամադրված, հետևողական քաղաքական պայքարի և բարեփոխումների կողմնակիցները։ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որը նույնպես մասնակցում է խորհրդարանական ընտրություններին աչքի է ընկնում իր երիտասարդ, հմուտ կադրերով, ինչպես նաև հստակ ծրագրային դրույթներով։

Նախագահի մյուս թեկնածուն Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն է, ում որպես նախագահի թեկնածու առաջադրել է «Արդարություն» կուսակցությունը։ Բոլոր թեկնածուների մեջ թերևս ամենաամբիցիոզ և քննադատությունների տեղատարափ առաջացնող կերպարը նա է։ Բալասանյանը դեռևս 2012թ. իր թեկնածությունն էր առաջադրել Արցախի նախագահական ընտրություններում և ըստ շրջանառվող լուրերի՝ հաղթել Բակո Սահակյանին։ Սակայն կարծես թե արցախյան հանրությունը, ինչպես նաև Վիտալի Բալասանյանը, համակերպվել են այս իրողության հետ։ Արցախյան պատերազմում ահռելի ներդրում ունեցած գեներալի քաղաքական ուղին ոչ այնքան սահուն է անցել հատկապես Հայաստանում։ Հայ հասարակությունը չհասկացավ Վիտալի Բալասանյանի՝ 2016թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Բալասանյանի գործունեության կարևորությունը, որից հետո Բալասանյանի նկատմամբ քննադատությունների ահռելի տարափ սկսվեց։ Վիտալի Բալասանյանի հարաբերությունների մասին ՀՀ իշխանությունների հետ ավելորդ է խոսել, քանի որ դրանք առհասարակ բացակայում են։ Նա բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանություններին ԼՂ հիմնախնդրի շուրջ ոչ հայանպաստ քաղաքականություն վարելու մեջ և մի շարք կոշտ հայտարարություններով է հանդես եկել։ Սակայն հատկանշական է, որ Բալասանյանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ վարչապետը իրեն անձնական թշամի չէ, և անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ-ում իշխանության՝ նա հարգելու է այդ ինստիտուտը և աշխատելու է նրանց հետ։ Ինչ վերաբերում է Բալասանյանի կողմնակիցներին, նրանք հիմնականում ՀՀ նախկին իշխանություններն ու Բալասանյանի մարտական ընկերներն  են՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ռադիկալ տրամադրված անձինք։ Բալասանյանին է սատարում, նաև ֆինանսական օգնություն ցուցաբերում ԱԱԾ հատուկ ջոկատայինների նախկին հրամանատար Գագիկ Սարգսյանը։ Անկախ Վիտալի Բալասանյանի անձի շուրջ պտտվող հակասական կարծիքներից՝ նրան Արցախում ընդունում են որպես փառահեղ մարտական ուղի անցած գեներալ, ով ունի համակիրների մեծ բանակ: Հատկանշական է, որ Վիտալի Բալասանյանի ներկայացրած ծրագիրը ի զարմանս բոլորի, բացի անվտանգությանը առնչվող հարցերից, իր մեջ բովանդակում է բավականին ծավալուն, սակայն համապարփակ և թիրախային դրույթներ տնտեսության, գյուղատնտեսության, համայնքների համաչափ զարգացման, կրթության, սոցիալական արդարության, ինչպես նաև առանցքային այլ հարցերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն իր արցախյան այցի ժամամակ հանդիպել է նախագահական ընտրություներում իրենց թեկնածությունները առաջադրելու պատրաստակամություն հայտնած միայն երեք անձանց ՝ Աշոտ Ղուլյանի, Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հետ:

Թե ինչ ավարտ կունենա նախընտրական թոհուբոհն Արցախում, պարզ կլինի առաջիկայում։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան


Կարդացե՛ք նաև՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն