COVID-19: Արտակարգ դրություն. օր 11

article-image

Հայաստանի Հանրապետությունը, արդեն 11 օր է՝ գտնվում է արտակարգ դրության մեջ՝ իր բոլոր արտակարգ հանգամանքներով: AntiFake.am-ը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ամփոփ իր ընթերցողներին է ներկայացնում մարտի 26-ի իրադարձությունները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 290-ի, 18 քաղաքացի բուժվել է: Գրանցվել է կորոնավիրուսով մահացության առաջին դեպքը. պացիենտը 72 տարեկան էր: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան, կան նաև բուժաշխատողներ. մեկ բուժքույր, մեկ բժիշկ և շտապօգնության մեկ վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դպրոցահասակ երեխաներ կան, նրանք լավ են, ախտանիշ չունեն, կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չկա: Եթե հաշվի առնենք, որ աշխարհում վարակվածների թիվն արդեն մոտ 500 հազարի հասնում, երեխաների մոտ ծանր ընթացքի մասին հրապարակում կամ գիտական հոդված չկա: Նույնը մենք ենք տեսնում մեր երկրում»,ասել է Արսեն Թորոսյանը:

«Մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում, և հիվանդանոցում նրանց գտնվելը արդարացված չէ: Մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որ այդ հայրենակիցներին տեղափոխենք այնտեղ՝ ապահովելով սնունդը և այլ կարիքներ»:Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։ Այդ մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Որոշում.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

Ժամանակավորապես կարգելվի բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: Այդ  մասին հայտարարություն է  տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Բացառություն կարվի.

- Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,

- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,

- Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն