Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաներն ու ստերը չեն օգնում. 7-րդ գումարման ԱԺ-ում միայն Սիմոնյանը ավելի քան 7 միլիոն դրամ պարգևավճար է ստացել

article-image

8-րդ գումարման Ազգային ժողովում իշխանական ֆրակցիան այս անգամ մի փոքր դժվարությունների է հանդիպում, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարան են բերել հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրներ և շատ դեպքերում հաջողության են հասնում ու մերկացնում իշխանական պատգամավորների ստերը և մանիպուլյացիաները:

Այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հերիքնազ Տիգրանյանի հարցուպատասխանի ընթացքում խոսակցության առանցքը դարձյալ պետական համակարգում և Ազգային ժողովում պատգամավորների պարգևավճարների թեման էր:

Իշխանական պատգամավորները հերթական անգամ փորձեցին չքմեղանալ` տարբեր պատճառաբանություններ և հիմնավորումներ բերելով, սակայն գլխավոր արդարացողը այս անգամ նույնպես Ազգային ժողովի նախագահ դարձած Ալեն Սիմոնյանն էր:

Իր բազմաթիվ արտահերթ ելույթներից հերթականում Ալեն Սիմոնյանը անընդհատ շեշտում էր. «120 հազար դրամ» գումարի չափը` որպես ստացած պարգևավճար: «Լրատվամիջոցները վերցնում են, 30-50-120 հազար դրամները գումարում են իրար, բազմապատկում են 12-ի, վերածում են դոլարի և «20 մլն դոլար պարգևավճար» վերնագրով դնում են»:

Ալեն Սիմոնյանը մինչև այս էլ հասցրել էր բողոքել պարգևավճարների վերաբերյալ հանրային քննարկումներից և քննադատություններից:

Օրինակ` դեռևս փետրվարին «Հրապարակին» տված իր հարցազրույցներից մեկում Ալեն Սիմոնյանը, նշելով, որ պարգևավճարների մասին խոսակցությունները բոլորին «ծնգլ» են արել, հայտարարել էր, թե ինքը պարգևավճար չի ստացել:

AntiFake.am-ը այդ ժամանակ հրապարակել էր Ալեն Սիմոնյանի ստացած պարգևավճարների հանրագումարը:

Նախ ևս մեկ անգամ փաստենք, որ համաձայն ԱԺ աշխատակազմի` AntiFake.am-ի հարցումների պատասխանի` 2019թ. ապրիլից մինչ 2020թ. ապրիլի 21-ի դրությամբ որևէ պատգամավոր չի հրաժարվել իր հասանելիք պարգևավճարից:

Ալեն Սիմոնյանը հարցը մանիպուլացնում է` նշելով, թե հրապարակվող թվերի մեջ, ի թիվս պատգամավորների հաշվարկվում է նաև ԱԺ աշխատակազմի ստացած պարգևավճարները:

Սակայն միայն Ալեն Սիմոնյանը, երբ 2019-2021թթ. ընթացքում զբաղեցնում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, 2019 թվականին ստացել է 5.509.462 դրամի պարգևավճար, իսկ 2020 թվականին` 1.527.834 դրամի պարգևավճար:

Ընդհանուր առմամբ` Ալեն Սիմոնյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի փոոխոսնակի պաշտոնում ստացել է նվազագույնը 7.037.296 դրամ պարգևավճար:

Հատուկ պետք է շեշտենք, որ Սիմոնյանի ստացած պարգևավճարներն այսքանով չեն սահմանափակվում, քանի որ 2020թ. սկսած պարգևատրումների վերաբերյալ կարգադրությունների հավելվածներն ու որոշ դեպքերում խրախուսվող գումարի չափն այլևս չի հրապարակվում ԱԺ աշխատակազմի կողմից (օրինակ):

Ինչպես կարելի է նկատել, ավելի քան 7 միլիոնն ու 120 հազար դրամը, ինչպես նշում է Ալեն Սիմոնյանը, բավական հեռու են միմյանցից:

Արձանագրենք նաև, որ Ալեն Սիմոնյանին, որը հայտնի է իր բազմաթիվ ստերով ու մանիպուլյացիաներով, ինչպես նաև աղմկահարույց սկանդալներով, չի սաստում նույնիսկ իր` Ազգային ժողովի նախագահ լինելու հանգամանքը:

Ի դեպ, դեռևս 2019 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը միայն դեկտեմբեր ամսին 2,976,300 դրամ պարգավճար էր ստացել: Ազգային ժողովի տեղակալներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Վահե Էնֆիաջյանն էլ միայն դեկտեմբեր ամսին որպես պարգևավճար յուրաքանչյուրը ստացել էին 2,222,304 դրամ:

Այնպես որ Ալեն Սիմոնյանի համար հարմար նախադեպ ստեղծվել է և, ինչպես այսօր Հերիքնազ Տիգրանյանն էր հեգնում ընդդիմադիր պատգամավորին` «Բարի գալուստ ցոփ ու շվայտ կյանք»:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն