Նիկոլ Փաշինյանը որպես կարևոր նվաճում է ներկայացնում որևէ վարկանիշ չունեցող հետազոտական ինստիտուտի ներկայացրած տվյալները

article-image

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 24-ից ձեռնարկվել են հակահամաճարակային խիստ միջոցներ, այդ թվում՝ անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումներ։

Քանի դեռ օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվածների թիվը, իսկ ՀՀ քաղաքացիներն ամեն րոպե սպասում են իշխանությունների կողմից այս թեմայով նոր տեղեկությունների, Նիկոլ Փաշիյանը երեկ` մարտի 26-ին, վաղ առավոտյան ուղիղ եթերով տեղեկություններ է հայտնել, ինչպես ինքն է նշում, «Հայաստանի արձանագրած երկու կարևոր հաջողության մասին»։ Փաշինյանը տեսանյութը վերնագրել է «Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում»։

AntiFake.am-ը ստուգել է Փաշինյանի ներկայացրած զեկույցների տվյալները, ինչպես նաև փորձել է հասնակալ, թե ինչ կազմակերպությունների կողմից են մշակվել դրանք, արդյո՞ք այդ տվյալներն այդքան կարևոր կարող են մեր պետության համար կամ, ընդհանրապես,  կարևոր են, թե ոչ։

«Varieties of Democracy Dataset»-ի (V-Dem) մասին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «V-Dem» ինստիտուտի կողմից մշակված զեկույցը, որի վերաբերյալ ասել է. «Սա (զեկույցում առկա տվյալները – խմբ.) շատ կարևոր է Հայաստանի միջազգային իմիջի համար»։ Մինչդեռ «V-Dem» ինտիտուտի ուսումնասիրությունը վկայում է այլ բան։

Այսպես, «V-Dem» ինստիտուտը Շվեդիայի Գյոթենբուրգի համալսարանի անկախ գիտահետազոտական ինստիտուտ է և նույն համալսարանի քաղաքագիտության ամբիոնի հիմնած ծրագրի գլխավոր գրասենյակը։ Ինստիտուտը հիմնադրվել է պրոֆեսոր Ստաֆան Ի. Լինդբերգի կողմից 2014 թվականին:

Նկատենք, որ արևմտյան գրեթե բոլոր համալսարաններն ունեն իրենց տարբեր ամբիոններին կցված գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք իրականացնում են մասնագիտական հետազոտություններ ու վերլուծություններ։

«V-Dem»-ն ունի 35 դոնորներ, որոնց թվում են՝ Գյոթենբուրգի համալսարանը, Եվրոպական հետազոտությունների խորհուրդը, Շվեդական հետազոտությունների խորհուրդը, Համաշխարհային բանկը, Ֆեյսբուքը, USAID-ը, Բաց հասարակության հիմնադրամները» (Սորոսի հիմնադրամը) և մի շարք այլ պետական կառույցներ ու հետազոտական ինստիտուտներ։ Սորոսի հիմնադրամից ֆինանսավորումը կազմում է «V-Dem»-ի «այլ գործառույթներ» բաժնի ամբողջ ֆինանսավորման մեկ,, իսկ առանձին ծրագրերի դեպքում՝ նաև 14 և 3 տոկոսները։

«V-Dem» ինստիտուտն իրականացնում է տվյալների հավաքագրում ու մշակում է «V-Dem» տվյալների բազան, բացի այդ փորձում է ակտիվանալ նար քաղաքականության մշակման ոլորտում։ Ինստիտուտը հյուրընկալում է հետազոտողների և ամեն տարի իրականացնում է Քաղաքականության մշակման խորհրդաժողով (Policy Conferance), որի ընթացքում «V-Dem»-ի ծրագրի նպատակները, հետազոտություններն ու բացահայտումները ներկայացվում են լայն հանրությանը։

Ինտիտուտի, ինչպես նաև ամենամյա խորհրդաժողովի մասին, սակայն, մամուլում տեղեկություններ գրեթե չկան:

«V-Dem»-ը  ո՛չ Շվեդիայում, ո՛չ էլ առավել ևս աշխարհում հեղինակավոր հետազոտական կենտրոն չէ

Հատկանշական է, որ աշխարհի Հետազոտական կենտրոնների դասակարգման կայքում Շվեդիայի լավագույն 72 հետազոտական կենտրոնների ցանկում ներառված չէ «V-Dem» ինստիտուտը։ Նկատենք, որ Շվեդիայի լավագույն հետազոտական ինտիտուտների շարքում վերջին՝ 72-րդ տեղով ընդգրկված Շվեդիայի կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը աշխարհի լավագույն հետազոտական կենտրոնների 7848-րդ տեղում է։ Սրանով փաստենք, որ «V-Dem»-ը ոչ միայն Շվեդիայի լավագույն հետազոտական ինստիտուտների 70-յակում ներառված չէ (փաստացի՝ ընդհանրապես դասակարգված չէ հետազոտական ինստիտուտների շարքում), այլ նաև աշխարհի լավագույն հետազոտական ինստիտուտների 7000-յակում դասակարգված չէ։

