Երեկ՝ օգոստոսի 10-ին, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանին հիշեցրել է 2018 թվականի «հեղափոխության» օրերի կեղծիքներն ու հետաքրքրվել, թե արդյո՞ք Աղաջանյանը չի ցանկանում ԱԺ ամբիոնից «դիվանագիտական» ներողություն խնդրել Ռոբերտ Աբաջյանի հարազատներից։
Հիշեցնենք՝ «հեղափոխության» օրերին Էդուարդ Աղաջանյանը Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը ձեռքին բարձրացել էր հեղափոխական հարթակ և խոսափող տվել մի ծերունու, ով որպես Ռոբերտ Աբաջյանի պապ հանրությանը պատմում էր իր «թոռան» մասին երազն ու գոտեպնդում մարդկանց՝ չվախենալ ոստիկաններից։
Ելույթի հաջորդ իսկ օրը Աբաջյանի իրական հարազատները հայտարարել էին, որ հեղափոխական ամբիոնից ելույթ ունեցած անձնավորությունը չի հանդիսանում Ռոբերտ Աբաջյանի պապը և որևէ առնչություն չունի իրենց հետ։ Աբաջյանի իրական պապիկը զայրույթով ասել էր, որ ամբողջ գիշեր չի կարողացել քնել։
«Ի վերջո, Դուք այս ամբիոնից դիվանագիտական ներողություն կխնդրե՞ք Ռոբերտ Աբաջանյանի հարազատներից այդ կեղծիքի համար»,- հարցրել է Հռիփսիմե Ստամբուլյանը՝ Աղաջանյանին։
Աղաջանյանը ոչ միայն ներողություն չի խնդրել կեղծիքի համար, այլ նոր կեղծիքով փորձել է «փակել» հարցի շուրջ եղած, իր բառերով, շահարկումները. «Էդ հարցը շահարկվում ա, թե իբր դա արվել ա, որպեսզի ինչ-որ հավելյալ հանրային աջակցություն ստանանք»։ Աղաջանյանի կարծիով, փաստորեն, Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկի անունից ներկայացող «կեղծ» անձի մասին բարձրաձայնելը շահարկում է։
Էդուարդ Աղաջանյանը փորձել է վերջ դնել «շահարկումներին»՝ հայտարարելով՝ «արդեն իսկ հեղափոխությունը տեղի ունեցած ա եղել, երբ նկարը իմ ձեռքում ա հայտնվել»։ Աղաջանյանը հավաստիացրել է, որ ինքը չի իմացել, որ հարթակ բարձրացած անձնավորությունը ինքնակոչ է. «Մենք հավատացել ենք, այո, մենք հավատացել ենք, որ ինքը հանդիսանում ա Ռոբերտ Աբաջանյանի պապը։ Եվ այդ հեղափոխության օրերին, այդ պահին էդ մարդը ի հայտ եկավ՝ պնդելով, որ ինքը Ռոբերտ Աբաջյանի հայրն ա (խմբ.- պապն ա)»։
Աղաջանյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ռոբերտ Աբաջյանի պապի անունից հանդես եկող ինքնակոչ անձնավորության ելույթի պահին «հեղափոխությունն» արդեն իսկ տեղի էր ունեցել։ «Եթե չեմ սխալվում, խոսքը գնում ա մայիսի 1-ի կամ մայիսի 8-ի մասին»,-եզրափակել է Աղաջանյանը։
Ինչպես տեսնում ենք, Էդուարդ Աղաջանյանը նեղսրտում է ոչ թե այն հանգամանքից, որ ինքը խոսափող է տվել ու հարթակ բարձրացրել մի ինքնակոչ անձնավորության, որը տասնյակ հազարավոր մարդկանց առաջ ներկայացել է որպես Ռոբերտ Աբաջյանի պապ, ելույթ ունենալով խաբել հանրությանն ու պատմել իբր իր թոռան մասին երազը, այլ, որ հարցը շահարկվում է լրացուցիչ հանրային աջակցություն ստանալու համատեքստում։
Դրա համար էլ էդուարդ Աղաջանյանը «ֆեյք» պապիկի ելույթի հստակ ամսաթվեր է նշել՝ մայիսի 1 կամ մայիսի 9, ցույց տալու համար, թե ելույթը չի նպաստել «հեղափոխության հաղթանակին», այլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «հեղափոխությունը» կայացած փաստ էր։
Էդուարդ Աղաջանյանի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց առաջ ի հայտ եկած Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի ելույթը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո, բայց Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ժողովրդի անունից որպես վարչապետ լիազորելու մասին հայտարարությունից առաջ։ Այսինքն՝ ասել, թե Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի ելույթի և նմանատիպ այլ ելույթների միջոցով հանրային աջակցություն ապահովելու անհրաժեշտություն այլևս չկար, սուտ է, քանի որ առջևում էր Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի վարչապետի թեկնածուի պաշտոնում ինքնահռչակումը, Ազգային ժողովի պատգամավորների վրա հարկադրանքի միջոցով Փաշինյանին վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրումները։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Էդուարդ Աղաջանյանը ոչ միայն հանրությունից ներողություն չի խնդրել դիտավորյալ, թե պատահմամբ Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք» պապիկի մասնակցությամբ կեղծիքի համար, այլ նոր կեղծիքով փորձել է փակել իբրև թե հարցի շուրջ եղած շահարկումները։
Աղբյուր՝ AntiFake.am