Սա վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե «V-Dem»-ի տվյալները կարևոր են և խոսում են մեր միջազգային վարկանիշներում արձանագրած հաջողությունների մասին, չեն համապատասխանում իրականությանը և մանիպուլյատիվ են, քանի որ Շվեդիայում և աշխարհում հետազոտական կենտրոնների շարքում որևէ դասակարգում չունեցող ինտստիտուտի տվյալները չի կարող լուրջ նշանակություն ունենալ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի համար։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում խոսել է այս տարի ինստիտուտի կողմից հրապարակված «ժողովրդավարության զեկույց 2020»-ի մասին, որը ներկայացնում է աշխարհի պետությունների 2019 թվականի գրանցած արդյունքները լիբերալ դեմոկրատիայում։ Հեղինակները զեկույցն անվանել են «Ավտոկրատացման ալիք. դիմադրությունն աճում է»։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը լիբերալ դեմոկրատիայի ցուցիչով աշխարհում զբաղեցնում է 42-րդ տեղը, իսկ դրա բաղադրիչներն ունեն հետևյալ տվյալները՝ ընտրական ժողովրդավարություն՝ 35-րդ տեղ, ազատական բաղադրիչ՝ 61-րդ տեղ, իրավահավասարության բաղադրիչ՝ 40-րդ տեղ, մասնակցության բաղադրիչ՝ 55-րդ տեղ և խորհրդակցական բաղադրիչ՝ 31-րդ տեղ։

Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերի ընթացքում ներկայացնելով 2019թ.-ին վերաբերող այս ցուցանիշները, դրանք համեմատել է այլ ցուցանիշների հետ՝ չնշելով, թե որ տարվա ցուցանշիների հետ է համեմատում՝ շեշտելով միայն, որ այդ բաղադրիչներով Հայաստանը որոշակի քանակով առաջընթաց է գրանցել։ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը լիբերալ դեմոկրատիայի վերը նշված 5 բաղադրիչներում, համապատասխանաբար, 117-րդ տեղից տեղափոխվել է 35-րդ տեղ՝ արձանագրելով աճ 82 կետով, 125-րդ տեղից տեղափոխվել է 61-րդ տեղ՝ արձանագրելով աճ 64 կետով, 63-րդ տեղից տեղափոխվել է 40-րդ տեղ՝ արձանագրելով 23 կետով առաջընթաց, 105-րդ տեղից տեղափոխվել է 55-րդ տեղ՝ արձանագրելով 53 կետով առաջընթաց և 113-րդ տեղից տեղափովել է 31-րդ տեղ՝ արձանագելով 82 կետով առաջընթաց։

Մինչդեռ «V-Dem»-ի 2019 թվականի նույն զեկույցում Հայաստանի համար ներկայացված տվյալները չեն համապատասխանում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերին։

Համաձայն 2019թ. զեկույցի՝ 2018թ.-ին Հայաստանը լիբերալ դեմոկրատիայի ցուցիչով աշխարհում զբաղեցրել է 99-րդ տեղը, իսկ դրա բաղադրիչներն ունեցել են հետևյալ տվյալները.

  • ընտրական ժողովրդավարություն՝ 102,
  • ազատական բաղադրիչ՝ 107,
  • իրավահավասարության բաղադրիչ՝ 41,
  • մասնակցության բաղադրիչ՝ 107,
  • խորհրդակցական բաղադրիչ՝ 55։


Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ներկայացրել է զեկույցներում առկա ոչ ճշգրիտ տվյալներ՝ փորձելով ցույց տալ ավելի մեծ առաջընթաց՝ նախորդող տարվա համեմատ։

Բացի այդ, ընդհանրապես և առավել ևս համաճարակային այս իրադրության պայմաններում անհայտ և ո՛չ Շվեդիայում, ո՛չ էլ աշխարհում որևէ վարկանիշ չունեցող հետազոտական ինտիտուտի տվյալները ներկայացնելը հարիր չէ կառավարության ղեկավարին։ Այդ քայլով Նիկոլ Փաշինյանը որոշակի դիվիդենտներ  է հավաքում ներքին լսարանի առաջ, սակայն անհայտ կառույցի տվյալները մեծ ոգևորությամբ ներկայացնելը միանշանակ հակառակ ազդեցությունը կունենա՝ բացասաբար ազդելով Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը